Եվ արդ, ո՜վ մարդ, ինչո՞ւ չես գործում, ինչո՞ւ չես ապաշխարում մեղքերիդ համար, չգիտե՞ս, որ մահը քո առաջ է, այդ բնավ փույթ չէ՞ քեզ համար, կամ չե՞ս լսում մարգարեին, որն ասում է. «Մեղավորի մահը չարաչար է» (Սաղմ. ԼԳ 33) և մեծ ողբի ու արտասուքի արժանի: Աստված բարկանում է նրա վրա, ով չի հիշում ապաշխարության մասին, իսկ դու առավել ևս բարկացնում ես Աստծուն նաև քո անարժան գործերով, ո՜վ մեղավոր: Դու, որ մեղքեր ունես և այդ ամենով հանդերձ չես ապաշխարում, մեղքը մեղքի վրա ես դնում և չպիտի մտնես Աստծու արքայություն, քանի որ Աստված չի ատում մեղավորին, այլ նրան, ով հրաժարվում է դարձի գալ: Ո՜վ մեղավոր, շտապի՛ր հաշտվել Աստծու հետ և գործիր այնպես, ինչպես Պետրոսը՝ վեմը հավատքի: «Մեղա՜» ասա քո մեղքերի համար և լա՛ց եղիր դառնապես, քանի որ բարերար ու մարդասեր է Տերը և չի կամենում մեղավորի մահը, այլ դարձն ու ապրելը և ճշմարտության գիտությունն ընդունելը: Չէ՞ որ ողորմություն կամեցող Քրիստոս ողորմեց մարդկային ազգին և կամեցավ Իր անձը մահվան մատնել հանուն հեթանոսների ու մեղավորների, քանի որ ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի ու գնա դեպի ճշմարտությունը: Անչափ է Աստծու ողորմությունը և անսահման՝ Նրա սերը, որով սիրեց մեզ և որը, սակայն, մենք չենք ճանաչում: Մինչդեռ մեռած էինք մեղքերի մեջ, Քրիստոս կենդանացրեց մեզ: Քանի որ Քրիստոս «որպես լույս եկավ աշխարհ» (Հովհ. ԺԲ 46)` փրկելու ամենաչար ու ամենապիղծ մեղավորներին, պոռնիկներին ու շնացողներին, արվամոլներին ու իգամոլներին, անասնամոլներին, կախարդներին, մարդասպաններին ու այլևայլ մեղքեր գործողներին: Եվ մաքսապետին իրեն աշակերտ դարձրեց, քանի որ «ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. Ե 20): Մատթեոսը, ով երեկ մաքսավոր էր, այսօր Ավետարանիչ դարձավ, նույնպես և Պողոսը, որ հայհոյիչ էր, ոչ միայն հավատքն ընդունեց, այլև երկնային անճառ խորհուրդների ունկնդիրն ու ականատեսը և Քրիստոսի բերանը եղավ, Սուրբ Հոգու անոթ կոչվեց և բազում այլ շնորհների արժանացավ: Այսչափ մեծ ու զարմանալի է մարդասիրությունն Աստծու, ով վերցրեց մաքսավորին և Ավետարանիչ դարձրեց, հալածչին ու հայհոյողին՝ Առաքյալ, ուրացողին՝ Երկնքի արքայության Բանալի, ավազակին՝ տեր դրախտի…. Այսպես Քրիստոս առավ բոլոր աղտեղի և շնացող բնություններն ու մաքրեց մեղքերից, սրբեց և արդարացրեց: Իսկ ի՞նչ է շնությունը. շնությունը որկրամոլ ցանկությունն է, դատարկությունն է գործի մեջ, քնամոլությունը, մտքի թուլությունը, լկտի խուրհուրդները, պիղծ խոսքերն ու ծաղրուծանակը:
Ի՞նչ է արծաթսիրությունը. արծաթսիրությունը անհավատությունն է ու անհուսությունը, անգթությունը և անողորմությունը, ագահությունը, արհամարհանքն ու անբարեմտությունը, անձնահաճությունը, ամբարտավանությունն ու Աստծու դատաստանն անտեսելը:
Ի՞նչ է չարակնությունը. չարակնությունը չարախոսությունն է, նախանձը, մարդահաճությունն ու անձնասիրությունը, անգիտությունը, ստությունն ու սուտ վկայությունը:
Ի՞նչ է բարկությունը. բարկությունը սեփական կամքը պնդելն է, հակառակությունն ու վիճաբանությունը, նենգությունն ու կարճամտությունը, նեղսրտելը, ձանձրույթը և որևէ մեկի հետ ունեցած թշնամական վարմունքը:
Ի՞նչ է նախանձը. նախանձը ատելությունն է, ընկերոջ բեռը չկրելն ու եղբորը գայթակղության մեջ գցելը:
Ի՞նչ է փառասիրությունը. փառասիրությունը անզգամությունն է, աշխարհն ու նրա մեջ եղած ամենայն ինչ սիրելն ու մարդկանց աչքին անվանի ու երևելի լինելը, ինչը որ կատարյալ հանդգնություն է:
Ի՞նչ է հպարտությունը. հպարտությունը ամենքին անհնազանդ լինելն է, սեփական զորությանն ապավինելը և ինքդ քեզ իմաստուն համարելը, շարունակ սեփական կամքը պարտադրելն է՝ արհամարհելով ընկերոջը, սեփական անձը ամենքից ավելի գիտուն կարծելն ու միայն սեփական անձի մասին հոգալը:
Այս ամենն իրենց վրա կրում են ու գործում մարդիկ, և իրենց անձերը հեռացնում Աստծուց: Սակայն ի սրտե և հոժար կամքով եղող ապաշխարությունը մարդուց հեռացնում է այս բոլոր չարիքներն ու նրան մոտեցնում է Աստծուն, արժանի դարձնում անճառ Կյանքին ու Իր բարի պարգևներին՝ շնորհներով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի: Ամեն:
Երանելի Սուրբ Հովհան Ոսկեբերան