Աստծո առաջ ընտրյալ է սուրբ պահքը և, իբրև գանձ, պահվում է երկնքում. այն զենք է ընդդեմ չարի և վահան է թշնամու հրեղեն նետերի դեմ: Եվ սա ոչ թե իմ մտքով ասացի, այլ Սուրբ Գիրքը կանխավ մեզ ցույց տվեց, որ տևական պահքը օգնական եղավ նրանց, ովքեր այն պահեցին սրբությամբ:
Սիրելի՛ս, այսուհետև պահքը ոչ միայն հացի ու ջրի հանդեպ է, այլ պահվել է պետք բազում բաներից: Մեկը պահք է պահում հացից ու ջրից՝ մինչև քաղցելն ու ծարավելը, մեկ ուրիշն էլ պահում է կատարյալ կուսություն՝ [նման նրան, ով] քաղցում է, սակայն չի ուտում, ծարավում է, բայց չի խմում. և այս պահքը առավել է բոլորից: Մեկը պահք է պահում մսից ու գինուց և տարատեսակ կերակուրներից, իսկ մյուսը փակ է պահում իր բերանի դուռը, որ վնասակար ու անկատար խոսքեր չասի: Մեկն իրեն պահում է բարկությունից և ճնշում իր սրտի խորհուրդները, որ չհաղթեն իրեն, մյուսը պահվում է ունեցվածք ձեռք բերելուց, որպեսզի վաստակելու ժամանակ ունենա իր հոգո՛ւ համար: Մեկը հրաժարվում է փափուկ անկողիններից, որ արթուն լինի աղոթելու համար, մեկ ուրիշը՝ այս աշխարհի իրերից, որպեսզի չընկնի թշնամու [հարվածներից]: Մեկը պահում է՝ սգի մեջ լինելով, որպեսզի հաճո լինի իր Տիրոջը ճգնության նեղությամբ, իսկ մեկ ուրիշը ժողովում է այս ամբողջը և վերածում մեկ պահքի: ….
Չարից մշտապես պահվելը առավել սիրելի է [Աստծուն], քան պահքը հացից ու ջրից, և ավելի սիրելի է սեփական անձը խոնարհեցնելը …. և սրտի անիրավ խորհուրդները վերացնելն ու անօրինության մուրհակը պատռելը: Այդժամ նրա համար լույսը կծագի արեգակի պես, արդարության իրավունքները կընթանան նրա առջևից, և նա կլինի դրախտի նման՝ լի հյութալի պտուղներով, և աղբյուրի ավազանի պես, որի ջուրը չի պակասում:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Զգօն՝ արարեալ սրբոյն Յակոբայ երիցս երանեալ հայրապետին Մծբին քաղաքի».
Կ. Պոլիս, 1824
Փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի