2.Կոմիտասը Ադաբազարում
Դղրդում էր սուլթանների մայրաքաղաքը հայ հռչակավոր կոմպոզիտորի կատարած հեղաշրջումից: Պոլսո բնակչությունը՝ որ համակրանքից, հետաքրքրությունից և անգամ նախանձից մղված, ուզում էր տեսնել ու լսել այս նորօրինակ մարդուն:
Հայ գեղջուկ երգերի հոգեթով արձագանքը դուրս էր եկել սրահների, դպրոցների, տների և խանութների շրջանակից և տարածվել Մեծ Կամուրջից մինչև շոգենավերը և ամեն տեղ:
Կոմիտասի ժողովրդական երգերի դյութական հմայքից գերեվարվել էին ամենքը, ոչ մեկ ուժ ի վիճակի չէր կասեցնելու Կոմիտասի աշխարհիկ երգերի հզոր թափը, որոնք փոթորկի նման արշավում էին քաղաքից քաղաք և վարակում ամենքին: Երեք հարյուր հոգուց կազմված «Գուսան» երգչախումբը, իր ճոխ համերգներով, ցույց էր տվել օտարներին ստեղծագործ հայ ժողովրդի թանկագին գանձերը, բազմադարյան մշակույթը, անցյալն ու պատմությունը:
Իզուր մոլեռանդ ու հետադիմական տարրերն արգելքներ էին հարուցանում նրա սրընթաց ու հաղթական գնացքի առաջ: Նրա համբավն ու հմայքն ավելանում էր օրեցօր. հաջողության և հաղթանակի զենիթին էր հասել հայ երգի ու երաժշտության մեծ Վարպետը:
Ու մի երջանիկ օր մեզ ավետեցին թե՝ Կոմիտասը գալիս է մեր ծննդավայրը՝ Ադաբազար: Քաղաքի քսան հազար հայությունը անհամբերությամբ նրան էր սպասում:
1913 թվի գարնանն էր այդ, մի գեղեցիկ առավոտ, երբ նա հասվ մեր քաղաքը: Նա առաջինը այցելեց մեր կենտրոնական միջնակարգ դպրոցը, ուր ես այդ տարին աշակերտ էի ութերորդ դասարանում:
Ծաղկեփնջերով և մեծ պատիվներով ընդունվելուց հետո, նա մի քիչ հանգստացավ և ապա սկսեց այցելել դասրանները:
Մենք անհամբեր էինք ժամ առաջ ողջունելու հայ նշանավոր երաժշտագետին, որի մասին առասպելական պատմություններ էինք լսել:
Եվ ահա, մեր ուսուցիչների շքախմբի հետ, ներս է մտնում մի վարդապետ՝ կես աշխարհական և կես եկեղեցական տարազ հագած: Պարզապես մի հասրակ, սովորական մարդ:
= Մի՞ թե սա է Կոմիտասը, — հարց ենք տալիս աշակերտներս միմյանց, զարմացական հայացքներով և գրեթե հիասթափված:
Նա իր սքեմի վրա հագել էր քաղաքացու սև վերարկու և գլխին էլ մի կլոր գլխարկ էր դրել: Մի քիչ կարճահասակ, նիհարակազմ, դժգույն դեմքով և փոքրիկ ցանցառ միրուքով մի մարդ՝ որի, սակայն, ամենից հատկանշական մասը աչքերի խորաթափանց նայվածքն էր:
Նա ժպտում էր հայրական քաղցր ժպիտով: Չգիտեմ ինչո՞ւ ես այդ ժպիտի մեջ թաղված արցունք նշմարեցի, մի խուրունկ վիշտ, թախիծ՝ որ նրա բովանդակ դեմքի արտահայտության հետ ներդաշնակվում էր: Իմ հայացքով ու կարծիքով, նրան շատ էր սազում տրտմությունը և դառը ժպիտը:
Կոմիտասը քաղաքացու նման բարևեց մեզ.
=Բարև ձեզ, բալիկներ…
Մեր տնօրենը նրան ներկայացրեց մեզ պատշաճ խոսքերով՝ թե նա հասարակ եկեղեցական չէ, այլ բացառիկ շնորհներով օժտված մի գիտնական, բանասեր և երաժշտագետ, որի նպատակն է՝ հայ դարավոր երգն ու երաժշտությունը զտել, մշակել և ծանոթացնել օտարներին: Կոմիտասի տաղադնն ու կոչումը հատկանշող բացատրությունները մենք լսում էինք ջղագրգիռ անհամբերությամբ: Մենք սպասում էինք, որ Կոմիտասը երգեր կամ խոսեր:
Ու վերջապես նա սկսեց խոսել: Անցնող երեսունվեց տարիները նրա խոսքերի մի բառն իսկ անկարող եղան խլել իմ հիշողությունից.
= Բալիկնե՜ր, դուք զավակներնեք մի ստեղծագործ ժողովրդի, որ ունեցել է երաժշտական դարավոր կուլտուրա և արտադրել է թանկագին գանձեր, որոնց նմուշներից ես այժմ ձեզ համար պիտի երգեմ: Ես եկել եմ հատկապես ձեզ ծանոթացնելու այդ գանձերի հետ և կազմելու այստեղ ևս մի երգչախումբ՝ եթե, անշուշտ, հնարավոր լինի այդ: Ես մի քանի շաբաթ պիտի մնամ ձեզ մոտ՝ ուսումասիրելու ձեր գավառի ժողովրդական երգերն ու երաժշտությունը: Այժմ ես պիտի երգեմ ձեզ համար սիրով և հաճույքով:
Ու սկսեց երգել հռչակավոր « Կանչե կռունկ»ը:
Մենք պատանի էինք, բայց խորապես զգում էինք նրա ձայնի և երգեցողական արվեստի գեղեցկությունը: Երբ նա ավարտեց երգը, ամբողջ դասրանը, գլխահակ և հուզված, արտասվում էր, մոռանալով նույնիսկ ծափահարելը:
Ինքն էլ հուզված էր:
= Էլի՞ երգեմ, բալիկներ, — հարցրեց նա մեզ քաղցր ժպիտով:
Մենք ծափահարեցինք ուժգին կերպով: Ու նա երգեց « Անտունի» ն:
Ո’չ մի մարդկային սիրտ չէր կարող դիմանալ այս երգին, որի մեջ Կոմիտասն իր ամբողջ սիրտը, հոգին և զգացմընքներն էր խառնել: Երգի ողբագին բառերն ու եղանակը, նրա դրամատիկ բարիտոն ձայնի հնչեղ, բայց կերկերուն շեշտը, մեզ մղում էր այնպիսիս խորը ապրումների, որոնց անծանոթ էր մեր դեռատի հոգին:
Խանդավառված էինք՝ բայց հուզված: Ուրախ էինք, բայց միաժամանակ արտասվում էինք: Նա պարզապես ալեկոծել և փուլ էր բերել մեր հոգեկան աշխարհը:
Արցունքոտ աչքերով դարձյալ ծափահարեցինք:
Այս անգամ սկսեց առանց հրավերի երգել:
= Հիմա կարգը ձերն է,- ասաց նա վերջացնելուց հետո և խնդրեց, որ մեզնից մեկը մի մեներգ երգի, ապա ամենքս խբով երգենք:
Բայց ո՞վ կարող էր համարձակվել նրանից հետո երգելու:
Մեր գրաբարի ուսուցիչը իսկույն ցույց տվեց իր գրաբարագիտությունը:
= Վարդապե’տ, «Ի ծագել արեգական, կորչին աստեղք»:
Բայց Կոմիտասն ուզում էր լսել մեր ձայնը, իմանալ երգի հանդեպ մեր ունեցած սերը, շնորհքը և հետաքրքրությունը: Ու պնդեց իր խնդրանքի վրա:
Հանկարծ տնորենը ինձ նայեց և հրամայեց երգել « Ո՜հ, ի՜նչ անուշ»ը:
Ես վարանեցի: Վարպետը հասկացավ իմ վարանման պատճառը, դրա համարել մոտեցավ ինձ և ձեռքը ուսիս վրա դնելով՝ հարցրեց.
= Քո անունն ի՞նչ է:
= Հրանտ, պատասխանեցի ես:
= Ուրեմն, և գեղեցիկ ձայն պիտի ունենաս դու: Եթե «Ո՜հ, Ի՜նչ անուշ»ը անուշ երգես, դու արդեն կլինես իմ աշակերտը, — կատակեց նա:
= Շո’ւտ, կսպասե’նք, — խուլ և ռնգային տհաճ ձայնով գոչեց տնօրենը:
Ու ես, երջանիկ դժբախտս, սկսեցի երգել հուսահատ քաջությամբ:
Բայց ամբողջ մի կվարտա բարձր էի սկսել:
Ու պատահեց այն, որ ես արդեն գուշակել էի:
«Հայրենյաց հովիկ»ի ամենաբարձր ձայնանաիշի վրա իմ ձայնը դավաճանեց ինձ, և կոկորդիցս դուրս եկավ դանակի տակ մորթվող գառնուկի աղավաղվաց մի խեղդուկ և հուսահատ ճիչ, որ ընդհանուր ծիծաղի առիթ տվեց:
Իմ ընկերները ծոծաղում էին բարձրաձայն: Տնօրենը սպառնական նայում էր ինձ, իսկ Կոմիտասը ժպտում էր հայրական բարի ժպիտով:
Ես չկարողացա շարունկաել, այլ սկսեցի պարզապես լալ:
Երեկվա նման դեռ հիշում եմ՝ թե ինչպես Վարպետը մոտեցավ ինձ և ձեռքը իմ մազերի մեջ մխրճելով ասաց.
= Սիրուն ձայն ունես, բալիկս, բայց ուրիշ անգամ ավելի ցածրից պետք է սկսես:
Վարպետը անմիջապես փոխեց մթնոլորտը:
= Բալիկնե’ր, ես ուզում եմ լսել ձեր որևէ մեկ փափագը և հետաքրքրությունը երաժշտական հարցերի մասին:
Նոր ոգևորություն ստեղծվեց:
Ու ես, ոտքի կանգնելով, հարց տվեցի.
= Վարդապե’տ, կուզեինք իմանալ, թե ձեր կյանքի մեջ առաջին անգամ ի՞նչ եք երգել:
Ուսուցիչները ուրախ տրամադրությամբ իրար նայեցին: Տնօրենի խոժոռ դեմքի վրա թեթև ժպիտ երևաց: Իսկ մեր գրաբարի ուսուցիչը մեջ ընկավ իր գրաբարով ասելով.
= «Բազումք են կոչեցեալք՝ սակաւք ընրեալք». այնպես չ՞է, Հայր Սուրբ:
Հանկարծ մռայլվեց Կոմիտասի լուսաշող դեմքը: Դառը ժպիտը տխրության փոխվեց: Շրթունքներն սկսեցին դողալ: Նրա խոնավ թարթիչների վրա երևաց արցունքի մի խոշոր կաթիլ: Ամենքս, լուռ հուզված, նայում էինք նրան:
Ի՞նչ էր պատահել Վարդապետին: Հոգեկան ի՞նչ տագնապի մեջ էր նա:Ինչո՞ւ իմ անմեղ հարցումը ալեկոծել էր նրան:
Ու մինչ այդ հարցոմների պատասխանը որոնում էինք նրա դեմքի վրա, նա իր գերագույն հուզման մեջ իսկ ժպտալով՝ սկսեց.
= Բալիկնե’ր, գիտե՞ք, որ ես հորից և մորից որբ եմ եղել և դրա համարել Էջմիածին եմ ուղարկվել սովորելու…
Պահ կուլ տալով իր կոկորդը սեղմող արցունքները, շարունակեց, մինչ մենք հուզված և սրտատրոփ լսում էինք նրան:
= Իմ հորից առաջին անգամ սովորած երգի խոսքն ահավասիկ այս է.
« Շագանակ թաղեցի օճախը,
Ցատկեց գնաց պուճախը,
Ե’կ, ասի, փի’սիկ, գրկումս խաղա,
Որ քեզ չտեսնի մեր Ակոպ աղա…
Կատուն դրի տոպրակը՝
Նետվեց դեպի սենյակը»:
Նա հուզմունքով պատմեց իր անցյալ որբ ու թշվառ մանկության մասին՝ թե ինչպես թափառում էր իր ծննդավայր Քյոթահիայի փողոցներում և մերկ ու քաղցած գիշերում հանրային լվացարաններում՝ լքված ու անպաշտպան: Նա հիշում էր երբեմնի փոքրիկ, անտեր ու որբ Սողոմոնին՝ այն պատանի թշվառ երգչին, որ երգում էր իր տխուր, աստանդական ճակատագիրը:
Մենք և’ հուզված էինք, և’ խանդավառված:
Այդ օրը հիշատակելի էր մեր դպրոցական կյանքի տարեգրության մեջ:
Բայց հաջորդ օրը նույնքան հիշատակելի և պատմական օր եղավ: Ս. Հրեշտակապետ եկեղեցում հասարակական հանդիպում էր կազմակերպված մեծ Վարպետի հետ: Հինգ հազարն անցնող մի հսկա բազմություն խռնվել էր եկեղեցու մեջ, սանդուղների ու լուսամուտների վրա:
Անկարելի էր կարգ ու կանոնը պահպանել:
Երբ հասավ Կոմիտասի երգելու ժամը, ժողովուրդը խանդավառության գագաթն էր հասել:Սկսեց նա և դղրդագին ծափահարությունների տարափի տակ վերջացնելով, իր տեղը գնաց: Ներկաների ոգևորությունը անսահման էր:
= Կռո՜ւնկը, Կռո՜ւնկը,- ձայնում էին ամեն կողմից :
Տգետ ու հետադեմ թաղականությունը փորձեց արգելել եկեղեցում երգել աշխարհիկ երգեր:
Ընդվզած ժողովուրդը պահանջեց շարունակել.
= Ինչո՞ւ էք արգելում Վարդապետին երգել:
= Պահանջո’ւմ ենք, իրավունք չունի’ք արգելելու…
Խուճապի և շփոթության մատնված թաղական խորհուրդը տեղի տվեց, ժողուվուրդը պարտադրեց իր կամքը:
Ու ահա, ծափահարության ու խանդավառ ցույցի մեջ, նորից բեմ է գալիս Կոմիտասը իր սովորական ժպիտը դեմքին, խոնարհվում է և ապա երգում իր «Կռունկ»ը , որ հուզումի փոթորկով է լցնում բոլոր հայրենակարոտ պանդուխտ սրտերը:
Ծափահարություն՝ երկարատև, որոտընդոստ և խլացուցիչ:
Կոմիտասը ետ ետ է գնում և խոնարհվում, թաշկինակով սրբում է քրտինքը և ուրախության արտասուքը: Ժողովրդի այս անօրինակ ոգևորությունը հայ երգի հանդեպ, հուզմունքով և քաջալերական զգացմունքով է լցնում նրա սիրտը: Սովորական հանդիպում ու հանդես չէր սա, այլ մի վիթխարի ցույց՝ հայ ժողովրդի դարավոր արժեքները մեծարող:
Համերգից հետո թաղականության «մեծապատիվ» ատենսպետը իրեն է վերապահում Կոմիտասին իր տունը ճաշի հրավիրելու իրավունքը և անարգում է քյոթահիացի դարբին Կարապետին, որ ուզում էր իր մեծանուն հայրենակցին հրավիրել տուն:
Երկու կողն էլ գրգռված են: Վիճաբանությունը կռվի է վերածվում :
Ես իսկույն պահարան եմ շտապում Վարպետի մոտ և հեվիհեվ դիմում նրան.
= Ներեղությո’ւն, Հայր Սուրբ…
= Ի՞նչ է, որդիս:
= Շո’ւտ հասեք, դուրսը կռիվ են անում:
= Է’հ, ես ի՞նչ անեմ, բալա ջան:
= Ձեզ հանար են կռիվ անում, Հա’յր Սուրբ:
= Ի՞նձ համար:
Եվ դուրս է նետվում Կոմիտասը: Նրա տեսքը հանգստացնում է կռվողներին: Խնդրի էությունը իմանալուց հետո, նա հանդարտ տալիս է իր որոշումը, ափիբերան թողնելով թաղականության ատենապետին.
= Ատենապե’տ էֆենդի, ես այսօր իմ հայրենակից դարբին Կարապետ աղբոր հյուրն եմ լինելու:
Այդ պատանեկան հուշերս ավելի քանդակվեցին իմ մեջ, երբ 1915 թվի ընդհանուր բռնագաղթին, մեզ հաջողվեց ջարդերից ազատվել և ապաստան գտնել Կոմիտասի ծննդավայր Քյոթահիա քաղաքում, որ բախտի բերմամբ զերծ էր աքսորից, և ապրել այնտեղ ամբողջ չորս տարի, Վարպետի ծնած խալխուլ տնակի մոտ կողք կողքի, և իմանալ նրա մանկական կյանքի դառը հուշերը, տեսնել նրա այցելած հիշատակելի վայրերը, եղևնիների նշանավոր անտառն ու Չամլըճայի վրանը և նրա ձեռքով փորագրված քանդակները, որոնք նվիրական հուշեր մնացին իմ մեջ՝ Վարպետի անցյալ կյանքը ոգեշնչող:
Հրանտ Հրահան
«Էջմիածին» ամսագիր 1950թ. հմր. Ա -Բ
(Շարունակելի)
Սկիզբն այստեղ՝ https://matyan.am/2024/11/11/hishoghutyunner-komitas-vardapeti-masin/