ԻԸ. Մոլի մարդը, երբ իր ազգի կողմից հանդիմանվում ու անարգվում է, գնում միանում է այլ ազգի՝ իրականացնելու իր ցանկությունները. որովհետև այլևս հույս չունի իր ազգի ներսում իր չար կամքը կատարելու և կորցրած պատիվը վերագտնելու: Ապա սկսում է չարախոսել իր ազգից՝ վերջինիս վրա առանց խղճմտանքի կուտակելով բյուր բամբասանք, իրեն անմեղ և օտարների աչքին հաճելի դարձնելու համար: Ավա¯ղ մտքի կուրությանն ու մեծ անզգամությանը: Կամենալով հարգանք գտնել՝ առավել է անարգվում, որովհետև նախատելով իր ազգին՝ իրեն է նախատում. քանզի եթե արմատը լավը չէ, ապա ոստը՝ նույնպես: Եվ այսպես չարիքի վրա չարիք է ավելացնում,որովհետև առաջ միայն իր ազգի ներսում էր չար, իսկ հիմա, եղածին ավելացնելով ազգատեցության անարգ ու տմարդի գործը, դառնում է ամենաչար ու հայրենիքի դավաճան: Ինչով կամենում էր իր չարությունը վարագուրել, դրանով այն առավել հայտնի է դարձնում, որովհետև լսողները, բազմիցս անզգույշ լինելով, հավաստի են համարում նրա զրպարտությունները, բայց սեփական ազգի հանդեպ նրա ապերախտության պատճառով արհամարհում ու մերժում են նրան՝ մտածելով, որ եթե իրենների հանդեպ անհավատարիմ եղավ, օտարների հանդեպ ինչպե՞ս հավատարիմ կլինի: Ազգատյացը, տեսնելով, որ չարդարացավ իր սին հույսը, որով ակնկալում էր իր ցանկությունները կատարել և միաժամանակ իբրև ճշմարտասեր պատիվ գտնել, այնուհետև դեպի հայրենիք դառնալ չի ախորժում, որովհետև չի կամենում իր սխալները ճանաչել: Ուստի իսպառ հուսահատված՝ շատացնում է անհնարին հերյուրանքներ ու ստեր՝ մե’րթ մի ազգի վրա, մե’րթ մյուսի, որպեսզի գոնե նրանցից մեկին բարեհաճո երևա, սակայն միշտ անարգ ու վատահամբավ է մնում: Արդ, այսպիսիների չարության պատճառով շատ ազգերի մատյաններ լի են միմյանց մասին զրպարտություններով, որովհետև հայրենատյացը իր հանցանքները ծածկելու համար առանց խղճմտանքի ստում է, իսկ լսողն՝ առանց քննության հավատում ու դատում, ինչից միշտ անհնարին ատելություն է ծնվել ու ծնվում ազգերի միջև:
ԻԹ. Մարդկանցից յուրաքանչյուրի վրա այնքան հարկ կա սիրելու իր հայրենիքն ու ազգը, որ հարկադրաբար վրա հասած բանական պատճառների ստիպմունքով նա պարտավոր է ոչ միայն իր արտաքին բարիքները՝ ունեցվածքն ու ստացվածքը, այլև մարմնի կյանքը նվիրել ի սեր և հօգուտ ընդհանուրի բարու, որովհետև ա’յս է ազգասիրության իրավունքի կշիռը: Որովհետև եթե մեկի մարմնի վտանգմամբ կամ մահվամբ շատերը կարող են հոգու կամ կյանքի կորստի վտանգից փրկվել, թող վնասվի այդ մեկը, որ փրկվեն շատերը: Եվ այդ դեպքում նա ոչ թե մեռած է համարվում, այլ անմահ հիշատակով հավերժացած: Որովհետև միշտ կենդանի է մնում իր ազգի կամ հայրենիքի հետ, որի փրկության պատճառը եղավ: Իսկ ավելի ճիշտ՝ ազգն է ապրում նրա մեջ, ով ազգի համար իրեն ու իր ունեցվածքը զոհաբերեց, ըստ այնմ՝ քաղցր է հանուն հայրենիքի մեռնել: Բայց միշտ պետք է զգուշանալ, որ սեփական հոգու կորստյան վտանգ չլինի, որովհետև ի՞նչ օգուտ ամբողջ աշխարհը շահելուց ու սեփական անձը, այսինքն՝ հոգին, կորցնելուց (տե°ս Մատթ. ԺԶ 26): Քանզի ամեն մարդ իր հոգու փրկությունը պիտի նախադասի իր ազգից ու հայրենիքից: Ուր հոգին վնասվում է, այնտեղ որևէ օգտակար բան չի գործվում. որովհետև արդարությանն ու աստվածային վճռին դեմ է ուրիշների պատճառով սեփական հոգին կորստյան մատնելը: Դարձյալ՝ եթե մեկի ունեցվածքի կորստյամբ կամ մարմնի մահվամբ փրկվելու է մյուսի հոգին, առաջինին լավ է, որ իր ինչքը կորսվի և ինքը մարմնով մեռնի, որպեսզի մյուսի հոգին ապրի: Որովհետև մեկի հոգու փրկությունն առավել է, քան մյուսի բոլոր գանձերն ու մարմնական կյանքը. մի հոգու փրկության հետ աշխարհի ոչ մի գանձ և ոչ մի մարմնական կյանք չի կարող փոխանակվել: Դարձյալ՝ եթե երկու հոգուց մեկին հարկը ստիպի մեռնել միայն մարմնի մահվամբ, յուրաքանչյուրն էլ պիտի ջանա իր կյանքը պահպանել, որովհետև սեփական անձի հանդեպ սերն առաջնային է ընկերոջ հանդեպ սիրո համեմատ: Այս օրինակով նաև պետք է վարվել ունեցվածքի կորստյան դեպքում. ամենքը պիտի պահպանեն նախ իրենցը, հետո նոր՝ընկերոջինը: Եվ դարձյալ՝ եթե պատահի, որ մեկը կա’մ հոգին կորցնի, կա’մ ունեցվածքն ու կյանքը, պիտի հոգին պահի, իսկ ունեցվածքն ու մարմնի կյանքը կորցնի. որովհետև ոչ թե հոգին է ունեցվածքի ու մարմնի համար սահմանված Աստծուց, այլ ունեցվածքն ու մարմի’նը՝ հոգու համար:
Լ. Հայտնի է, որ մարդկային մեր ցեղը մեկից սկզբնավորվեց, և ապա մարդիկ, տեղով, լեզվով, կրոնով և քաղաքական կառավարմամբ միմյանցից զանազանվելով, բաժան-բաժան եղան: Եվ քանի որ մարդու բնության մեջ արմատացած է ընկերոջը գերազանցելու ձգտումը, ազգերն օրըստօրե ջանացին միմյանցից փոխ առնել ապրելուն անհրաժեշտ բաների մեջ օգտակարն ու ամենադյուրինը, ինչով այժմ պայծառացած՝ ազգ ազգի վրա պանծում է: Սակայն ազգային գործերն այնժամ են դեպի լավն ընթանում, երբ ազգի անհատ անձինք, մի կամքով գոտեպնդված, ջանում են ստեղծել ընդհանուրի բարին և ինչ մի անգամ ձեռք են բերում, հարատևությամբ այն հաստատուն են պահում, որով ողջ ազգը, մարդկությանը պիտանի ամեն ինչից անպակաս, աշխարհում բախտավոր կյանք է վայելում: Բայց հնարավոր չէ, որ այս ազգօգուտ իրողությունը մեկի կամ սակավ մարդկանց կողմից իրականացվի: Որովհետև եթե մեկով կամ մի քանիսով սահմանափակվեր, նրանց պակասելու դեպքում կչքանար նաև այդ օգտաբեր գործը: Ուրեմն պարզ է, որ ամենքի վրա տարածվելով է պահպանվում: Եվ ամենքի մեջ ո՞վ կարող է տիրաբար պարծենալ ինքն իրենով, թե ինքը մի ազգի բարօրության պատճառն է, մինչ նույն այդ մեկը, ով էլ որ լինի, շատերի օգնության կարիքն ունի: Որովհետև Աստծուց բացի չկա մեկը, որ ինքնուրույն ընդունակ լինի անելու այն, ինչ կամենում է: Ուրեմն՝ որևէ օգտակար բան կատարելը պատշաճում է մարդկանց միությանը և լինում միայն ազգասիրությամբ, որպեսզի միմյանց օգնությամբ կարողանան ունենալ այն, ինչ չունեին, և անկորուստ պահեն մի անգամ ձեռք բերածը:
Երբ տեսնում ես, թե կա մի մեծ ազգ, իմացի’ր, որ կան նրանում շատեր, ովքեր ազգասեր բարքով, մեղուների նման միաբանված, նախանձախնդիր են իրենց հայրենի ազգի պահպանությանը, այլապես այդ ամբողջ ազգը կանհետանար: Որովհետև ազգը պահպանվում է սեփական օրենքով, կառավարմամբ, լեզվով ու սովորույթներով: Սրանց եղծվելու և կորչելու դեպքում կորչում է և ազգը, որովհետև այսպիսի տարբերությունների վերանալու դեպքում բոլոր մարդիկ, ինչպես որ նույնն են բնությամբ, նույնը կլինեին և ազգությամբ, և աշխարհը կդառնար մի ընդհանուր բաղնիք, ուր անհանդերձ մարդիկ չեն տարբերվում միմյանցից, թե ո°ր ազգից են: Ուստի կրոնը, լեզուն, սովորույթը և այլն ազգի զարդն ու հանդերձն են, որոնք գեղեցկանում են ազգասեր անձանց ամենօրյա աշխատանքով: Ոմանք կրոնն են պահպանում, ոմանք՝ լեզուն կատարելագործում, մի մասը գիտություններն է զարգացնում, մյուսները՝օգտակար արհեստները, իսկ այլ պիտանի բաներն օտար երկրից են ներմուծում: Եվ սրանք առանց միմյանց չեն լինում, որովհետև մեկի պակասելու դեպքում պակասում կամ թերանում են նաև մյուսները՝ միմյանցից կախում ունենալու պատճառով: Ուրեմն բոլորն էլ պիտանի են ազգի առողջության ու կատարելության համար:
Բայց նրանցից ոչ ոք իր մասին չի կարող ասել, թե միայն ինքն է ազգը պահող-պահպանողը, և ոչ ոք պիտի չուրանա, թե այն պահող-պահպանողը միայն ինքն է: Ուստի ասածիցս պարզ է, որ որևէ ազգի յուրաքանչյուր անհատ այսպե’ս պիտի ասի ու հավատա, որպես թե ողջ ազգը միայն իր կարիքն ունի, այլև թե եղբայրությանն օգնել է հարկավոր: Որովհետև ոչ թե ինքը, այլ միաբան եղբայրությունն է պահում ազգը, ինչով ազգի հետ ինքն էլ է պահվում: Ուստի ով օգնում է եղբայրությանը, իրեն է օգնում:
ԼԱ. Ազգասիրության հատկություններից է առևտրով կամ արդյունավոր գործով ազգակիցներին օգուտ բերել ջանալը: Որովհետև համարվում է, թե մեկի օգուտը մյուսինն է. եթե այսօր նա է քեզանից օգտվում, վաղը գուցե դո’ւ ուրիշներից կամ նրանից օգտվես: Արդ, ազգակիցների միջև այնպիսի սերտ միասնություն պիտի լինի, որպես թե ազգի բոլոր անհատները մի անձ ու մի հոգի են: Բայց, ավա՛ղ, այժմ կարծես իսպառ անհետացել է ազգասիրության ոգին մեր ազգի մեջ. որովհետև կամենում են ավելի շատ օտարների, քան համազգիների հետ առևտուր անել և առավել սիրալիր են օտարների, քան յուրայինների հանդեպ:
ԼԲ. Ազգի համար փոքր պարծանք չէ սեփական լեզու, գիր, օրենք ու կրոն ունենալը, և փոքր ազգասիրություն չէ դրանք հաստատուն պահելն ու օրըստօրե շքեղացնելը, որով ոչ միայն բովանդակ ազգն է փառավոր լինում, այլև նրա յուրաքանչյուր անհատ, որովհետև ազգի փառքը նրա անհատներով է երևում: Ազգասեր այս ջանքը տեսնվում է բոլոր քաղաքակիրթ ազգերի մեջ: Եվ ինչո՞ւ մեր ազգակիցներից ոմանք առավել ջանասեր են օտար ազգերի լեզուն ու գրականությունը սովորելու մեջ, քան հայերինը: Լեզվին տեղյակ շատերն էլ միմյանց հետ այլ լեզվով են խոսում ոչ միայն փողոցներում ու շուկաներում, այլև իրենց տներում.գուցե և դա պարծանք են համարում: Այս անփույթ ախտով շատերը յոթանասուն, ութսուն ու իննսուն թվականների հայերեն անունները մոռացել են. տասը թվականից մինչև վաթսունը հայերեն են հաշվում, իսկ դրանից հետո թուրքերեն անունները գործածում, առանց մտածելու, որ ամբողջ ազգն այլ ազգերի առաջ նախատելի է դառնում իբրև աղքատալեզու: Ազգին մեծ անարգանք է սեփական լեզու ու գրականություն չունենալը, որովհետև չի համարվում, թե առանձին ազգ է: Ուստի ավելի մեծ նախատինք է այն ազգին, որ ունի, բայց չգիտի, և էլ ավելի մեծ արհամարհանք կա այն ազգի նկատմամբ, որ գիտի, բայց չի գործածում: Լեզուներ իմանալը, այո’, գովելի է ու օգտակար, որովհետև մեկը որքան լեզու գիտի, այնքան մարդ է համարվում: Բայց նախ պետք է սեփականն իմանալ և ապա ուրիշներինը: Ուստի ով չգիտի իր ազգի լեզուն, գիրն ու գրականությունը, դեմ է դուրս գալիս բնությանը, որը նախ արմատն է առաջ բերում և հետո՝ ոստերը: Ուրեմն ամենքը նախ մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը պիտի լավ սովորեն և ապա այլ ազգերի լեզուները: Այս պատճառով էլ առաջնորդներն ու գլխավորները, որոնց են հանձնված ազգի խնամքն ու տեսչությունը, պարտավոր են ամենայն հոգատարությամբ ջանալ կրթել ազգի մանուկներին մայրենի լեզվով, գիր ու գրականությամբ, մանավանդ այն քաղաքներում, ուր հայերեն բնավ չգիտեն: Եթե առաջին հոգաբարձուները հոգ տանեին սովորեցնելու նրանց մեր մայրենի լեզուն, նրանք արդեն հայերենախոս կլինեին: Եվ եթե այժմյան տեսուչներն ու խնամածուները տակավին անփույթ գտնվեն, նրանց հաջորդների օրոք ամենքը այլալեզու կլինեն, որովհետև օրըստօրե բազում վայրերում մեր ազգի մեջ պակասում է հայոց լեզվի գործածությունը: Շատերն էլ, անտեղյակ լինելով հայոց լեզվի պատվականությանն ու հնությանը, ոչինչ են համարում այն: Բայց մեր լեզուն կատարյալ է և շատ այլ ազգերի, գուցե և բոլորի լեզուներից էլ հին: Հավաստի է թվում, ինչը նաև կարելի է բազում փաստերով ցույց տալ, թե սա է այն սկզբնական լեզուն, որով խոսում էին Ադամը, նրա որդիներն ու սերունդները մինչև Բաբելոնյան աշտարակաշինությունը: Որովհետև Նոյ նահապետն ու նրա ընտանիքը խոսում էին Ադամի լեզվով, քանի որ մինչև ջրհեղեղը երկրի վրա ուրիշ լեզու չկար: Եվ երբ, ի պատիժ աշտարակաշինության, լեզուները խառնակվեցին, Նոյը կենդանի էր Հայաստանում: Սկզբնական լեզուն նրա տանն անխառն մնաց, և Նախիջևանի ու Այրարատի բնակիչներն այդ լեզվով կրթվեցին: Իսկ երբ Հայկը Բաբելոնի կողմերից վերադարձավ Արարատյան երկիրը, հույժ հավանական է, որ կիրառեց նույն լեզուն, որով խոսում էին տեղի բնակիչները, մանավանդ որ այդ լեզուն Հայկի հենց մայրենի լեզուն էր, որով խոսում էր նախքան լեզուների խառնակվելը: Բայց, ավա՛ղ, կան ոմանք, որ այդ լեզվի հարգը չճանաչելով՝ իզուր այն արհամարհում են, որով անպատիվ են դարձնում ազգը, նրա հետ և իրենց, որ ազգի մասն են:
«Թանգարան խրատու, յօրինեալ ի Պօղոս Պատրիարքէ Անդրիանուպօլսեցւոյ»
Երուսաղէմ, Սրբոց Յակովբեանց տպարան, 1870 թ.
Թարգմանությունը՝ Վազգեն Համբարձումյանի
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/08/04/azgaser/, Մաս Բ՝ https://matyan.am/2024/08/25/azgaser-mas-b/