Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի,
Բուրաստան ծաղկախիտ կողմանցն հիւսիսի,
Նախկին լուսաւորիչ, պըսակ պանծալի,
Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:
Ո՜հ, մանկունք Սիօնի,
Պար առեալ ցընծացէ՛ք
Ի սոյն խնջոյքի:
Ընդարմացեալ բուսոց ջուր կենդանութեան,
Հոգւով տըրտմեցելոց բաժակ բերկրութեան,
Դու պարիսպ հավատոյ, նեղելոց պաշտպան,
Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:
Ո՜հ, մանկունք Սիօնի,
Պար առեալ ցընծացէ՛ք
Ի սոյն խնջոյքի:
Երգնակ աւետաբեր կենաց փըրկութեան,
Շուշան լուսատեսիլ գուշակող գարնան,
Ցուցար մեզ բարեաց շնորհ էական,
Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:
Ո՜հ, մանկունք Սիօնի,
Պար առեալ ցընծացէ՛ք
Ի սոյն խնջոյքի:
Զօրութեամբ սուրբ հոգւոյն զաշխարհ արարեր,
Թորգոմեանն ազգի լոյս մեծ ծագեցեր,
Սուրբ կոյսն Սանդուխտ յերկինս վերածեր,
Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:
Ո՜հ, մանկունք Սիօնի,
Պար առեալ ցընծացէ՛ք
Ի սոյն խնջոյքի:
«Առաւօտ լուսաբեր» տաղը կատարում է «Հայսմավուրք» երգչախումբը։ Խմբավար՝ Միհրան Ղազելյան։
Այս երգի խոսքերի հեղինակն է 19-րդ դարի սկզբի բառարանագիր, քերական, փիլիսոփա և մանկավարժ Գրիգոր Փեշտիմալճյանը (1774-1837): Երգի ստեղծման պատմությունը, ինչպես հաղորդում է Ռոբերտ Աթայանը , փոխանցում է Մանուկ Աբեղյանը՝ իր «Հայոց հին գրականության պատմության» 2-րդ գրքում: Նրանից իմանում ենք, որ Փեշտիմալճյանի ստեղծագործությունները նպատակ ունեին բավարարելու ժամանակի պահանջները: Եվ ահա, մի անգամ դեռ պատանի Մկրտիչ Խրիմյանը Գրիգոր Փեշտիմալճյանին ասում է, թե ինչու բոլոր սրբերին նվիրված ստեղծագործություններ գրել է, իսկ Թադևոս առաքյալին մոռացել է: Գրիգոր պատվելին պատասխանում է, թե Թադևոս առաքյալը շատ հեռու է ընկած, ուստի միտքը չի եկել: Այդ խոսակցությունից մի քանի օր անց Գրիգոր Փեշտիմալճյանը Մկրտիչ Խրիմյանին է բերում հայոց առաքյալին նվիրված մի բանաստեղծություն, որը սկսվում էր «Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի» խոսքերով, որի յուրաքանչյուր քառատողի վերջում ասվում է. «Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի»: Բանաստեղծության աղոթական խոսքերը շատ հավանում է Մկրտիչ Խրիմյանը, որից հետո մեղեդի է հորինվում և սկսում են երգել: Սա դառնում է Հայրիկի ամենասիրելի տաղերից մեկը:
Այս երգը գրվել է 1820-30-ական թվականներին, և դժվար է վստահաբար պնդել, որ մեղեդին այդ ժամանակից ի վեր պահպանվել է անփոփոխ: Սակայն հաստատ է, որ Սմբատ Հերթևցյանին պատկանած ձեռագիր «Ձայնագրեալ երգարանում», որ կրում է «1890-91 ամի, 10 փետրվարի, ի Գևորգյան ճեմարան» թվականը, այս երգը գրառված է նույն եղանակով, ինչ հայտնի է այսօր: Հավանական է, որ դա արդեն Կոմիտասի մշակած տարբերակն է, սակայն, բոլոր դեպքերում, Ռոբերտ Աթայանը վստահեցնում է, որ մեղեդին խիստ հնաբույր է:
«Առաւօտ լուսաբեր» երգը հաճախ կոչվում է տաղ, քանի որ ունի տաղերին բնորոշ կառուցվածքով ու ոճով, ինքնատիպ ու գեղարվեստական արժանիքներով աչքի ընկնող եղանակ:
Տարբեր հուշագրություններում սա համարվում է Կոմիտասի «առաջին երգը»: Այն թեև իսկապես, Կոմիտասի նախաբեռլինյան մշակումներից է, սակայն Ռոբերտ Աթայանը կարծում է, որ Բեռլինում ուսանելուց և վերադառնալուց հետո Կոմիտասը վերանայել է իր աշխատանքը:
Այժմ անդրադառնանք երգի բովանդակությանը. սա, ինչպես տեսանք, աղոթք է՝ ուղղված ըստ ավանդության 1-ին դարում Հայաստանում քրիստոնեություն սերմանած Թադևոս Առաքյալին: Երգողը նրան անվանում է հյուսիսային կողմերի ծաղկախիտ բուրաստանի՝ Հայաստան աշխարհի լուսաբեր առավոտ. նա պանծալի պսակ է, որը եղավ հայ ժողովրդի առաջին լուսավորիչը: Հեթանոս ժողովուրդը համեմատվում է ընդարմացող բույսերի հետ, որոնց համար կենարար ջուր եղավ Թադևոս առաքյալը, բերկրության բաժակ եղավ հոգով տրտմածներին, պաշտպանեց նեղյալներին՝ դառնալով հավատքի անխորտակ պարիսպ:
Կյանքի փրկությունն ավետող մի երգ է նա, ինչպես մահասփյուռ ձմեռվա ցրտերից հետո մոտալուտ գարուն ավետող և կյանքի հույս ներշնչող շուշան ծաղիկը՝ նման լույսի: Նա, կարծես, մի նոր աշխարh արարեց Սուրբ հոգու զորությամբ՝ Թորգոմյան ազգի վրա ծագեցնելով Աստծո լույսը: Նրա շնորհիվ արքայադուստր Սանդուխտն ընդունեց Քրիստոսի վարդապետությունը, որից հետո հայոց թագավոր Սանատրուկի հրամանով նահատակվեց Թադևոս առաքյալի հետ ու Երկինք բարձրացավ:
Եվ ամեն քառատողի վերջում, երբ թվարկվում են Թադևոս առաքյալի գործերը, տարբեր համեմատություններով ցույց է տրվում նրա կարևոր նշանակությունը հայ ժողովրդի համար, հարց է տրվում, թե այսքանից հետո ինչու է նա համեստաբար հեռու մնում և չի փայլում մյուս սրբերի շարքում: Որքան էլ նրա գործերը կատարվել են հեռու անցյալում, բայց դրանց պտուղները լի ու լի հասնում են նաև մեր օրերում: