Բարաղամ
Հունական և լատինական տարբերակը Բարալաամ է, իսկ մեր նախնիների մոտ՝ Բարղամ: Մի պատվական ծերունի էր, որն ըստ արևելյան վկայաբանությունների, ապրում էր Անտիոքի շրջակայքում, մոտավորապես երրորդ դարում: Իսկ ըստ արևմտյան վկայաբանությունների՝ ապրել է Կեսարիայի շրջակայքում և նահատակվել է Դիոկղետիանոս կայսեր օրերին, շուրջ 304 թ.-ին: Մի գուղացի էր, բայց հավատով և աստվածպաշտությամբ լցված: Որպես քրիստոնյա ձերբակալվեց և կայսերական ատյան տարվեց, որպեսզի զոհ մատուցի կուռքերին: Մերժելուց հետո կայսրը հրամայեց ափի մեջ խունկ լցնել, վրան էլ կրակ դ նել և եթե չդիմանար այրոցին ու խունկը թափեր, ապա որպես կուռքերին զոհ մատուցած պիտի համարվեր և ազատ արձակվեր: Սակայն առաքինի ծերունին ձեռքն անշարժ պահեց մինչև որ ամբողջ ձեռքը այրվեց և այդպես էլ այդ տանջանքների մեջ ավանդեց իր մաքուր հոգին:
Նիկոմիդիայի եպիսկոպոս Անթիմոս
Դ դարի սկզբներում, Մաքսիմինոս «ամբարիշտ» արքայի ժամանակներում, Նիկոմիդիայի, այսինքն Իզմիրի եպիսկոպոսն էր: Մանկությունից սկսած բարի առաքինություններով էր կրթված, կուսակրոն և հումակեր էր, եփված միայն գարեհաց էր ուտում: Հեթանոսներից շատերին էր դարձի բերել: Հալածանքների պատճառով իր հավատացյալների հետ լեռներում էր ապաստանել: Կայսրը նրան ձերբակալելու համար մարդիկ ուղարկեց, որոնց նա նախ պատվեց և նոր միայն հայտնեց, որ ինքն է իրենց փնտրածը: Մարդիկ այնքան էին համակրել նրան, որ խորհուրդ տվեցին իրենց հետ չգնալ, ասելով. «Կասենք, որ չգտանք նրան»: Սակայն սուրբը չհամաձայնվեց, այլ հոժարակամ գնաց նրանց հետ և ճանապարհին նրանց ավետարանելով՝ դարձի բերեց բոլորին: Հարցաքննության ենթարկվեց, համարձակ պատասխաններ տվեց և անտանելի չարչարանքների ենթարկվեց: Բանտ նետվեց, որտեղ քարոզելով բանտարկյալներին, նրանցից շատերին դարձի բերեց: Ի վերջո գլխատմամբ նահատակվեց:
Նրա հիշատակը տոնում ենք Երանոս Եպիսկոպոսի հետ Ս. Խաչին հաջորդող երկրորդ կիրակիից հետո հանդիպող հինգշաբթի օրը:
Սերմինայի եպիսկոպոս Երանոս
Սլովակիայի (Սլավոնիա) Սերմինա, կամ Սիրմիում քաղաքն է, հին քաղաքներից և քրիստոնեական կենտրոններից մեկը: Դ դարի սկզբներին, Դիոկղետիանոսի և Մաքսիմինոսի հարուցած հալածանքների ժամանակ այս քաղաքի եպիսկոպոսն էր Երանոսը, կամ Իրինիոսը: Ձերբակալվեց և երկրի կուսակալի մոտ տարվեց, որտեղ. «խոստովանում և համարձակ քարոզում էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հավատքը»: Խիստ չարչարանքների ենթարկեցին և բանտարկեցին: Ի վերջո, երբ իր հավատքի մեջ հաստատուն մնաց, քաղաքի կարմուրջի վրա տարվեց, որտեղ աղոթելուց հետո գլխատվեց:
Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ կիրակիից հետո եկող հինգշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը