Եթե հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև ազգը ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցը սա է, թե ո՞րն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ ավելի անտեր, անմշակ թողնված պարտեզում, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել և ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերին: Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը: Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել, որ պակասություն անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են: