Հայ ժողովրդական աշխատանքային «Ել, ել» երգը կատարում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան: Մշակումը՝ Կոմիտասի:
Ե՛լ, ե՛լ, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ: Լաչին, Մարալ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, Ե՛լ, ե՛լ, ե՛լ:
Օրն անցավ,
Քամին ելավ:
Մութն ընկավ՝
Աստղերն ելան:
Մաեստրո Ռոբերտ Մլքեյանը, այս երգի մասին մեզ հետ զրուցելիս ասաց. «Այս երգում երևում է հայ գյուղացու վերաբերմունքը՝ իր եզի հանդեպ: Հնում հայ գյուղացու համար ամենակարևոր նշանակությունն ուներ եզը, որը իր ընտանիքը կերակրողն էր: Կարելի է ասել՝ նրա առողջ լինելը հավասարազոր էր նրա համար իր զավակի առողջ լինելուն: Եւ եթե որևէ մեկի եզը հիվանդանում էր կամ սատկում էր, մեծ ողբերգություն էր: Եւ այս երգում նշմարված է հենց այդ պահը: Ել, ել, — եզին է ասում, — օրն անցավ, մութն ընկավ: Գյուղացին խնդրում է եզին, որ վեր կենա, հանկարծ շունչը չփչի: Այսինքն այս իմաստով երգի մեջ կա մեծ դրամատիզմ. հին ժամանակի հայ մարդու օրվա հացի խնդիր էր: Չէ՞ որ ընտանիքը պահելու համար տղամարդը պետք է կարողանար հողը մշակել: Իսկ դրա համար պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվեր իր եզին, ինչը չքավոր գյուղացու համար հեշտ չէր: Ուրեմն մնում էր Աստծուն խնդրել, որ եզը հանկարծ չսատկի, որ եզը կարողանա ապահովել իրենց վաղվա հացի խնդիրը: Համենայն դեպս, մեր կատարումների մեջ այս երգը շատ դրամատիկ է հնչում: «Ել, ել»-ի մասին հայտնի չէ, թե Կոմիտասը որտեղ է գրառել: Օրինակ «Լոռվա գութաներգը» կարևոր է, որովհետև այնտեղ աշխատանքն այլ կերպ է կազմակերպվել (այս մասին` տե’ս Լոռվա գութաներգ), իսկ այս երգի մասով կարևոր չի եղել: Գիտե՞ք, ես «ամենադժբախտ» մարդն եմ այն իմաստով, որ մեջքով եմ զգում դահլիճը, բայց իմ երգչախմբի անդամների աչքերից զգում եմ, որ հազիվ են իրենց զսպում, որ չարտասվեն: Փարիզի Սեն Լուի տաճարում հազար հոգանոց դահլիճ էր, և մեր ունկնդիրներից ընդամենը հինգ հոգի էր հայ, մեր նախարարն էր (երևի` մշակույթի Ա.Ա.), իր ուղեկիցներից, ու այնտեղի հայերից, մնացածը` ֆրանսիացի, և երբ կատարում էինք Կոմիտասի այդ դրամատիկ երգերն ու հատկապես «Ել, ել»-ը, ապշելու բան, բոլորը բացահայտ լաց էին լինում: Դա կատարվեց և այլ դահլիճներում: Դա մի սարսափելի բան է` Կոմիտասը բերում է մի հոգեվիճակ, որևէ կապ չունի ազգությունը, մարդկանց 70 տոկոսը չի դիմանում էմոցիոնալ այդ ազդեցությանը և ուղղակիորեն նրանց աչքերից ջուր է թափվում: Բայց դա զուտ էմոցիա չէ: Եվրոպացի հանդիսատեսը շատ ավելի պատրաստված է, նրանք միանշանակ հասկանում են, թե ինչ լսեցին: Բայց դրանով հանդերձ ասում են. «Մենք չենք հասկանում` ինչ է կատարվում մեզ հետ, ինչու չենք կարողանում դիմակայել այդ հույզերին ու արտասվում ենք»: Կոմիտասն այդպիսին է: Նրանք շփոթմունքի մեջ են ընկնում, թե ինչպե՞ս կարող է ժողովրդական երգն այդպիսին լինել և հնչել ակադեմիական նման բարձր բեմերից` իբրև հրաշք: Իսկ հայերն այն միակ ժողովուրդն են, որ «Ել, ել»-ը լսում են փշաքաղվելով, բայց կարող են չարտասվել»: