Եսաի 14.3-17
3 Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր: 4 Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը: 5 Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը, 6 զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին: 7 Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ: 8 Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”: 9 Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում, միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել, եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից: 10 Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. “Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս”: 11 Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի: 12 Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետնին ու խորտակուեց: 13 Մտքիդ մէջ ասում էիր. “Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից աւելի վեր. կնստեմ բարձր լեռան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. 14 կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանուեմ Բարձրեալին”: 15 Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը: 16 Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. “Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին, 17 աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ”:
Բ Կորնթացիներ 10.18-11.10
10.18 քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում:
11.1 Լաւ կլինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կհանդուրժէք. 2 ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծոյ նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու, որպէս մի անբիծ կոյս, Քրիստոսին ներկայացնելու համար: 3 Բայց երկիւղ եմ կրում, թէ միգուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքն ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. 4 որովհետեւ եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ՝ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան: 5 Բայց ես այնպէս եմ կարծում, որ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից: 6 Թէպէտ եւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուեցինք ձեզ: 7 Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ՝ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ: 8 Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձեզ ծառայեմ: 9 Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտ եւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները: Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ, 10 որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը:
Ավ. ըստ Մարկոսի 10.1-12
1 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց: 2 Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուեցին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: 3 Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: 4 Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»: 5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառո՛վ գրեց այդ պատուիրանը, 6 մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»: 7 Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից: 8 Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: 9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան: 11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կլինի: 12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կլինի»: