«… Մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում»:
Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակից