Պահք է կոչվում ոչ միայն կերակուրներից, այլև ամենայն մեղքից հեռու մնալը, քանզի պահք է նաև լռելը և անհարկի չխոսելը՝ առանց որևէ հարց լսելու: Պահք է անընչությունն ու աղքատությունը և ավելորդ բաների մասին չհոգալը, այլ [միայն] օրվա համար անհրաժեշտը որոնելը և այն Աստծուց խնդրելը: Պահք է խոնարհաբար մի տեղում նստելը և ոչ թե ամենուր անառակությամբ ու շահախնդրությամբ շրջելը: ….
Պահք է նաև աչքերը փակելը արատավոր տեսարանի, ականջները՝ ձայնի և սիրտը՝ պիղծ խորհուրդների առջև: Պահք է համարվում պատիվ և իշխանություն չհավաքելը, չբարկանալն ու չաղաղակելը, չնախանձելը, վրեժ չփնտրելը և չջանալը սեփական անձն արդարացնել ընկերոջ առջև: Պահք է ագահ ու մարդահաճ չլինելը և հագուստներով չպարծենալը: Պահք է խոնարհությունն ու հնազանդությունը և մաքուր սրտով բոլորին սիրելը: Պահք է նաև այն, երբ քնի բնական կարիքը բավարարելուց հետո այլևս քնելու ցանկություն չեն ունենում, այլ [բավարարվում են] միայն առաջին [քնով], որից հետո վեր կենալով՝ աշխատում են կամ աղոթում:
Արդ, այս ամենը ճշմարիտ պահք է և ավելին, քան կերակուրների պակասեցումը: Այս և նման բաները պետք է կասեցնել պահոց շրջանում, և այդժամ ընդունելի կլինի նաև կերակուրների կրճատումը: