Մի մարդ կար, որը մութ սենյակում էր ապրում: Խավարն ամենևին էլ նրա սրտով չէր, ուստի փորձում էր նախատինքներով ու հմայություններով հալածել այն: Մութը, սակայն, համառորեն չէր անհետանում:
Մի օր մի իմաստուն մարդ է այցելում նրան և խորհուրդ տալիս.
— Մթությունը, որ քեզ այդքան ջղագրգռում է, իրականում գոյություն չունի: Հետևաբար, դրա դեմ պայքարելը ոչ մի արդյունք չի տա: Ավելի լավ է՝ աշխատի՛ր բնակարանդ լուսավորել և կտեսնես, որ խնդիրդ ինքն իրեն կլուծվի:
Սակայն մարդը քմծիծաղ է տալիս ու բացականչում.
— Չէ՜ մի: Չի՛ կարող պատահել: Այդքան պարզունակ եղանակով հնարավոր չէ հաղթել այնպիսի հզոր հակառակորդի, ինչպիսին խավարն է: Սխալվում ես, անխե՛լք մարդ:
Եվ այդպես մարդն իր կյանքի մնացած մասն անց է կացնում մթության մեջ՝ կարծելով, որ այն անպարտելի է: Այնինչ սովորական մոմի լույսը կարող էր նրան հակառակը համոզել…
(անհայտ հեղինակ)
«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» գրքից