Հարցնում ես՝ «Ի՞նչ ասեմ Պատարագի սուրբ Խորհրդի ժամանակ»: Ահավասիկ, ասում եմ քեզ, որ այդ ժամանակը քո իմացության և ընտրության համեմատ պիտի տնօրինես, միայն թե իմացա՛ծ եղիր, որ այն երկյուղելու, փափագելու, արտասվելու, հուսալու և հավատալու ժամանակն է, ուստի զգո՛ւյշ եղիր, որ չլինի թե Կյանքի դեղը մահվան թույնի ու դատապարտության վերածես:
Տգիտությամբ, աղտեղի խորհուրդներով, ստիպողաբար կամ մարդահաճությունից դրդված և կամ ագահությունից ելնելով մի՛ մասնակցիր Պատարագի խորհրդին, այլ, ինչպես որ ասացինք, մեծ զգուշությա՛մբ արա այդ: Եթե քահանա ես, ապա պատարագի՛ր Քրիստոսին քո սեփական անձի և համայն աշխարհի համար: Այնպես չլինի՛, որ տգիտությամբ Հաղորդություն տաս որևէ «մեռյալ» մարդու, իսկ ողջերին և ուրիշներին զրկես, քանի որ Պատարագը առավելաբար հոգով ողջերի համար է, քան թե՝ հոգով մեռածների և, ինչպես որ Պատարագի խոսքերն են ուսուցանում՝ հարկ է Հաղորդությունը բաշխել հույս և հավատ ունեցողներին, և ոչ թե նրանց, ովքեր դրամ կտան քեզ:
Դարձյալ, հարկ է, որ իմանաս, թե ո՛ր խոսքն է Հորն ուղղված, ո՛րը՝ Որդուն, և ո՛րը՝ Հոգուն: Կամ թե մինչև ո՛ր հատվածն է Ճշմարտության օրինակը, և ո՛րը՝ Ճշմարտությունն իսկ: Եվ քանի որ Պատարագն աստվածային խորհուրդ է, ապա պետք է մոռանաս երկրային ամեն բան ու երկնայիններին ձայնակից լինես և, կանգնելով Հոր առաջ, որ գրկում ունի Իր սիրելի Որդուն, ասես հետևյալ աղոթքը. «Հա՛յր Աստված, նայի՛ր Նրա վիրավոր կողին և գամերի հետքերին, որոնք հանձն առավ կրել Ինքը՝ ճշմարիտն Աստված՝ մարդ դառնալով, ուստի նայելով Նրան, Հա՛յր, ազատի՛ր մարդկային բնությունը դժոխքից, մեղքերից ու դևերից»:
Ահա՛, եղբայր, այս մեկ խոսքի՛ց ուսանիր Խորհրդի մեծ զորությունը, քանի որ իմաստունին մեկ խոսքն էլ բավական է բազումն իմանալու համար: Ուսանի՛ր, սակայն, չափից ոչ շատ, որպեսզի ուսանածդ սովորական բան չդառնա քեզ համար, այլ շաբաթվա մեջ մեկ օրն էլ բավական է այդ անելու համար:
Պատարագից հետո ևս մի՛ մոռացիր առանձնական աղոթքի մասին և ոչ էլ ընդհանրական աղոթքնե՛րը զանց առ՝ քեզ ունայնության գիրկը մատնելով: Պատարագից հետո բնավ մի՛ ննջիր, քանի որ պիղծ ու ախտավոր է այդ: Կարդա՛, ձեռագործությո՛ւն արա, սակայն մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ և գործելու ու կարդալու ժամանակը թող չխոչընդոտի՛ աղոթելուդ ժամանակին, ուստի մի՛ կարծիր, թե աշխատելն ու ընթերցելն էլ մեկ այլ աղոթք է: Քանի որ ընթերցումը ուսուցիչ է, աղոթքը՝ գործառնություն, իսկ ձեռագործությունը՝ ծուլության և պարապության խափանիչ:
Գրիգոր Սկևռացի
«Գիրք Աղօթից՝ կազմված առաջին ուղղափառ և աստվածաբան վարդապետների խոսքերից», Կ․ Պոլիս, 1721թ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը