Առակներ 3.9-17
9 Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, 10 որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն: 11 Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, 12 քանզի Տէրը ում սիրում, նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի: 13 Երանի՜ այն մարդուն, որ իմաստութիւն կգտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կստանայ, 14 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը: 15 Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16 քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ: Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն: 17 Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան:
Եսայի 66.12-16
12 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց: 13 Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում: 14 Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի ծաղկեն»: Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին: 15 Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16 քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից:
Ա Տիմոթեոս 3.14-16
14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կգամ: 15 Իսկ եթէ ուշանամ, դու կիմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծոյ տան մէջ, որ կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան: 16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով:
Ավ. ըստ Հովհաննեսի 10.22-42
22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ՝ Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կտամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամէնքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: 31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուեցի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծոյ տեղ ես դնում»: 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. “Ես ասացի, թէ աստուածներ էք”: 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծոյ խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն, ում Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծոյ Որդի եմ: 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: 39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը՝ այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: 41 Շատերը նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ է»: 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան: