Գ. Խորշելով այս ծայրահեղություններից էլ` Հայաստյանյայց Ս. Եկեղեցին հետևում է յուր առաքելական ընթացքին հավատարմությամբ: Նա յուր աստվածպաշտական մասին արտակարգ նշանակություն չէ տալիս առանց էական ներքին խորհրդի, այլ նորա աստվածպաշտությունը պարզ և հատուկ արտահայտություն է քրիստոնեական ազգային հարազատ խորհրդոց և զգացմանց: Նա յուր հոգևոր ս. կարգին բացարձակ առանձին դիրք չէ տալիս, այլ վերապահելով նորան առաքելական ձեռնադրության շնորհը, միաժամանակ չէ ջոկում յուր հոտից, այլև շնորհաբաշխական սահմանից դուրս ամեն մի եկեղեցական գործում թե՛ եկեղեցականին ու թե՛ աշխարհականին հավասարապես ծառայեցնում է փրկության և նորա սպասավորության նպատակին: Նա յուր կանոնական ու վարչական գործերում ևս ի նկատի ունի ոչ թե լոկ իշխանությունն ու կանոնական սահմանն, այլ դոցա իրավանց անխախտելի պահպանությամբ հանդերձ` դաստիարակում է յուր ժողովուրդն Ավետարանի քաղցր ձայնով ու ողոքանքով: Ուրեմն նա լիակատար հավասարակշռություն է պահում յուր տեսանելի և անտեսանելի էության բոլոր պարագաների մեջ` ըստ առաքելական ճշմարիտ ընթացքին:
Քանի որ Հայաստանյայց Ս. Եկեղեցու էությունն ու կյանքը պայմանավորված է նորա ս. Հայրերի վարդապետությամբ, հարկ է հառաջ գալիս որոշել այն ընդհանուր սկզբունքներն, որոնք այդ վարդապետության հիմնական կետերն են և բնորոշում են իր մեծ Եկեղեցու հատուկ ընթացքը:
Ինչպես տեսանք Հայաստանյայց Ս. Եկեղեցին ո՛չ լոկ մարմնավոր է և տեսանելի և ո՛չ լոկ հոգևոր է և անտեսանելի, այլ երկուքի միությունն է, ըստ որում և նորա առաջին սկզբունքն է, որ նորա ներքինն ու արտաքինը իրար համապատասխան լինին: Այս նշանակում է, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցին յուր ներքին կյանքով արտացոլվում է յուր արտաքինի մեջ, իսկ նորա արտաքինը լիովին համապատասխանում նորա ներքինին, այն է` վարդապետության: Հետևաբար նորա թե՛ աստվածպաշտությունն ու թե՛ վարչությունը, թե՛ կանոնական կարգն ու թե՛ կարգադրած կյանքը ըստ ամենայնի արտահայտիչ է նորա վարդապետության սկզբանց: Ներքինն ու արտաքինը այնպես անբաժան ու միացած է, ինչպես Քրիստոսի աստվածությունն ու մարդկությունն` ըստ երկնավոր և կամ մարդու հոգու և մարմնի միությունն` ըստ երկրավոր օրինակին: «Իմանալին` խորհուրդ հոգւոյս, և շօշափելին` պատկեր մարմնոյս». որոշում է և Ս. Գրիգոր Նարեկացին[31]:
Երկրորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին չի ճանաչում որևիցե արտաքին կյանք ու գործունեություն, որ ճշմարիտ հայ քրիստոնյայի գիտակցությունից դուրս լինի: Այլ նա քարոզում է, որ գիտակցությամբ լինի ամենայն մի գործ և ամենայն մի կենցաղ, և յուրաքանչյուր հավատացյալ, ըմբռնելով ու հասկանալով յուր արածի և անելիքի լավությունն, այնպես հառաջադեմ է յուր կոչման մեջ` իբրև ազատ կամքով, ըստ Աստուծո պատկերին ստեղծված անձնավորություն: Ուստիև Ս. Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Տեսիլ աչացն հաւատով լուսաւորի»[32]:
Երրորդ` պահանջելով կատարյալ հավատք դեպի աստվածային տնօրինություններն ու Հայաստանյայց Ս. Եկեղեցու փրկարար ճանապարհը, նա ոչ թե թույլ է տալիս, որ ամեն մի ճշմարիտ հայ քրիստոնյայի արժանիքն այդ տեսական վիճակով լրանա ու լոկ անձնական դառնա, այլ նա պահանջում է, որ անհրաժեշտ հավատքի համաձայն ևս գործունեություն փայլի` ըստ վերոհիշյալ առաջին կետի սկզբունքին: Ճշմարիտ հայը պետք է ունենա կենդանի հավատք, որպեսզի նորա պտուղն, այն է` առաքինական, այսինքն` հուսո ու սիրո հանդեսն ինքնըստինքյան բղխի ու ճառագայթվի թե՛ անհատի ու թե՛ ամբողջ եկեղեցու հառաջադիմության համար: Վասնզի «զհաւատսն գործովքն զօրացուցանէ». ինչպես որոշում է Ս. Գրիգոր Լուսավորիչը[33]:
Չորրորդ` ինչպես որ Հայաստանյայց Ս. Եկեղեցին անհատի փրկության համար է աշխատում և ինքն ևս անհատով է իրականանում ու հառաջադիմում, այնպես էլ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ հայ թե՛ Հայաստանյայց Ս. Եկեղեցու մի անհրաժեշտ ու բաղկացուցիչ անդամն է և թե՛ անձամբ իսկ եկեղեցի է, այլև Քրիստոսի հետ հավատքով միացած թե՛ վեմ ու հիմք է եկեղեցու[34] և թե՛ նորա հառաջադիմության նպատակ: Ըստ որում` յուրաքանչյուր հայ հավատացյալ թե՛ յուր եկեղեցով է փրկված ու կենդանի և թե՛ յուր Եկեղեցու իրականացման մի տարր. այլև թե՛ տարբեր է նորանից և ինքնագլուխ որդի Աստուծո և թե՛ միանգամայն նորանով է միանում անդրանկաց հետ, Աստուծո հաղորդակցում և աշխարհը տիրապետում, վասնզի հավատքն է նորա գոյությունն ու փրկությունը: Ուստիև Հայաստանյայց Ս. Եկեղեցու փառաց վառքի ժամանակ` «Ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ. մարմինք իւրաքանչիւր սուրբ սեղան, եւ ոգիք նոցունց` պատարագ ընդունելի» (Եղիշե, Է 97):
Հինգերորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին, հավատարիմ մնալով յուր էության գաղափարին, որ բացատրվեց ԻԹ գլխում, ոչ թե բաժանումն է մտցնում յուր պաշտոնյաների ու յուր ժողովրդի մեջ, այլ նա վարդապետում է, որ երկուքն էլ մեկ են, և միայն յուրաքանչյուրը պետք է յուրովսանն իրագործե յուր կոչումն Աստուծո արքայության իրականացման համար, մեկն` իբրև պաշտոնյա և մյուսն` իբրև եկեղեցու մի անհրաժեշտ անդամ յուր նույնպես աստվածատուր շնորհներով: Այս սկզբունքի իրական փաստը հավատքի հանդիսում է փայլում. «Մի սիրտ յօժարութեան ամենեցուն արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց եւ ամենայն միաբանելոց ի Քրիստոս: Քանզի առհասարակ զմի զինուորութիւն զինուորեցան, եւ զմիական զրահս հաւատոց պատուիրանին Քրիստոսի, եւ միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք եւ կանայք» (Եղիշե, Գ 51):
Վեցերորդ` ճանաչելով յուր կոչումը` Հայաստանյայց Ս. Եկեղեցին ոչ թե աշխարհի և աշխարհայինի մեջ է գտնում յուր կոչման իրագործման վայելքն, այլ աստվածահաճո գոծունեության մեջ. նա ոչ թե աշխարհն ու աշխարհայինն է յուր նպատակ դնում, այլ աստվածայինն ու երկնավորը, որոնց պետք է աշխարհը ծառայե իբրև միջոց: Ուստիև նա ոչ թե աշխարհի տիրապետությամբ է գոհանում և ոչ էլ ուրիշների հայացումն է նպատակ դնում, ինչպես տեսնում ենք նորա առաքելական գոծունեությունից Վրաստանում, Աղվանից, Պարսից, հյուսիսային և այլ հարևան երկրներում, այլ ցույց տալով յուր ամեն մի անդամին այն ճանապարհն, որով նա պետք է աստվածադիր տեր դառնա աշխարհի վրա և ամեն ինչ ծառայեցնե Աստուծո արքայության իրականացման: Վասնզի Եկեղեցին երկրավոր ու շահադիտական հաստատություն չէ, այլ «Սոյն ինքն եւ երկին երկնի յերկրի յուսապայծառ կերպիւ հռչակի» (Ս. Գրիգոր Նարեկացի):
Վերջապես յոթներորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին յուր ժողովրդի համար միակ ճանապարհը դեպի Աստված և դեպի երանություն ճանաչում է, որ յուրմով է: Նորանով է թե՛ մուտքը Աստուծո արքայության մեջ, որ է ինքն իսկ, և թե՛ շավիղը դեպի կատարելություն, որ յուր մեջ է, ու թե պսակումը ճշմարիտ ընթացքի կատարման վրա, որ յուրմով է երաշխավորված, իսկ ճանապարհի միակ լուսատուն ու լուսավորողն է Ս. Գիրքն, որ թե՛ կրթում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու զավակներին ու թե՛ աճեցնում ու զարգացնում Աստուծո շնորհաբաշխ ձեռքի տակ. «Որք իջին յարգանդ հոգեւոր աւազանին պարգեւօք ամենասուրբ Երրորդութեան, օրհնութեամբ եւ քահանայական խորհրդեամբք, եւ ծնանին Հոգւով ի Քրիստոս լուսաւորեալ», — ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչն[35] (Հաճ., Բ 402): Ուստիև սկզբից ի վեր ճշմարիտ հայի սկզբունքն է. «Մի է մայր մեր եկեղեցի, որ երկնեաց զմեզ, եւ մի է Հայր մեր Ս. Հոգին, որ ծնաւ զմեզ». դրոշմում է հայի ճակատին Սուրբն Հովսեփ: «Հայր մեր զսուրբ Աւետարանն գիտեմք եւ մայր` զառաքելական եկեղեցի կաթուղիկէ»[36], — գոչեցին և հավատավառ Հայրերն առմիշտ:
[1] «Վասնորոյ Փրկիչն ասաց` խնդալ զառաքեալսն, թէ` «խնդացէք, զի անուանք ձեր գրեալ են ի դպրութեան կենաց եւ յանապական», որոյ սկիզբն կալաւ շինելոյ յերկրի, որ անցանելոց է, եւ աւարտեցաւ ի կատարս երկնից բարձրութեան»: Ս. Սահակ:
[2] Եբր., Ե 11-13. Հովհ., ԺԶ 12. Մատթ., ԺԳ 10. Ա Պետր., Գ 15. Ա Կոր., Թ 19-23. Ս. Հովհ. Իմաստ., 81:
[3] Հովհ., ԺԴ 16, 26. ԺԵ 26. Ղուկ., ԻԴ 48. Մատթ., ԻԸ 19-20. ԺԶ 16. Գործք, Ա 8. Ա Տիմ., Գ 15. Հաճախ., Ի:
[4] Գործք, ԺԵ 28. Ա Կոր., Է 40. Բ Կոր., Բ 17. ԺԳ 3. ԺԲ 9:
[5] Ելք, ԺԹ 5. Սաղմ., ՃԲ 17. Բ Օր., ԺԷ 2-5. ԻԹ 21. Հես., Է 11. Ես., Կ 11:
[6] Մարկ., ԺԶ 16. Հովհ., Գ 18, 36. Ժ 7, 9. ԺԴ 6, 7. Ի 31:
[7] Գործք, Դ 11. ԺԶ 31. Հռովմ., Գ 23. Է 25. Ժ 9. Ա Տիմ., Բ 5. Եբր., Ժ 19. Ա Պետր., Ա 3-5. Գ 20. Հակ., Ա 21, 25:
[8] Հովհ., ԺԵ 19. ԺԶ 2: «Եթէ աշխարհ զձեզ ատեայ, գիտասջիք, զի նախ զիս ատեաց: Եթէ յաշխարհէ աստի էիք, աշխարհ զիւրսն սիրէր արդեօք: Բայց զի չէք յաշխարհէ, այլ ես ընտրեցի զձեզ յաշխարհէ, վասն այնորիկ ատեայ զձեզ աշխարհ»: «Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ, այլ եկեսցէ ժամանակ, զի ամենայն, որ սպանանիցէ զձեզ, համարեցի պաշտօն մատուցանել Աստուծոյ»:
[9] Ել. ԺԹ 6. Ղև., Ի 26. Ես., ԻԶ 12. Բ Օր., Է 6. ԺԴ 2. ԻԶ 18. Դան., Է 18:
[10] Ա Կոր., Ա 4-9. Փիլ., Ա 3. Հռովմ., Ը 29:
[11] Ա Կոր., Զ 11. «Այլ լուացարուք, այլ սրբեցարուք, այլ արդարացարուք յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ ի Հոգին Աստուծոյ մերոյ»:
[12] Հռ., Զ 3-5. Ը 12. Տիտ., Գ 4-6. Ա Կոր. ԺԵ 50. Գաղ., Ե 16. Կող., Ա 21-29. Եփես., Դ 22-25:
[13] Ա Պետ., Բ 2-10. « Իբրեւ զարդի ծնեալ մանկունս խօսուն եւ անխարդախ կաթինն փափաքեցէք, զի նովաւ աճիցէք ի փրկութիւն. «Եթէ ճաշակիցէք, զի քաղցր է Տէր: Առ որ մատուցեալ ի վէմն կենդանի, որ թէպէտ ի մարդկանէ անարգեալ, այլ առ ի յԱստուծոյ ընտրեալ եւ պատուական է: Եւ դուք իբրեւ զվէմս կենդանիս շինիք տաճար հոգեւոր, յանարատ քահանայութիւն, մատուցանել զհոգեւորողն պատարագս հաճոյս Աստուծոյ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի: Քանզի կայ իսկ ի գրի եթէ` Ահաւասիկ դնեմ ի Սիովն վէմ ընտիր գլուխ անկեան պատուական, եւ որ ի նա հաւատասցէ` մի ամաչեսցէ: Ձեզ այսուհետեւ հաւատացելոց է վէմ պատուական, իսկ անհաւատիցն` վէմն, զոր անարգեցին շինողքն, նա եղեւ գլուխ անկեան. Եւ վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան, որ գայթակղին ապստամբեալք ի Բանէն, յոր եւ ետանն: Այլ դուք ազգ էք ընտիր, թագաւորական քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեփական, որպէս զի ձեր առաքինութիւնս նուիրիցէք այնմ, որ զձեզ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն: Որք երբեմն զժողովուրդ, բայց արդ ժողովուրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութիւն գտէք»:
[14] Հմմտ. Ս. Լուսավորչի տեսիլը. «Իսկ խաչն լուսաւոր ի նմա` է ինքն մեծ քահանայապետութիւնն ի մէջ ժողովրդոցն, օրինակ` Քրիստոսի մարմնանալոյն քահանայութեանն օծութեան աստուածորդոյն: Եւ տեղին այն (Ս. Էջմիածին) լիցի տաճար Աստուծոյ, եւ տուն աղօթից խնդրուածոց ամենայն հաւատացելոց, եւ աթոռ քահանայութեանն»: Ագաթ., 434:
[15] «Զի մի՛ յայսմհետէ իցեմք տղայք խռովեալք եւ տատանեալք յամենայն հողմոց վարդապետութեան խաբէութեամբ մարդկան, խորամանկութեամբ ի խաբէութիւն մոլորութեան: Այլ ճշմարտեալք սիրով` աճեցուսցուք ի նա զամենայն, որ է գլուխ Քրիստոս: Ուստի ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարբերութեան` ըստ ազդեցութեան չափով ըստ իւրաքանչիւր մասին զաճումն մարմնոյ գործ է ի շինած անձին իւրոյ սիրով»: Եփ., Դ 14-16:
[16] Տե՛ս Լութերի երկերը, Էրլանգին, 28, 144. Հարնակ. Պատմ. դավ., Գ 636, 737, 363, 368, 375, 391:
[17] Տե՛ս Խաչիկ կաթուղիկոսի թուղթը. Ասողիկ, 203, 204, 227. Ընդհանր., 135, 180, 160, 183. հմմտ. Ա Կոր., Ը, Ժ ԺԱ 19:
[18] Պողոս Տարոնեցի, անդ. 79, 80:
[19] Ղուկ., Ա 32. «Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, զի գտեր շնորհս յԱստուծոյ: Եւ ահա յղասջիր եւ ծնցես որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յիսուս: Նա եղիցի մեծ եւ Որդի բարձրելոյ կոչեսցի, եւ տացէ նմա Տէր Աստուած զաթոռն Դաւթի` հօր նորա, եւ թագաւորեսցէ ի վերայ տանն Յակովբայ ի յաւիտեանս: Եւ թագաւորութեան նորա վախճան մի լիցի»: Հմմտ., Բ Թագ., Է 13, 16. Ես., Թ 6. Դան., Է 14. Միք., Դ 7:
[20] Մատթ., Ժ 23. ԻԳ 34: Հովհ., ԺԵ 20. Մատթ., ԻԴ Ղուկ., ԺԷ 1:
[21] Ա Կոր., ԺԱ 18, 19. Բ Տիմ., Գ 1-9. Բ Պետ., Բ 1: «Զայս գիտասջիր, եթէ յաւուրս յետինս եկեսցեն ժամանակք չարք. Զի եղիցին մարդիկ անձնասէրք, արծաթասէրք, հպարտք, ամբարտաւանք, հայհոյիչք, անհաւանք ծնողաց, անշնորհք, անսուրբ, աննուէրք, անգութք, բանսարկուք, անժոյժք, վէսք, անբարեսէրք, մատնիչք, յանդգունք, անբարհաւաճք, ցանկասէրք մանաւանդ, քան աստուածասէրք. Որ ունիցին զկերպարանս աստուածպաշտութեան եւ ի զօրութենէ անտի նորա ուրացեալ իցեն, եւ խորշեսջիր ի նոցանէ. Քանզի ի նոցանէ են, որ մտանին տանէ ի տուն եւ գերեն զկանայս շեղջակուտեալս մեղօք, վարեալք ի պէսպէս ցանկութիւնս. Որ յամենայն ժամ ուսանին եւ երբէք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեն: Այլ որպէս Յանէսն եւ Յամրէս հակառակ կացին Մովսիսի, նոյնպէս եւ սոքա հակառակ կան ճշմարտութեանն, մարդք ապականեալք մտօք, անպիտանք ի հաւատս: Այլ ոչ երբէք գայցեն յառաջ ի լաւ անդր, քանզի անմտութիւն սոցա յայտնի լինիցի ամենեցուն, որպէս եւ նոցայն իսկ եղեւ»:
[22] Հռ., ԺԶ 17. Տիտ., Գ 10. Եփ., Դ 14. Ա Թես., Բ 3. Մատթ., Է 6. ԺԸ 17. Ա Հովհ., Բ 18-29. Դ 1-6. «Զի մխիթարութիւնն մեր ոչ ի մոլորութենէ է եւ ոչ ի պղծութենէ եւ ոչ նենգութեամբ. Այլ որպէս ընտրեցաք յԱստուծոյ հաւատարիմ լինել Աւետարանին, նոյնպէս եւ խօսեմք, ոչ իբրեւ մարդկան հաճոյ լինել, այլ Աստուծոյ, որ քննեն զսիրտս մեր»:
[23] Գործք, Զ 2. Ա Կոր., Թ 16. Դ 1. Բ Կոր., Ե 18. ԺԳ 10.Ա Թես., Դ 2:
[24] Բ Կոր., Գ 6. Մատթ., ԻԸ 18-20. Հովհ., ԺԴ 16:
[25] Գործք, ԺԴ 23. Ա Տիմ., Ա 3. Տիտ., Ա 5: Ա Տիմ., Ե 22. «Ձեռս վաղվաղակի յուրք վերայ մի՛ դնիցես եւ մի կցորդ լինիցիս մեղաց օտարաց. զանձն քո սուրբ պահեսջիր»:- «Վասն այնորիկ իսկ թողի զքեզ ի Կրետէ, զի որ ինչ միանգամ պակաս իցէ, ուղղեսցես եւ կացուսցես` ըստ քաղաքաց երիցունս, որպէս եւ ես քեզ պատուիրեցի: Եթէ ոք անարատ իցէ, միոյ կնոջ այր, որդեակս ունիցի հաւատացեալս եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան կամ անհնազանդս»…:
[26] Ա Պետ., Ե 2. Ա Տիմ., Դ 14. Ե 22. Բ Տիմ., Ա 6. Բ 15. Դ 2. Տիտ., Ա 5, 9. Հակ., Ե 14:
[27] Ա Պետ., Բ 3-9. Հայտ., Ա 6-9. Ի 6:
[28] Եփես., Դ 11-14. Ել., ԺԹ 6:
[29] Ա Պետ., Բ 3-9. Հայտ., Ա 9. Ի 6:
[30] Հովհ., ԺԴ 6, 16. Մատթ., ԺԶ 18. ԻԸ 20. «Եւ ես աղաչեցից զՀայր, եւ այլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան. զՀոգին ճշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունել. զի ոչ տեսանէ զնա եւ ոչ ճանաչէ զնա, բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ եւ ընդ ձեզ եղիցի. Ոչ թողից զձեզ որբս, գամ առ ձեզ. Փոքր միւս եւս եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս, բայց դուք տեսանիցէք զիս, զի ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք»:
[31] Հմմտ. Նարեկ., ՀԵ և Ս. Հովհ. Իմաստ., Ճառք, էջ 143 և 134. «Ամենայն ինչ, որ յեկեղեցի, զերկնայնոցն բերէ ցոյց օրինակի»:
[32] Հմմտ. նախընթացում առաջին երեք գուխները:
[33] Հմմտ. Ս. Ներսես Շնորհալի, Ընդհ., 11, 18, 20:
[34] Հմմտ. նաև Շարական, էջ 480. «Ի վերայ վիմի հաւատոյ շինեցեր զքո սուրբ եկեղեցի. զսա պահեա՛ ի խաղաղութեան»:
[35] Հովհան Երզնկացի պերճախոս վարդապետը, ողբալով յուր ժամանակի թշվառությունն ու հոգևորականների անհոգ, անուսումն և շահադիտական վիճակի պատճառով Հայաստանյայց Ս. Եկեղեցու անշքությունը, վերջում խոսք է դարձնում առ նա. «Այլ ի մեծն եւ ի գլխաւորական բարիսն երանելի ես եւ յոյժ խնդալի. վասն զի ուղղափառ հաւատոյ լոյս ոչ նուազեցաւ. ի բարի սերմանս ցորենոյն որոմն ապականիչ ոչ խառնեցաւ, զաղբիւր յստակ աւանդութեանցն քոց աղտաղտուկ ջուր օտարոտի ուսմանց ոչ պղտորեաց. ի ստուգութեան եւ ճշմարտութեան հացն քո կենդանական` մեռելական խմոր եւ հերձուած քացախութեան չարութեանն ոչ զանգեցաւ. յոսկի անբիծ հաւատոյն եւ յարծաթ լուսատեսիլ բանին պղինձ ժանտահոտ եւ կապար սեւաթիւր ոչ գտաւ. ե այսոքիկ խնդրուածովք մեծ նահատակին Քրիստոսի սրբոյն Գրիգորի քեզ շնորհեցաւ, որ է գլուխ ամենայն բարեաց եւ հիմն կենաց յաւիտենականաց»: Ճառ ի Ս. Գրիգոր Լուսավորիչն:
[36] Եղիշե, 51, 70, 132. Հմմտ. Ընդհ., 5:
«Այս մայր հոգեւոր երկնաւոր լուսաւոր, քան թէ երկրաւոր շնչաւոր մարմնաւոր, զիս գգուեաց որդի, կաթն ոտեանց սորա արիւնն Քրիստոսի»: «Փեսայ հարսնութեան սորա Որդին Աստուծոյ կենդանարար, օրիորդք խնճոյից սորին Հայրապետացն գումարք»: «Արգանդ որովայնի սորա աւազանն կենդանարար. ի պար հարսանեաց սորա դասք առաքելոցն»: «Ծնանի եւ Աստուածս ոմանս եղականս` պատկերս մաքուրս միոյն Աստուծոյ Քրիստոսի» (Ս. Գրիգոր Նարեկացի):
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գր
Վերցված է՝ https://surbzoravor.am/ — էջից
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/09/20/jshmarit-ekeghetsu-hatkutyunner/,Մաս Բhttps://matyan.am/2024/09/23/jshmarit-ekeghetsu-hatkutyunnern/