Առ Քեզ Աստուած հարցն մերոց խոնարհեալ անձամբք պաղատիմք.
Մի՛ անտես առներ Տէ՛ր, որ փառաւորեալդ ես յաւիտեան:
Յիշեա՛ զուխտն Աբրահամու զՍահակայ եւ զՅակոբայ.
Եւ նեղելոց անձանց պաղատանս.
Մի՛ անտես առներ Տէ՛ր, որ փառաւորեալդ ես յաւիտեան:
Շնորհեա՛ Տէր խնդրողացս ի Քէն զթողութիւն մեղաց.
Ի տաճարի Քում սրբութեան.
Բարեխօսութեամբ սրբոց Քոց, որ փառաւորեալդ ես յաւիտեան:
(Շարակնոց)
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսական կյանքի մեջ հատուկ հիշատակության և տոնախմբման են արժանացել սրբերը: Հատուկ տնօրինություններով մասնավոր օրեր է սահմանված սրբերի հիշատակը ոգեկոչելու համար: Քրիստոնեական կրոնը կյանք է, ապրելու և գործելու եղանակ է: Չկա ավելի ազդեցիկ միջոց դաստիարակության ու կրթության, քան կյանքի օրինակը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երեքամյա քարոզչության ընթացքում մարդկանց հետ խոսեց առակներով, մարդկային ամենօրյա կյանքից օրինակներ բերելով, խոսեց կյանքի լեզվով: Քրիստոս Ինքն էլ ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհաննես 10:10) և «Այն խոսքերը, որ Ես ասացի ձեզ, գալիս են Աստծո Հոգուց և կյանք են տալիս» (Հովհաննես 6:63): Լուսավոր կյանքի պայմաններից է սիրո գործնական դրսևորումը: Այս մասին Հովհաննես աստվածաբան առաքյալը գրում է. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհաննես 3:18): Եվ սրբերը եկեղեցու այն անդամներն են, ովքեր՝ Սուրբ Հոգով լցված, իրենց կյանքով և գործով վկայեցին Աստծո ու մարդկանց նկատմամբ իրենց սերը: Նրանց կյանքում տիրապետում էին հավատքի գործերը, այն գործերը. «Որոնք ճշմարիտ են, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի և գովելի» (Փիլիպպեցիներ 4:8): Աստծո նկատմամբ նրանց հավատքը կախված չէր կյանքի պայմաններից և առաքյալի խոսքով. «Չքավորություն էլ եմ ճանաչել, առատություն էլ եմ տեսել: Վարժվել եմ ամեն տեսակ կացությունների և պայմանների՝ թե՛ կուշտ լինելու և թե՛ քաղցած մնալու, թե՛ առատության և թե՛ չքավորության: Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ» (Փիլիպպեցիներ 4:12-13):
Սրբերն, իրենց անդրդվելի և աներեր հավատքով, ցույց տվեցին, թե կյանքը անցավոր է և իրենց համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը (Փիլիպպեցիներ 1:21): Նրանք ուրախ էին Քրիստոսով, քանի որ ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում. «Այն ուրախությունն է ճշմարիտ, որ Ստեղծողից և ոչ թե ստեղծվածներիցս է ծնվում: Այդ ուրախության համեմատ այս աշխարհի ամենայն հեշտություն ողբ է, ամենայն ուրախություն՝ ցավ, ամենայն քաղցրություն՝ դառն, ամենայն գեղեցկություն՝ գարշելի»:
Սրբերի խոսուն կյանքը օրինակ է և ներշնչման աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ապրել քրիստոնեական առաքինի կյանքով: Սրբության ասպարեզը բաց է բոլորի առջև: Աստված Ինքն այդ մասին ասում է. «Սուրբ եղե՛ք, որովհետև Ես սուրբ եմ» (Ղևտ. 11:45): «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48),- պատգամում է Քրիստոս:
Կան սրբեր, որոնց անունները անծանոթ են մնացել մարդկությանը, հայտնի են միայն Աստծուն և այդ պատճառով հաստատվել է «Ամենայն սրբոց, հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից» անանուն տոնը: Այս տոնով հիշատակվում են հին և նոր՝ այսինքն մինչև մեր ժամանակների անանուն սրբերը: