Դա եղել է այն ժամանակ, Երբ դեռ չկար ժամանակը, Երբ աշխարհում ոչ թիվ կար, ոչ թվականություն: Ցորենն ու որոմը հարևաններ էին և աճում էին վայրի լեռնալանջերի վրա: Ցորենն այնպիսի հունդեր ուներ ինչպես հիմա: Իսկ որոմի հունդը կանաչ – կանաչ էր:
Բայց ահա երևաց մարդը և վայրի ցորենը տարավ ընտելացնելու իր ցանած արտերում:
Հենց այդ ժամանակ էր, որ որոմը ցորենին ասաց.
-Այդ հերկած արտերում ինձ էլ տեղ տուր քո կողքին ես չեմ ուզում մենակ մնալ:
-Բայց մարդն ինձ աճեցնում է հացի համար, իսկ քեզ ի՞նչ անի,- ընդդիմացավ ցորնը:
Այդպես էլ հարևանները բաժանվեցին միմյանցից խռոված:
Որոմը լցվեց չարությամբ: Նա կերպափոխվեց և փորձեց իր շեն ու շնորհքով նմանվել ցորենին: Նրա հունդերի կանաչն էլ փոխվեց սև ու դառն մրուրի:
Սկզբում մարդը խաբվեց, հնձեց որոմնախառն արտը, և հատիկն էլ ամբարեց առանց ցորենից զատելու: Բայց որոմ ուտելը նույնն էր ոնց որ մրուր ուտելը, նրա մի հատիկը դառնացնում էր ցորենի հարյուր հատիկի քաղցրությունը:
Մարդը դարձավ որոմի թշնամի: Հենց որ արտերի ցողունները սկսում են բարձրանալ՝ մարդը քաղհանում է այդ մոլախոտը:
Հայկ Խաչատրյանի « Հացապատում » գրքից. 1984 թ. Երևան — «Հայաստան» Հրատարակչություն