Առակներ 3.18-26
18 Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ՝ ինչպէս Տիրոջ վրայ: 19 Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20 իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին: 21 Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22 որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: 23 Եւ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: 24 Եթէ նստես, աներկիւղ կլինես, եթէ քնես, քունդ անուշ կլինի, 25 եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26 որովհետեւ Տէրը կլինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես:
Եսայու 65.22-25
Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: 23 Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: 24 Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ “Ի՞նչ էք ուզում”: 25 Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լեռան վրայ»,– ասում է Տէրը:
Գաղատացիներ 6.14-18
14 Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. 15 որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: 16 Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ՝ Աստծոյ Իսրայէլի վրայ: 17 Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: 18 Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:
Ավ. ըստ Մատթեոսի 24.30-36
30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: 36 Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: