Քչերին հայտնի Մաքրավանքի և Հրազդանի պատմությունը:
Հրազդանի անտառում ծվարած Մաքրավան թաղամասում է գտնվում միջնադարյան հայ եկեղեցաշինության գլուխգործոցներից Մաքրավանքը: Այս վեհաշուք տաճարն այսօր էլ կանգուն է, այսօր էլ Հրազդանի հոգևոր պահապանն է:
Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով։ Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն /պետ. ցուցիչ 6.1.59.2/, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում։ Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով:
Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։
Մաքրավանը մշտապես բնակեցված է եղել հայերով, միայն 1604թ.-ին Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ է գյուղը զրկվել բնակչությունից: Սակայն, ընդամենը տարիներ անց Մաքրավանը կրկին բնակեցվել է հայերով` հիմնականում Արևմտայն Հայաստանից եկած բնակչությամբ, նաև որոշակի թվով պարսկահայեր են բնակություն հաստատել Մաքրավանում և հարակից բնակավայրերում:
Աղբյուր՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագիծ
Տեսանյութը՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագծի