Ս. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մահմեդական էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահը հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Ս. Դավիթ Դվնեցուն:
Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել: