Ս. Գևորգը` Քրիստոսի քաջամարտիկ մարտիրոսը, արի նահատակը, մարտիրոսների պարծանքի թագը և Քրիստոսի հաղթող զորականը, կապադովկացիների գավառից էր, որը հայերը Գամիրք էին կոչում: Նրա անունը թարգմանվում է «մշակ», «հողագործ»: Նա մեծատուն ծնողների առաքինի զավակ էր` ազատների և քաջերի ազգից: Ս. Գևորգը տարիքով երիտասարդ էր, վայելուչ էր հասակով և գեղեցիկ: Լինելով արևելյան զորագնդի զորավար` արիաբար հարատևում էր Քրիստոսի հավատքի մեջ:
Այն ժամանակվա Դիոկղետիանոս ամբարիշտ արքան հրաման արձակեց դատել քրիստոնյաներին: Այդ պատճառով ատյանում նստեց ամբարիշտ դատավոր Դատիանոսը Նիկոմիդիա քաղաքից, և բոլոր քրիստոնյաներին, ում գտնում էր, չարաչար տանջում էր: Իսկ զորեղ զինվորը` Քրիստոսի քաջ նահատակ Գևորգը, փայլում էր որպես պայծառ աստղ ասպարեզում: Նա համարձակ եկավ դատավորի մոտ և ասաց. «Ես քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա, և անարգում եմ ձեր կռապաշտ մոլորությունը»: Դատավորը, տեսնելով նրա վայելուչ հասակն ու տեսքը, կանչեց նրան իր մոտ և ողոքական խոսքերով համոզում էր ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին, խոստանում բազում պարգևներ: Իսկ Քրիստոսի սուրբ վկան արհամարհեց նրա խոսքերը և ասաց. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Այն ժամանակ չէին դադարում ամենքը Գևորգի քաղցրագեղ դեմքին նայելուց, և չէր ախորժում ականջը լսել ուրիշ բան, քան նրա քաղցրախոս բառերը, որոնցով անարգում էր նրանց կուռքերը և դավանում էր Քրիստոս Աստծուն:
Այնժամ զորականներից մեկը գեղարդով հարված հասցրեց Գևորգի որովայնին, և թափվեց շատ արյուն: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, և Տիրոջ հրեշտակը իջավ նրա մոտ և բժշկեց նրա վերքերը: Օրեր անց, հանելով բանտից, սրբին կրկին հարցաքննեցին, թե կուրանա՞ Քրիստոսին, և տեսան, որ հաստատուն է Քրիստոսի հավատի մեջ և անարգում է կուռքերին: Այն ժամանակ պատրաստեցին մի փայտե անիվ, շուրջանակի պատելով սուր սլաքներով՝ հագցրեցին այն Ս. Գևորգին և գլորեցին զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը սրբի կտրատվեց: Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, ազատեց Ս. Գևորգին անիվից և բժշկեց նրա բոլոր վերքերը: Տեսնելով դա` անհավատները ամաչեցին, բայց վերցնելով տարան սրբին բանտ` մի այրի կնոջ տուն: Ս. Գևորգը նստեց տան սյուներից մեկի պատվանդանի մոտ, և նույն ժամին սյունը կանաչելով՝ ծաղկեց և արմատացավ, և տան տանիքի վրա բարձրացավ տասնհինգ կանգուն ունեցող ծառ:
Ս. Գևորգն ասաց այրի կնոջը. «Քաղցած եմ, բեր ինձ հաց ուտելու»: Կինը պատասխանեց. «Իմ տանը հաց չկա»: Սուրբն ասաց.
— Ո՞ր աստծուն ես պաշտում:
Կինը պատասխանեց.
— Ապողոնին:
Սուրբն ասաց.
— Հիրավի չունես հաց, որ ապողոնին ես պաշտում:
Եվ կինը դուրս եկավ տնից, որ հաց բերի սրբին: Նույնժամ Ռափայէլ հրեշտակապետը դրեց սրբի առաջ բարիքներով լի սեղան, և նա կերավ ու հագեցավ` գոհություն հայտնելով Աստծուն: Երբ կինը եկավ, տեսավ բարիքներով լի սեղանը, կանաչած սյունը և բարձրացած ծառը, ընկավ սրբի ոտքերի մոտ և հավատաց ի Քրիստոս:
Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի եկան, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրեցին, որ երկու բաժակ դեղ պատրաստի՝ սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և, ի զարմանս բոլորի, կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն՝ մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսերը, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, ով հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին: