Առակներ 23.15-25
15 Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: 16 Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին, միայն թէ դու ուղիղ խօսես: 17 Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ: 18 Եւ եթէ պահես, դու զաւակ կունենաս, եւ քո յոյսը չի կտրուի: 19 Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները: 20 Մի՛ եղիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, 21 որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի: 22 Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը: 23 Ճշմարտութի՛ւն ձեռք բեր եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը: 24 Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար: 25 Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ:
Օսեե 14.6-8
6 Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի, ինչպէս շուշանը, եւ իր արմատները կտարածի, ինչպէս լիբանոսը: Կընդարձակուեն նրա ճիւղերը, 7 նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր: 8 Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ:
Բ Կորնթացիներ 6.16-7.1
6.16 Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:
7.1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Ավ. ըստ Ղուկասի 6.20-23
20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ: