Իմաստ. Սողոմոնի 8.19-9.5
8.19 Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի. 20 մանաւանդ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ: 21 Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն: Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում: Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան:
9.1 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. 2 եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, 3 սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի: 4 Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից: 5 Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին:
Եսայի 42.1-8
1 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կտարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կտեսնի: 2 Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3 անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու: 4 Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6 «Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7 որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից: 8 Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»:
Բ Կորնթացիներ 1.3-7
3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, ովքեր ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կլինի. 6 քանզի եթէ նեղութիւն ենք կրում, այդ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է: Եւ եթէ մխիթարւում ենք, դա ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում: 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը:
Ավ. ըստ Ղուկասի 12.2-9
2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: