Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է ննջեցյալների հիշատակին: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ և անմահ Պատարագ, իսկ Պատարագի ավարտին Հոգեհանգստյան պաշտոն՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):
Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև՝ նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև՝ ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19): Սակայն սուրբ Պատարագը չի փրկում հեթանոսներին, անհավատներին և բոլոր նրանց, ովքեր անզիղջ ու անտրտում թավալվում են մեղքերի ու չարիքների մեջ և չեն հիշում դատաստանի օրն ու տանջանքների սարսափը: Այսպիսիների համար օգուտ չէ պատարագ մատուցելը կամ էլ ողորմություն անելը:
Հոգեհանգստյան աղոթքի դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը: