«Ողջույն հայրենեաց», «Ողջույն պանդուխտին», Գեւորգ Շերենցի բանաստեղծությունն է մշակված Եկմալյանի քառաձայն արական խմբի համար։ Շերենցի հուզական փոթորկումները արդիական են այսօր եւս, ու կարծում եմ արդիական կլինեն հայի համար միշտ։ Երգը շատ քիչ տարածում ունի, համենայն դեպս ինձ երկուսն են հայտնի @Aygaber -ի միջոցով Խ․ Պալյանի երգեցողությամբ եւ Անդրանիկ սրկ․-ի։ Պալյանը Եկմալյանի նոտագրության մոտ է երգում, բայց ոչ ամբողջական նույնությամբ․ իհարկե գեղեցկացնելով երգը սեփական ոճավորմամբ։ Անդրանիկ սրկ․-ի տարբերակը եւս գեղեցիկ եւ ազգի հոգեկան վրդովմունքը արտահայտող է։ Իսկ ես որոշեցի ամբողջությամբ հարազատ մնալ նոտագրությանը։ Հնչող տարբերակը Մ․ Եկմալյանի «Խմբերգեր եւ մեներգեր» գրքի «Շար հայ ժողովրդական երգեր» բաժնի 38րդ համարում է դրված։
Ողջույն տվեք իմ հայրենյաց
Կիսակործան տաճարներուն,
Ողջույն տվեք ավերակաց
Արարատյան գավառներուն:
Ողջույն տվեք Ավարայրին,
Արյունաներկ Սուրբ վայրերուն,
Ողջուն տվեք տխուր լուսնին,
Որ լացն է սեւ շիրիմներուն:
Ողջույն տվեք պանդուխտ Հայուն,
Անտուն Հայուն, վշտոտ Հայուն,
Օ՜հ, ձեռք տվեք, օ՜հ, սիրտ տվեք,
Հոգի տվեք կարոտ հայուն:
Ողջույն տվեք ի հող եղած
Արքայական պալատներուն,
Ողջույն տվեք գետնատարած
Սրբոց անբիծ մասունքներուն:
Ողջույն տվեք հայ մուսային,
Որ լա զփյուռս յուր հավերուն,
Ողջույն տվեք իմ քնարին,
Որ Հայկա տանն է ողբերգու: