ՔԱՐՈԶ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւ երկու-երկու ուղարկեց նրանց» [Ղուկ. Ժ 1]
Եօթանասուներկու աշակերտների խորհրդի նախատիպերը եւ օրինակները բազում են, որոնք հարկ է բացայայտել:
Նախ՝ աշտարակաշինութեան օրերին եօթանասուներկուսը հաւաքուեցին չար միաբանութեամբ, եւ անօրէնները կամեցան աշտարակ շինել, ճանապարհ բացել դէպի երկինք եւ հակառակուել Աստծուն, սակայն Աստուած ուժգին հողմով ցրեց աշտարակը, խափանեց նրանց գործը եւ մի լեզուն բաժանեց եօթանասուն լեզուների: Այդպէս էլ նոյն Տէրը յետոյ շինեց բարձր աշտարակ, որն է Եկեղեցին, որ երկինք է երկրի վրայ հաստատուն եւ անշարժ հիմքով, որին չեն կարող սասանել ո՛չ դեւերի շունչը, ո՛չ փորձութիւնների անձրեւները եւ ո՛չ էլ մեղաւորների գետերը, որովհետեւ այն շինուած է հաստատուն վէմի վրայ: Այն աշտարակը շինուեց Բելի կողմից եօթանասուն տանուտէրերով, իսկ այս աշտարակը հիմնարկուեց Տիրոջ կողմից եօթանասուն աշակերտներով: Այնտեղ մի լեզուն բաժանուեց եօթանասուն լեզուների, իսկ այստեղ եօթանասուն լեզուները մի Անձի մէջ ժողովեց: Դարձեալ՝ այնտեղ վերացրեց չար միաբանութիւնը, իսկ այստեղ անջատուած եւ բաժանուած մարդկանց միաբանութեան բերեց ու մի հոգու, մի մարմնի եւ մի յոյսի մէջ հրաւիրեց, ինչպէս որ ասում է. «Հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր»[31]: Այսպէս եօթանասուներկու աշակերտների միջոցով բոլոր հաւատացեալներին սուրբ աւազանից ծննդեամբ մի դարձրեց, դարձրեց լոյսի եւ ցերեկուայ մի որդիներ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ:
Երկրորդ՝ Յակոբ նահապետն իրենից սերուած նոյնքան մարդկանցով Եգիպտոս մտաւ եւ մեծ բազմութեամբ դուրս եկաւ այնտեղից: Այդպէս էլ մեր Տէրն Իր կողմից կանչուած եօթանասուներկու աշակերտներով մտաւ հեթանոսների խաւարաբնակ գաւառները, բայց դուրս եկաւ հաւատացեալների անթիւ բազմութեամբ, որոնք թողեցին իրենց մեղքերի կարծացած տիղմը եւ ազատուեցին իմանալի փարաւոնի մեղքերի ծառայութիւնից ու նրա չար գործակալից: Նրանք անցան աշխարհի մեղքերի ծովի միջով եւ հասան չարիքից հեռու մի վայր, այսինքն այժմեան եկեղեցի: Մահից յետոյ պիտի հասնեն անդրանիկների եկեղեցիներ՝ ընտրեալների ժողովներ եւ ապա՝ յարութիւնից յետոյ՝ հոգով ու մարմնով երկնքի Արքայութիւն, որ պարգեւների երկիրն է, «քանզի, — ասաց, — ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ ծառան»[32]: Եւ այս բոլոր բարիքները մեզ եղան սուրբ աշակերտների միջոցով:
Երրորդ՝ երբ Մովսէսը խաչանիշ գաւազանով ճեղքելով անցաւ Կարմիր ծովը, նախ եկան տասներկու աղբիւրների եւ ապա եօթանասուն արմաւենիների մօտ: Այդպէս էլ Յեսսէի արմատից բխած խաչանիշ գաւազանը ճեղքեց աշխարհի ծովը, անցկացրեց իր ժողովրդին եւ նախ անապատ՝ տասներկու առաքեալների մօտ բերեց, որոնք մեզ կենդանի ջուր խմեցրին, իսկ յետոյ տարան եօթանասուն արմաւենիների՝ եօթանասուն աշակերտների դասի մօտ, որոնք իւրաքանչիւր քաղաքներում եպիսկոպոսներ եղան եւ իրենց քաղցր վարդապետութեամբ կերակրեցին հաւատացեալների հոգիներին: Դաւիթ մարգարէն կանխաձայնելով գովերգում է նրանց՝ ասելով. «Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան»[33] իրենց աշակերտներով: Նրանք տնկուեցին Տիրոջ տան մէջ, որ սուրբ Եկեղեցին է եւ Աստուծոյ գաւթում Սուրբ հոգով ծաղկեցին աւազանի ջրի միջոցով: Տէրը գալու է այդ տան գաւիթները եւ ճանաչելու է Իր կողմից հովուածներին, իսկ ծաղկելն այն է, որի համար Սողոմոնն ասում է. «Պիտի ծաղկի նշենին»[34], որ լինելու է արդարների յարութեան ժամանակ:
Չորրորդ՝ նրանք եօթանասուն ծերերն են, որոնք կանչուեցին Մովսէսի կողմից, եւ եղան ամբողջ ժողովրդի դատաւորներն ու պետերը, սակայն նրանք արբեցին Մովսէսի հոգով, իսկ սրանք՝ Քրիստոսի, ինչպէս որ ասաց. «Երբ ես գնամ, կ՚ուղարկեմ Նրան ձեզ մօտ, եւ Նա կ՚ուսուցանի ձեզ այն ամէնը, ինչ պատուիրեցի ձեզ»[35]: Եւ սրանք (եօթանասուներկու աշակերտները) եկեղեցու մէջ առաքեալների փոխարէն ծերեր ու դատաւորներ են, տասներկուսից յետոյ երկրորդ աթոռակիցները եւ դատաւորները ահեղ Դատաստանի օրը:
Հինգերորդ՝ Դաւիթ մարգարէն մարդկանց համար կեանքի եօթանասուն տարեթիւ սահմանեց, եւ Դաւթի Որդին՝ ըստ մարմնի, այդքան թուով աշակերտներ ընտրեց, որպէսզի մեր ժամանակաւոր կեանքում նրանք խնամատարներ ու դայեակներ լինեն, իսկ յետոյ առաջնորդելով մտցնեն յաւիտենական կեանք՝ ասելով. «Ահաւասիկ ես եւ իմ մանուկները, որոնց տուեցիր ինձ»[36] եւ լսելով. «Բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, … մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ »[37]:
Վեցերորդ՝ եօթանասուն տարի ժողովուրդը մնաց Բաբելօնի գերութեան մէջ եւ յետոյ ազատուեց Զօրաբաբէլի միջոցով: Արդ, Բաբելօն թարգմանաբար նշանակում է չար խառնակչութիւն եւ խորհրդանշում է այս աշխարհը, որի մէջ խառնակւում ենք զանազան մեղքերով եւ գերի ու ծառայ լինում դեւերի չար բռնաւորին, ինչպէս որ Տէրն է ասում. «Ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է»[38]: Եւ սա վերաբերում է թէ՛ ընդհանուր մարդկանց եւ թէ՛ իւրաքանչիւր մէկին, որ գերւում է ախտից եւ լինում մեղքերի ծառայ, երբ «Բաբելօնի գետերի մօտ նստած լալիս էին»[39], այսինքն լալիս էին ախտերով յորդահոս գետերի մօտ, քանզի Տէրն ասում է. «Չկայ ուրախութիւն անօրէնների համար, եւ մեղաւորները պիտի ծփան ծովի պէս ու հանգիստ չգտնեն»[40]: Երբ բարեպաշտութեան քնարները լռեցին ու անգործ եղան, դրանք կախուեցին անպտուղ ծառից, քանզի երբ անձը չարիք է գործում, ուռենու պէս անպտուղ է լինում, որից կախուած հոգու քնարները՝ տասը զգայարանները, լուռ են եւ հեռու Աստուծոյ օրհնութիւններից: Աստուածային հոգու քնարի գործիքը չի բախում նրանց, որովհետեւ Աստուծոյ օրհնութիւնը վայել չէ մեղաւորի բերանին, ինչպէս որ գրուած է սաղմոսում: Այսպէս մեղաւորի հոգին գերի է լինում սատանայի չար բռնաւորին: Իսկ գերութեան եօթանասուն տարիները, որ ինչպէս ասուեց մարդկանց կեանքի թիւն են, խորհրդանշում են, թէ մարդկանց կեանքը՝ ծննդեան օրից մինչեւ վախճանը, սատանայի ծառայութեան տակ էր, մինչեւ որ բարձունքներից եկաւ փառքի Թագաւորը եւ Իր եօթանասուն աշակերտներով՝ իբրեւ քաջ զօրականներով ազատեց եօթանասունամեայ գերուն ու վերադարձրեց Իր բնակութեան քաղաքը՝ վերին Երուսաղէմ: Այսպէս Տէրը մեղքի, տրտմութեան ու սուգի մէջ ընկած իւրաքանչիւր մէկին այս աշակերտների միջոցով տանում է դէպի ուրախութիւն եւ Իր կամքի նաւահանգիստը:
Եօթերորդ՝ երբ Պետրոսը հարցրեց, թէ որքան պէտք է ներել, մինչեւ եօ՞թ անգամ, որպէսզի մեղաւորն ապաշխարի, Տէրը նրան պատասխանեց. «Երբ մեղաւորը յետ դառնայ, ների՛ր նրան ոչ թէ մինչեւ եօթ անգամ, այլ եօթանասուն անգամ եօթ»[41], որպէսզի ճշմարիտ լինի այն խօսքը, թէ ընտրեց եօթանասուն այրեր եւ ուղարկեց հեթանոս բազմամեղ ազգերի մէջ եւ պատուիրեց նրանց բժշկել հիւանդներին, քայլեցնել անդամալոյծներին, փարատել այլ բոլոր մեղքերից ծագած ախտերը, հանել դեւերին, որոնց բանսարկուն բուն էր դրել մարդկանց մէջ եւ կարծում էր, թէ յաւիտեան պէտք է իրենը լինեն: Եւ նրանք, թողութիւն տալով մեղքերին, տեսակ-տեսակ վէրքերը բժշկելով եւ մարդկանցից դեւերին հալածելով, աւետիս էին տալիս Փրկչին՝ ասելով. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում Քո անունով»[42]: Այդ պատճառով Տէրն ուրախալի աւետիսների համար պարգեւ խոստացաւ՝ ասելով նրանց. «Ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»[43]:
Ութերորդ՝ այս խօսքերը յաջորդելով գնում-հասնում են նախկիններին, քանզի եթէ «Կայէնից եօթն անգամ է վրէժ պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»[44], որովհետեւ կամ նա (Կայէնը) չունէր սպանողի օրինակը, իսկ սա (Ղամէքը) ունէր, կամ էլ նա սպանեց մէկին՝ Աբէլին, իսկ սա՝ երկուսին, ինչպէս որ ասաց. «Ես սպանեցի մի մարդու՝ ինձ վիրաւորելու համար, եւ մի երիտասարդի՝ ինձ հարուածելու համար»[45], եւ կամ Աստուած հրամայեց, որ որեւէ մէկը չսպանի Կայէնին, բայց նա (Ղամէքը) մեղանչեց Աստուծոյ հրամանի դէմ, որի համար Ղամէքն առաւել պատուհաս կրեց, քան Կայէնը: Քանզի Աստուած Կայէնին տրուած անէծքը երկրի երեսից վերացրեց ջրհեղեղով, որը եօթերորդն էր նրա ազգում, իսկ Ղամէքին տրուած անէծքը վերացրեց Յորդանանի միջոցով որպէս ըստ Ղուկասի ազգաբանութեան՝ եօթանասուներորդը: Այդ պատճառով այն եօթանասուն ազգերի փոխարէն նրանց սերունդներից ընտրեց եօթանասուն աշակերտներ, որոնցով քաւուեցին նրանց յանցանքների համար տրուած անէծքները:
Իններորդ՝ եօթ եօթանասուներորդ է վճռուած Իսրայէլի ժողովրդի համար, ինչպէս որ Դանիէլն է ասում. «Պիտի վերանան օծութիւնները: Եւ եօթերորդ վաթսուներկուսից յետոյ օծեալը պիտի սպանուի»[46]: Արդ, եօթերորդ վաթսուներկուսը նշանակում է եօթերորդ վաթսունինը, որոնք չորս հարիւր ութսուներեք տարիներ են, մինչեւ որ գայ ճշմարիտ Օծեալը: Գերութիւնից յետոյ այդքան տարիներ քահանաներն առաջնորդներ եղան, եւ ապա վերացաւ օծեալ քահանաների տէրութիւնը, որովհետեւ երբ ծնուեց ճշմարիտ Օծեալը՝ Քրիստոս, նրանց տիրում էր այլազգի Հերովդէսը, եւ խափանուած էին նրանց բոլոր օրէնքները: Այդ պատճառով Դանիէլի եօթանասուներորդի լրանալու սոյն ժամանակաշրջանում ընտրեց եօթանասուն աշակերտներ եւ հրամայեց նրանց օծել հիւանդներին ու բժշկել, որպէսզի այս նոր ճշմարիտ օծութեամբ վերանայ քահանաների հին եւ ստուերային օծութիւնը:
Տասներորդ՝ աստուածային Հին եւ Նոր Կտակարանների բոլոր գրքերը, որոնք մարգարէների եւ առաքեալների կողմից խօսում են աշխարհի փրկութեան մասին, թուով եօթանասուներկուսն են: Ինչպէս որ Հնում Աստուած կամեցաւ եօթանասուներկու թարգմանիչների միջոցով թարգմանել մարգարէների խօսքերը եւ յայտնել բոլոր ազգերին, նոյնպէս էլ Նորում եօթանասուներկու աշակերտներով կամեցաւ յայտնել ու սփռել սուրբ Աւետարանը եւ առաքելական խօսքերն աշխարհի բոլոր քրիստոնէական եկեղեցիներում:
Այսքան եւ աւելի խորհուրդներ ունեն եօթանասուն աշակերտները, ինչպէս որ ցոյց տրուեց՝ համաձայն սուրբ վարդապետների խօսքերի:
* Իսկ աշակերտներին կանչելու պատճառները սրանք են: Տեսնելով աստուածագործ նշանները՝ փարիսեցիները, որ ամէն բանում հակառակւում էին մեր Տիրոջն ու Փրկչին, երբեմն ասում էին, թէ Նա բեեղզեբուղի միջոցով է հանում դեւերին, երբեմն էլ, թէ՝ հնարագիտութեամբ: Աշակերտները բժշկել սովորեցին Նրանից, երբ Նա իջաւ լերան վրայից, որ ցոյց տայ աստուածութեան փառքը, սակայն մի իշխան, որի որդին այսահար էր, եկաւ Յիսուսի մօտ եւ ասաց. «Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»[47]: Այս բանը դպիրներին եւ փարիսեցիներին կարծել տուեց, թէ աշակերտները չէին սովորել Վարդապետից, որի համար չէին կարողացել հանել: Աշակերտները, որ դեռեւս անկատար էին, նոյնը ենթադրելով՝ հարցրին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»[48]: Եւ Նա պատասխանեց՝ ձեր թերահաւատութեան պատճառով, ցանկանալով ասել, թէ այսպիսի նշանը կատարւում է հաւատքով եւ ոչ թէ հմտութեամբ, որի համար զայրանում է իշխանի վրայ եւ անհաւատ ու մոլորուած կոչում: Ապա յայտնապէս սաստում է դեւին՝ ասելով. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, Ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»[49] եւ այսպիսով վերացրեց նրանց չար կարծիքները: Եւ քանի որ շատ ժողովուրդ հաւաքուեց՝ տեսնելու սքանչելիքը, այնժամ կանչեց աշակերտներին եւ նրանցից ընտրեց եօթանասունին: Երկու-երկու բաժանեց նրանց, ուղարկեց բոլոր քաղաքներն ու գիւղերը՝ հրաշքներ գործելու, հիւանդներին բժշկելու եւ դեւերին հանելու համար ու պատուիրեց անհրաժեշտ մարմնաւոր կարիքների համար ոչինչ չվերցնել, ո՛չ հաց, ո՛չ գաւազան, ո՛չ մախաղ եւ ոչինչ, այլ միայն հոգալ աւետարանի քարոզութեան համար եւ կրել աշակերտների մարմնաւոր կարիքները, որովհետեւ «Մշակն արժանի է իր կերակրին»[50]: Նահապետն արձակեց աղաւնուն՝ տեսնելու, թէ արդեօք ջրերը քաշուել են երկրի երեսից, եւ աղաւնին, գալով ձիթենու տերեւով, աւետեց աշխարհակործան ջրհեղեղի յետ քաշուելու մասին: Նոյնպէս էլ այս եօթանասուներկու աշակերտներն արձակուեցին Քրիստոսի կողմից եւ դեւերին հնազանդեցնելով՝ աւետիս տուին աշխարհին, թէ պիտի վերանայ աշխարհի դիւապաշտ մոլորութիւնների ջրհեղեղը, եւ սուրբ աւետարանի ճշմարտութիւնը պիտի տիրի ամբողջ աշխարհին, ինչպէս որ սաղմոսն է ասում. «Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի»[51]: Արդ, մեր Տէրը տիրեց եւ թագաւորեց ամբողջ աշխարհին, խափանեց չարի բազմադիմի պատերազմները, խաղաղութիւն հաստատեց երկնքում եւ երկրում ու հեռաւորներին եւ մերձաւորներին աւետարանեց նոր բարի պարգեւներ: Ուղղեց մեզ՝ երկինք նայելու, պաշտելու կենդանի Աստծուն, բարի գործերով հաճոյանալու Նրան եւ ապա ակնկալելու Նրա Գալստեանը Հօր փառքով ու Իր սուրբ հրեշտակներով, որպէսզի վրէժխնդիր լինեն նրանցից, ովքեր չհնազանդուեցին Իր փառքի աւետարանին, եւ ապա յաւիտենական ու անմահ կեանքի ժառանգորդներ դարձնեն Կենաց խօսքին աշակերտողներին եւ հաւատացեալներին՝ ըստ Իր անսուտ խոստման, թէ «Ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ ծառան, որպէսզի տեսնեն Իմ փառքը»[52]: Թող Նա մեզ եւ Իր անուանը հաւատոցողներին արժանի դարձնի բոլոր սուրբ երկնաւորների եւ երկրաւորների, առաքելական գնդի ու աշակերտների դասի ուրախութեանը, եւ մենք ճշմարտութեան աւետարանիչների հետ մասնակից ու հաղորդ լինենք անճառ երանութեանը եւ անպատում ուրախութեանը մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ օրհնեալ է Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Գրիգոր Նարեկացի — Մատեան Ողբերգութեան. Բան ՁԲ
Բ
Այժմ, յանուն սուրբ առաքեալների,
Ձեռնադրուած Քո երկնաստեղծ ձեռքով, Սուրբ Հոգովդ օծուած,
Որոնց արժանի գովեստն ես արի,
Ըստ կարողութեան, մի այլ գրուածքում՝
Յանուն փառքի Քո, Տէ՜ր ամենայնի,
Ողորմիր եւ ինձ՝ յիշելով սէրն այն,
Որին Դու նրանց արժանացրիր:
Նրանց միջոցով բաց եւ ի՛նձ համար ելքի ճանապարհ
Դէպի ըղձալի լոյսն երանութեան.
Նրանց հովւութեան բարի ձայնը թող
Հասնի ինձ որպէս կենարար ողջոյն:
Թող որ ես նոյնպէս անեղծ փրկութեան
Տօնելի յոյսի բաժին ունենամ
Նրանց հետ, որոնք առաջնորդներ են
Կեանքի, այս պատուի նախաշնորհներ,
Փառաւոր խմբեր, գետեր բանական,
Աւետաւորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ,
Պճնուած թագերով պերճ ու լուսափայլ,
Պայծառ՝ շնորհի զօրութեան զարդով անկողոպտելի,
Նուիրագործուած տիրական լոյսի
Զուարթացուցիչ իւղով սրբազան:
Գ
Աղաչում եմ եւ բարձրեալ Աստծուդ
Մեծ պատուիրանի աշակերտների,
Նահատակութեամբ ընտիր ճանաչուած վկաների հետ,
Որ մշտաչարչար մահացու մարմնով
Եւ անդամներով բազմատառապանք ու ամենակիր,
Երկրաւորական ու հողազանգուած իրենց բնութեամբ
Բոլոր նիւթեղէն գոյութիւնների,
Տարերքների դէմ կռիւ մղելով՝
Պսակազարդուած փառաւորուեցին
Ու կենդանացան ընդմիշտ հոգեպէս
Եւ արիաբար կրելով մահվան ամէն փորձութիւն՝
Մարտիրոսուեցին սուրբ ճշմարտութեան
Ու ելան երկրից, ըստ մարգարէի,
Այստեղից արդէն աներկբայ յոյսով՝
Տեսնելով այնտեղ ծածկուած հոգեղէն բարիքներն ամէն.
Որպէս աշակերտ առաքեալների
Ու չարչարակից, իրենց գործերով
Կատարելապէս նրանց հաւասար,
Պարում են հիմա խրախճանքներում
Յավիտենական երանութեան մէջ:
Յարգելով նրանց մաղթանքներն հաճոյ ու ընդունելի
Եւ արիւնընծայ, վաստականուէր
Ու քրտնակնդրուկ աղերսներն առ Քեզ՝
Ընդունի՛ր դարձեալ եւ ինձ՝ նրանց հետ
Հիմնաւորաբար շաղկապելով Քեզ անեղծ փրկութեամբ:
[31] Գործք. Դ 32:
[32] Յովհ. ԺԲ 26:
[33] Սաղմ. ՂԱ 13:
[34] Ժող. ԺԲ 5:
[35] Հմմտ. Յովհ. ԺԴ 26:
[36] Եբր. Բ 13:
[37] Մատթ. ԻԵ 21:
[38] Յովհ. Ը 34:
[39] Սաղմ. ՃԼԶ 1:
[40] Հմմտ. Յայտն. ԻԱ 8:
[41] Հմմտ. Մատթ. ԺԸ 21, 22:
[42] Ղուկ. Ժ 17:
[43] Ղուկ. Ժ 20:
[44] Ծննդ. Դ 24:
[45] Ծննդ. Դ 23:
[46] Հմմտ. Դան. Թ 25-26:
[47] Մարկ. Թ 17:
[48] Մարկ. Թ 27:
[49] Մարկ. Թ 24:
[50] Մարկ. Ժ 10:
[51] Սաղմ. ՀԱ 8:
[52] Հմմտ. Յովհ. ԺԲ 26:
Աղբյուր՝https://shavigh.am/