Այսօր ուրախացավ երկինքը, և ցնծաց երկիրը։ Այսօր բարգավաճելով պայծառացավ Սիոնը՝ Մայր Եկեղեցին։ Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։ Արփիափայլ ճառագայթներով փայլելով պայծառացավ Երուսաղեմում, արեգակից ավելի շլացուցիչ փայլելով՝ զարդարվեց և հրանյութ, բոցաճաճանչ ճառագայթներով լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա։ Եվ նրա գերահրաշ ու սոսկալի փառքից զարհուրելով դողացին սանդարամետականների լեգեոնները, քանզի նայեցին ու Խաչի վրա տեսան Աստծո անմահ, անժամանակ ու էակից Որդուն՝ ճշմարտապես մարդացած ու բազուկները փայտին գամերով մեխված։
Անմարմինների սուրբ հույլերը՝ հրեշտակների բանակները՝ ահով ու հիացմունքով, սերովբեները՝ շփոթի մատնված, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները սքանչացած՝ զարմանքով էին լցվել։ Արեգակը, չտանելով իր Արարչի չարչարանքները, իր ոսկեճաճանչ ճառագայթները հետ էր քաշել։ Լուսինը ծածկվելսուզվել էր քողի տակ, և աստղերի հրճվալից բազում բույլերը չքացելանհետացել էին։ Կարծր ու անտաշ վեմերը ճաքումբացվում էին, և թանձրամած երկիրն ու այն լցնող արարածները դողումերերում էին և ողբում հրեա ազգի կուրությունը, քանզի աստվածամարտ դարձավ և Իսրայելի փրկությունը չճանաչեց։
Իսկ մեզ՝ Աստվածորդուն հավատացողներիս ու երկրպագողներիս, շնորհվեց բերկրալից ծառ ու փրկության նշան՝ բարձրացած և զանազան ծաղիկներով ու անթառամ տերևներով լցված, անպատմելի ու հրաշափառ տեսքով. տեսակ-տեսակ պարգևներ բաշխող ծա՛ռ և արմատ, որի միջոցով Սիրո աստվածային շնորհն աշխարհում տարածվեց ու աղբյուրացավ։ Ամեն կողմ տարածված ոստե՛ր, որ բարձրացաք Գողգոթայի սուրբ ջրերի վրա՝ հովանի դառնալով ողջ աշխարհին։ Երուսաղեմում հայտնված ծիլե՛ր, որ մարդկային քաղցած ցեղին հագեցրիք երկնքից իջած ու ձեզ վրա որպես ընծա մատուցված Հացով։ Փրկության նշա՛ն, որ մերկացած Նախաստեղծին պճնազարդելով փայլեցրիր։ Մեծարելի ծա՛ռ, որ հարստացրիր սնանկացած մարդկությանը։ Ծա՛ռ, որ ուրախություն պարգևեցիր առաջին դառնությունը ճաշակածներիս։ Կյանք պարգևող ծա՛ռ, քեզնով Աստծո իմաստության ծածկված գանձը հայտնվեց և տրվեց մարդկային ցեղին։ Քանզի դո՛ւ, ո՛վ Կյանքի սուրբ ծառ, հրեաների կողմից թշնամանքով տնկվելով՝ աշխարհն ազատեցիր Ադամի անեծքից։ Գեղեցկորեն պարելով քաղցրաձայն գովերգում են քեզ բոլոր ազգերն ու ցեղերը, քանզի դու սուրբ Գողգոթայի վրա կանգնեցիր և պտուղներ տալով՝ դեպի վեր՝ դեպի երկինք բարձրացրիր նրանց, ովքեր ճաշակում են քո փրկավետ ճյուղերի պտուղներից։
Դո՛ւ, ո՛վ սուրբ ծառ, մեղավորների պարտամուրհակը պատռեցիր և երկնավոր Հոր որդեգրությանը կանչեցիր նրանց։ Կանգնեցիր՝ տնկվելով ուրացողների կողմից, և լուսավորելով փրկեցիր հավատացողներին։ Քո միջոցով, ո՛վ անմահագործ ծառ, երկնային դռները հաստատուն կերպով բացվեցին, և քո միջոցով ներքև իջած անմահների զորքերը մարդկանց հետ գովերգում են քեզ։
Քեզնով, ո՛վ Կյանքի ծառ, կապանքների մեջ առնվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները։ Քո միջոցով, ո՛վ ամենօրհնյալ անպարտելի նշան, մահվան հզորացած իշխանությունը թուլացավ ու խափանվեց, ծովացած մեղքերի սաստկացած բռնությունը վերացվեց, և մաքրվելով բացվեցին արդարության ու ճշմարտության բազմապիսի ճանապարհները։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, մարդկային հողանյութ ցեղին բարձրացնելով՝ հրեշտակների հետ կարգեցիր, քանզի հրեշտակներն ու մարդիկ միասնաբար գեղեցկորեն պարում ու հոգևոր երգեր են երգում հարսնացած սուրբ ընդհանրական Եկեղեցում։ Որովհետև Բարու և չարի գիտության ծառի միջոցով մահանալով՝ հավերժական կյանքից զրկվեցինք, իսկ քո միջոցով, ո՛վ ամենօրհնյալ սուրբ ծառ, վերստին նույն պայծառությանն ենք հասնելու՝ դեռ ավելի հրաշափառ կերպով, քան սկզբում։
Նախաստեղծն իր ձեռքը Չարի ու բարու գիտության ծառին երկարեց՝ մեզ դեպի մահը տանելով, և ամաչելով մերկացավ փառքից ու խիտ անտառի ծառերի մեջ՝ սաղարթների տակ, թաքնվեց, իսկ անճառելի Խոսքն Աստված աշխարհին կյանք պարգևող Իր բազուկները քեզ վրա տարածեց։ Կենդանարար սո՛ւրբ ծառ, վերստին զգեստավորեցիր մարդկային մերկացած ցեղին՝ ըստ այս խոսքի. «Ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսին հագան»՝ (Գաղատ. 3:27) զարդափայլելով անկողոպտելի պատմուճանով։ Ադամը ճաշակեց ծառի պտղից ու հեռացվեցվտարվեց հրաշալի դրախտից, սերովբեները տենչալի Կյանքի ծառը փակեցին նրա աչքից, իսկ հավատացյալներս ճաշակեցինք քեզ վրա պատարագված Կյանքի Պտղին, ո՛վ պանծալի սուրբ ծառ՝ աներկյուղ մոտենալով ու հպվելով տենչալի Կյանքի ծառին։
Դո՛ւ, ո՛վ ամենօրհնյալ սուրբ ծառ, լուսատու ես աշխարհի և պահապան քրիստոնյաների։ Դո՛ւ, ո՛վ ամենասուրբ անպարտելի նշան, առաջնորդ ես կույրերի և լույս՝ խավարածների համար։ Դո՛ւ, աշխարհին կյանք տվող սուրբ ծառ, ճանապարհ ես մոլորվածների համար և կորսվածներին դեպի ճշմարտության ճանապարհն ու փրկության շավիղները վերադարձնող։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, աղքատներին հարստացնում ես և խոնարհներին բարձրացնում, դու հարուստներին կշտամբում ես և մեծատուններին սանձահարում։ Դո՛ւ, փրկագործ ծառ,արդարներին պահպանում ես և մեղավորներին ապաշխարության բերում։ Դո՛ւ, փրկության ամենօրհնյալ ծառ, բանսարկուին վտարելով դատապարտեցիր և նրա խավարաբնակ լեգեոնն ու դիվագունդ բանակը հեռու քշելով՝ վանեցիր ու միշտ հալածում ես մեզանից՝ քեզ սիրողներից ու երկրպագողներից։ Դու անպարտելի զենք ես ընդդեմ աներևույթ աղեղի, դժոխքն ավերեցիր և նրանում բանտվածներին փրկեցիր։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ նշան, բարի շառավիղ ես, որ նավագնացներին առաջնորդում և վտանգվածներին հասցնում ես խաղաղ ու ապահով նավահանգիստ։ Դո՛ւ, սուրբ նշան, որպես անպարտելի զորավար՝ պատերազմի դաշտում պահպանում ես զինվորներին և ամենքի մասին հոգ տանելով՝ զորացնում, գլորվածներին կանգնեցնում, ցրվածներին ժողովում։ Դու ընդհանրական սուրբ Եկեղեցու պարծանքի պսակն ես, թագավորներին պսակում ես՝ ոսկեհուռ զարդարելով ու պճնելով։ Դո՛ւ, ազատարար սուրբ ծառ, ծառայությունից փրկում ես, հիմարներին իմաստնացնում, անմիտներին խոհեմ ու հանճարեղ դարձնում և անօրեններին՝ օրենսգետ։
Ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, մարգարեները հեռվից քեզ քարոզեցին, և երջանիկ առաքյալները քո միջոցով ահարկու դարձան դևերի համար։ Սուրբ վկաները քեզնով հաղթեցին անօրեն բռնակալներին, և անապատաբնակները քեզնով կրոնավորելով՝ պահպանվում են։ Սուրբ ու պարկեշտ կույսերը քեզնով զգաստանում են, և քահանաները՝ քեզնով բարեկարգ դառնում։ Դո՛ւ, ամենապանծալի սուրբ ծառ, սուրբ Եկեղեցու հիմքում զետեղված հավատքի վեմն ես, աշխարհի համար ամուր պարիսպ և կռապաշտությունն ավերող։ Դու հրեաների համար կործանում եղար և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ քեզ երկրպագողներիս համար կլինես պարծանքների պարծանք, երբ արփիափայլ ճառագայթներով երևաս արևելքից՝ գալով երկնքի ամպերով ու հաղթելով արեգակի ճառագայթներին, և անհավատների համար հաստատես անշեջ ու մշտաբորբոք հնոցը, իսկ քեզ երկրպագողներին երկնքի ամպերով վեր հանելով՝ թևերիդ վրա բարձրացնես Վերին Երուսաղեմ։ Քեզնով ցնծում է երկինքը, ուրախանում երկիրը, բերկրում Սիոն Մայր Եկեղեցին, քեզնով բարգավաճելով պա-յծառանում է մարդկային ցեղը։ Քեզ օրհնում են հրեշտակները, և գեղապանծ ձայնով քեզ բարեբանել ենք կամենում, սակայն չենք կարողանում, քանզի աղքատիմաստ ու տկարաձայն ենք, գիտության մեջ թերի, որովհետև դու Լիբանանի մի ծաղիկ ես և մի բարձր ծառ, որն Աստվածության անկրելի Կրակը կրեց իր վրա։
Դու անպարտելի սեղան ես երկնքից իջած անմահարար Հացի համար, ինչի մասին Երեմիա մարգարեն կանխատեսաբար ասաց. «Եկեք ոչնչացնենք ծառն իր պտղով և ողջերի երկրից վերացնենք նրան, թող նրա անունը այլևս չհիշվի» (Երեմ. 11:19)։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, չորս տեսակ ծառերից հավաքելով՝ կազմեցիր Խոսքին կրողին ու բոլոր էակներիս լինելությունը, ինչպես որ Եսային քո մասին խոսելով՝ ասաց. «Դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով» (Եսայի 50:13), և տաշվելով՝ չորսթևանի պատրաստվեցիր և քեզ վրա կրեցիր քերովբեների վրա Նստածի մարմինը։ Մեր նյութական ու քառատարր բնությանն անճառելիորեն միացած, մեր կերպարանքն առած անպարագրելի ու աննյութ Աստվածը մեզ համար քեզ վրա բարձրացավ, և Աստվածորդու աշխարհակեցույց արյունը քեզ վրայով հոսելով իջավ ու աշխարհը մեղքից մաքրագործեց։
Դու մեզ շնորհվեցիր որպես չբթացող զենք՝ սրված Տիրոջ անապական արյամբ։ Քանզի դու ես հույսն ու ապավենը մարդկային ցեղի, որ մեր դատապարտության կնիքը վերացրիր՝ մեզ փրկելով անմարմին Լաբանի աղեղի տեսիլքից, որի մասին Դավիթ երանելին կանխատեսաբար ասում է. «Քեզանից երկյուղածներին նշան տվեցիր, որպեսզի փրկվեն աղեղից» (Սղմ. 59:6), նաև՝ «Մեզ ցույց տրվեց Քո երեսի լույսը, և ուրախություն պարգևեցիր մեր սրտերին» (Սղմ. 4:7), ինչպես նաև՝ «Տո՛ւր զորություն Քո ծառային և բարի նշա՛ն ցույց տուր ինձ» (Սղմ. 85:16)։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, դու դրախտի մեջ եղած Կյանքի ծառից էլ բարձր ու հրաշափառ ես. քանզի այն չկարողացավ նախաստեղծին վերադարձնել գեղազարդ ու տենչալի դրախտը, և հրեղեն սուրը շրջապատելով պահում էր դեպի Կյանքի ծառը տանող անձկալի ճանապարհը՝ Նախաստեղծից հեռացնելով և նրա առաջ ուրախալի դրախտի մուտքը փակելով, իսկ դու Խոսք Աստծո, քեզ վրա վերցնելովբացեցիր դրախտի՝ սերովբեներով փակված դուռը և այն շրջապատող կրակը հեռացնելով՝ ավազակի միջոցով մարդկային ցեղի համար ճանապարհ հարթեցիր դեպի բաղձալի Կյանքի ծառը։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի դրախտի բոլոր ծառերից մեծ ու արփիափայլ ես։ Երբ նախահայրը, օձի միջոցով խաբվելով, ճաշակեց պտուղը, դուրս գցվեց հավերժական կյանքից և փայլակնացայտ փառքից մերկանալով՝ անտառախիտ դրախտի ծառերի սաղարթների տակ թաքնվեց։ Իսկ դու այն Աստծուն, Ով երեկոյան դեմ իջնելով քայլում էր դրախտում և հարցրեց. «Ո՞ւր ես, Ադա՛մ», մեզնից վերցրած մարմնով՝ մերկ ու բազկատարած, քեզ վրա կրեցիր, որպեսզի մերկացած Ադամին քողարկի առավել հրաշափառ կերպով, քան դրախտում։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի ամենքի Արարիչը, Ով վեց օրում գոյացրեց արարածներին, վեցերորդ դարում և ուրբաթ օրվա վեցերորդ ժամին քեզ վրա բարձրացավ, որպեսզի պտուղն օձի խաբեությամբ կերած լինելու պատճառով մեռած Ադամին վերադարձնի դեպի Կյանքի ծառը։ Եվ Արարչի կողից բխած աղբյուրից քեզ վրայով տարածվեցին Եդեմի քառաճյուղ գետի ջրերը՝ չորս Ավետարաններով ոռոգելով ամբողջ աշխարհը։
Բարեբանվա՛ծ ես, փրկագործ ու աշխարհին կյանք պարգևած սո՛ւրբ ծառ, արտափայլած ճառագայթ, դու առավել ես, քան Նոյի արկղանման տապանը. քանզի այն միայն մի քանիսին փրկեց կուտակված ջրերից, իսկ դու ամբողջ աշխարհը փրկեցիր այս կյանքի մրրկածին ծփանքներից։ Եվ ոչ թե անբան աղավնին ձիթենու ճյուղով մատուցեցիր մեզ որպես փրկության առհավատչյա, այլ Սուրբ Հոգին աղավնակերպ իջմամբ մեզ դարձյալ ընծայեց որդեգրության կտակը՝ անվախճան, մշտնջենավոր կյանքի համար։
Բարեբանվա՛ծ ես, անմահացուցիչ սո՛ւրբ ծառ՝ առավել բարձրաբերձ, քան Մամբրեի կաղնին. քանզի այն միայն Աբրահամի վրանն էր իր հովանու ներքո առել, իսկ դու Աբրահամին երևցած, իբրև առհավատչյա՝ նրա զավակի ավետիսը տված և Սոդոմն ու Գոմորը կրակով այրած Աստծուն մարմնով քեզ վրա վերցրիր՝ հովանի դառնալով ամբողջ աշխարհին ու հեթանոսներին, մեզ համար դառնալով ապավեն,
առհավատչյա ու առաջնորդ դեպի Վերին Երուսաղեմ և դժոխքն ավերեցիր, ինչպես Սոդոմն ու Գոմորը։ Բարեբանվա՛ծ ես, կենդանատու և ազատարար սո՛ւրբ ծառ՝ առավել գերարփի, քան Սաբեկի ծառը. քանզի նա միայն Իսահակին փրկեց մորթվելուց ու հրկիզվելուց, շնորհեց հորը, և խոյը նրա փոխարեն ընծայաբերվելով պատարագվեց, իսկ դու Աստծո անարատ Գառին կախեցիր երկու եղջյուրներից՝ Հին և Նոր կտակարաններից, և միավորված աստվածությամբ ու մարդկությամբ գամված է Խաչին։ Տնօրինաբար պատարագելով ընծայեցիր աշխարհին, մարդկանց ազատեցիր մահվանից ու հողեղեններիս ընծայեցիր Հոր փառքին։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ փրկագործ, տենչալի սո՛ւրբ ծառ, քանզի քո նախօրինա՛կը տեսավ նահապետ Հակոբը սանդուղքի միջոցով, որի հիմքը երկրի վրա էր դրված, և գլուխը հասնում էր երկինք, Տերը նրա վրա էր հաստատված, և Աստծո հրեշտակները բարձրանում ու իջնում էին նրանով։ Եվ տեսիլքն այդպես մնաց մինչև արևածագ։ Հակոբն այդ վայրն անվանեց Բեթել, այսինքն՝ Աստծո տուն, և այդտեղ արձան կանգնեցրեց ու յուղով օծեց։ Իսկ դու կանգնեցվեցիր երկրի վրա՝ Գողգոթայում, կառափնատեղիում, որտեղ գտնվում է առաջին մարդու շիրիմը, գլուխդ մինչև երկինք բարձրացավ, և անժամանակ Աստվածը, պատվական Վեմը, Անկյունագլուխը, մարմնին միացած ու Սուրբ Հոգով օծված, գամերով հաստատվեց քեզ վրա, և սուրբ հրեշտակները քո միջոցով երկիր իջան, իսկ քեզ երկրպագող մարդիկ հրեշտակ դառնալով՝ բարձրանում են մինչև անմահների զորքերը։ Իսկ դու՝ որպես աշխարհի պահապան, կանգնած ես մնում մինչև Արդար Արեգակի՝ հայրական իշխանությամբ հայտնվելը, որի կարապետը դու ես։
Բարեբանվա՛ծ ես, տենչալի ու փափագելի ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի սուրբ նահապետ Հակոբը, ինչ որ ժամանակ հարստահարվելով Լաբանից, քո սուրբ զորությանն ապավինեց և իբրև քո նախօրինակ՝ խազավորված երեք ճյուղ դրեց ավազանների մեջ, և դրանց մոտ բոլոր անասունները խայտապիսակ էին ծնվում։ Իսկ քեզ ներկեց Աստծո անմահ Խոսքի արյունը՝ հոսելով Նրա կողի աղբյուրից, և քո պատկերը
կնքելով Մկրտության սուրբ ավազանի մեջ՝ քո նշանով մկրտում են ամբողջ աշխարհը՝ ընդունարան դառնալու համար Սուրբ Երրորդությանը։ Այսպիսով հափշտակում ես անմարմին Լաբանից, կանչում դեպի կյանքը և ամենքի մեջ դրոշմում Երեքանձնյա Տերությունը։
Բարեբանվա՛ծ ես, բաղձալի ու ցանկալի, աշխարհակեցույց սո՛ւրբ ծառ, քանզի հրաշագործ գավազանի միջոցով արտահայտված քո սքանչելի զորությամբ Մովսեսը տասը հարվածներով կշտամբեց ու հանդիմանեց Եգիպտոսին, գառների արյամբ ներկեց Իսրայելի որդիների տների շեմը և փրկեց ժողովրդին առաջնածինների սատակումից։ Իսկ դու հարվածեցիր մահվան իշխանությանն ու դժոխքի պետությանը, և Խոսքն Իր անապական արյամբ, որ քեզ վրա հոսեց, մեր հոգու և մարմնի մեջ է դրոշմվում՝ փրկելու մեզ գալիք բարկությունից, որը պահվում է սատանայի ու նրա գործակիցների համար՝ ըստ Աստծո արդար դատաստանի։
Բարեբանվա՛ծ ես գերապանծ կերպով, արփիափա՛յլ քառաթև, աստվածընկալ սո՛ւրբ նշան, քանզի Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող մի գավազան պատրաստեց, նրանով հարվածելով բաժանեց Կարմիր ծովի անդնդային խորությունները և փողոցանման ճանապարհ հարդարեց եբրայեցի ժողովրդի համար, մինչդեռ խրոխտացած փարավոնն իր զորքով ու նրա կառքերով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովը։ Իսկ դու մեզ համար որպես մկրտության ավազան բացեցիր Հորդանանի հոսանքները և հավատացյալներին առաջնորդելով՝ փոխադրում ես Վերին Երուսաղեմ։ Եվ համառ Վիշապի՝ անմարմին Փարավոնի գլուխը ջախջախելով փշրեցիր՝ իր լեգեոնով հանդերձ տարտարոսը գցելով նրան։
Բարեբանվա՛ծ ես, քառաթև, լուսածին, գերապա՛նծ նշան, քանզի Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող փայտը գցեց Մեռայի դառն ջրի մեջ՝ քաղցրացնելով ու համեղացնելով այն, և դրանով հագեցրեց եբրայեցի ժողովրդի սաստիկ ծարավը։ Իսկ քեզ վրա աղբյուրացած կենդանի ջուրը՝ հոսած Տիրոջ կողից, մաքրագործեց բոլոր ջրերի բնությունը և սուրբ ավազանի արգանդը բանալով՝ քաղցրացրեց անիծաբեր ծառի դառնությունը՝ կյանքի փոխարկելով։
Բարեբանվա՛ծ ես, հրաշակերտ ու լուսազարդ աստվածընկալ սո՛ւրբ ծառ, քանզի օրինադիր Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող գավազանով հարվածեց ապառաժին՝ կարծր ու անտաշ վեմին, և ջրի անսպառ վտակներ բխեցին՝ հագեցնելով Իսրայելի զավակներին։ Իսկ քեզ վրա բխեց Տիրոջ կողից ելած աղբյուրը, և ամբողջ աշխարհը խմեց անապական բաժակից ու լցվեց հորդառատ վտակներով, ինչը ցույց է տալիս Պողոսը. «Նրանք խմեցին իրենց հետևից գնացող վեմից, իսկ վեմն Իսրայելի Աստվածն էր՝ Ինքը Քրիստոսը» (Հմմտ. Ա Կոր. 10: 4)։
Բարեբանվա՛ծ ես, սո՛ւրբ ծառ, քառասայր հրաշալի զե՛նք՝ Անստեղծի արյամբ չբթացող կերպով սրված, ապաստանի՛ քաղաք, քանզի մեծն Մովսեսը լեռան վրա իր բազուկները քո նմանությա՛մբ տարածեց ընդդեմ Ամաղեկի, դո՛ւ էիր իսրայելյան բանակի պահապանն ու ապավենը, որով այն կործանեց թշնամուն։ Իսկ անսկիզբ, ճշմարտապես մարդեղացած Խոսքն Աստված Գողգոթայի սուրբ լեռան վրա Իր անարատ ու աշխարհակեցույց բազուկները տարածեց և հաղթելով պատժեց անմարմին Ամաղեկին՝ աշխարհը վերակոչելով դեպի փրկություն։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ ու զարդափա՛յլ սուրբ ծառ, քանզի մեծն Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող պղնձե օձը ձողին հագցնելով՝ վերացրեց եբրայեցի ժողովրդին հասած հարվածը՝ օձերի դառն թույնը, երբ ժողովուրդը նայում էր ձողին դրված օձին։ Իսկ ովքեր ճշմարիտ հավատով դեպի քեզ են նայում ու մտքի աչքով տեսնում Փրկչին քեզ վրա, ազատվում են Վիշապի դառնաշունչ թույներից, ով մեղքերով վիրավորում է մարդկանց հոգին. ինչպես գրեց երանելի Մովսեսը. «Ձեր Կյանքը ծառից կախված կտեսնեք» (հմմտ. Բ Օր. 28:66)։ Եվ Ահարոնի՝ քո նախօրինակը հանդիսացող գավազանը ծաղկեց և ընկույզ տվեց, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, և ընկույզն ամբողջապես պարարտ յուղ է տալիս, որը բորբոքում է ճրագի լույսը։ Իսկ քեզ վրա ծաղկած գավազանը՝ ելած Հեսսեի արմատից, պարարտ յուղով լուսավորեց խավարում բնակվող հեթանոսներին։
Ո՛վ սուրբ քառաթև, դո՛ւ ես առաջնորդող գավազանը, արքայության գավազա՛նն ընդդեմ թշնամու։ Բարեբանվա՛ծ ես,
աշխարհակեցո՛ւյց սուրբ ծառ, քանզի դո՛ւ ես Սիոնից ուղարկված և հակառակամարտ թշնամուն տիրած զորավոր գավազանը։ Նավեի Հեսուն իր գայիսոնը շարժելով կործանեց Գայի քաղաքը, իսկ անժամանակ Աստվածը, Իր ձայնը հնչեցնելով, քեզ վրա բարձրացավ, դժոխքի վրա հարձակվեց, ավերեց սատանայի ամբողջ մթերածը և գերվածներին հանեց բարձրացրեց դեպի հավիտենական կյանքի հույսը։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ ու աշխարհակեցո՛ւյց սուրբ ծառ, Երուսաղեմում բարձրացած լե՛ռ, քանզի Դավիթը քո մասին ասաց. «Աստծո լեռը պարարտ լեռ է, հաստատուն ու պարարտ լեռ, որը հավանեց Աստված՝ բնակվելու նրա վրա, և կբնակվի այնտեղ մինչև վերջ» (հմմտ. Սղմ. 67:16-17)։ Քանզի Աստծո զորությունն անբաժանելի ու անքակտելի է կենդանարար սուրբ Խաչից, չի վերցվում ու չի անջատվում նրանից։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի սերովբեների թագավորն ու հոգեղեն պետությունների Իշխանը կամեցավ բնակվել քո քառաթև սեղանին՝ համաձայն Դավթի հետևյալ խոսքի. «Ելավ բարձունքներն ու գերիներ վերցրեց, ավար առավ ու պարգևներ բաշխեց մարդկանց որդիներին» (Սղմ. 67:19)։ Քանզի ամենքի Աստվածը բարձրացավ այս բարձր դիտանոցը՝ փայտե նյութական սուրբ Խաչի վրա, հարձակվեց դժոխքի վրա և գերեվարվածներին ազատություն պարգևեց։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ Խաչ, քանզի քո մասի՛ն ասաց Սողոմոնը. «Կյանքի ծառ է նրանց համար, ովքեր իրենց հույսը նրա վրա են դնում և ապավինում նրան, ինչպես Տիրոջը» (Առակ. 3:18), այլև՝ «Օրհնված է այն ծառը, որով եղավ Աստծո փրկությունը» (հմմտ. Իմաստ. Սողոմոնի 14:7)։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի Եսային քո մասի՛ն կանխագուշակելով ասաց. «Իր դատաստանը կանի, և հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն» (Եսայի 42:4)։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի դու երկրի մեջտեղում տնկվեցիր՝ դատապարտելու հրեաներին, և քո թևերի հովանու ներքո հանգստացան բոլոր հեթանոսները։ Եսային դարձյալ քո մասին է ասում, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ. «Մանուկ ծնվեց մեզ համար՝ Աստված, հզոր Իշխան, գալիք աշխարհի Հայր, Ում իշխանությունն Իր ուսերին է» (Եսայի 9:6)։
Քանզի կատաղած հրեաներն ամենքի Աստծուն տանում էին սուրբ Գողգոթա, և Նա Ինքն էր կրում Խաչափայտը՝ Իր ուսին, որի վրա առավ մոլորված ոչխարին՝ մարդկային մեր բնությունը։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, կա՛ռք Աստծո, ինչպես որ Ամբակումն է ասում. «Դու Քո կառքը բարձրացար, և Քո հեծյալ լինելն ազգերի փրկությունը դարձավ» (հմմտ. Ամբ. 3:8)։ Քանզի անմահների Արքան քեզ վրա բևեռվեց և պարտության մատնեց թշնամուն Իր աստվածահրաշ զորությամբ։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի Պողոսը քո հրաշափառ մեծ խորհրդի մասին գրում է. «Որովհետև Խաչի քարոզությունը կորուսյալների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա.Կոր.1:18)։ Աստվածային զորություններն անքակտելի ու անբաժան են քեզանից, և առաքյալը դարձյալ ասում է. «Բայց ինձ քավ լիցի պարծենալ մեկ այլ բանով, քան մեր Տեր Հիսուսի Խաչով» (Գաղ. 6:14)։ Քանզի դո՛ւ ես, քառաթե՛ւ. «Երկրի չորս ծագերում գտնվող ազգերի հովանին ու պահապանը ելնելիս ու մտնելիս, որ մեզ փրկում ես չար ոգիներից, մեզ համար ամուր պարիսպ ես, ապաստանի քաղաք և աստվածային դրոշմ՝ տպված ամենքի դեմքին» (շարական)։ Ամենքին պատրաստում ես լինելու աստվածային օթևան՝ մաքրափայլ խորհուրդով, և քեզանից արեգակնային ճառագայթներ են ելնում, ընդհանրական առաքելական Եկեղեցու փառքի պսա՛կ և Քրիստոսի դեմքի լո՛ւյս։ Քեզնով միշտ ուրախանում են վերին չորս պետությունները։ Քեզնով են կնքվելով մաքրվում մեր կերակուրն ու ըմպելիքը։ Դու ես մեր պահապանն օր ու գիշեր՝ կանգնելիս ու ընթանալիս, քնելիս ու արթնանալիս։ Դու ես ողջերի ու մեռյալների պահապանը։ Քո զորությանն ապավինելով և քեզ փափագելով՝ քո քառաթև ձևն ենք դրոշմում քարե, փայտե և այլ նյութերից պատրաստված առարկաների վրա և կանգնեցնում ու ընկնելով երկրպագում ենք աստվածազան սուրբ նշանիդ։ Դու ինչ-որ ժամանակ, երկնքից երևալով, զորացրիր սուրբ Կոստանդիանոսին։ Դու պատրաստվում ես գալ աշխարհի վախճանին արփիափայլ
ճառագայթներով՝ ահ բերելով թշնամիների վրա և պարծանք՝ քեզ երկրպագող հավատացյալներին։ Բարեբանվա՛ծ ես, ո՛վ սուրբ ու անպարտելի նշան, քանզի քո հաջորդ գալստյանը պիտի հաղթես արեգակի ճառագայթներին։
Որպես անձնավոր մեկի հետ խոսեցի քեզ հետ, ընդունի՛ր մեր շուրթերի պտուղը և իմ ներբողած խոստովանությունը որպես ողջակեզի խունկ և ինչպես այրու երկու լուման, ջնջի՛ր իմ հանցանքների գիրը, պատռի՛ր մեր մեղքերի պարտամուրհակը, մեզ շրջապատելով զորացրո՛ւ օր ու գիշեր և պահպանի՛ր տեսանելի ու անտեսանելի թշնամիներից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում փա՜ռք հավիտյանս. ամեն: