Թադեոս Առաքյալ
Հայոց առաջին Լուսավորիչը և ամենահայտնի Առաքյալը:
Ղուկասի Ավետարանում (6:16) և Գործք Առաքելոցում (1:13) հայտնի է որպես Հուդա Հակոբյան: Հովհաննեսի մոտ էլ հիշվում է որպես. «Հուդա, ոչ Իսկարիովտացի» (14:22), որը վերջին Կտակի խոսակցության ընթացքում ընդհատողներից էր հետևյալ հարցով. «Տե՛ր, ի՞նչ է նշանակում, խոսքդ, որ Քեզ պիտի մեզ հայտնես, ոչ թե աշխարհին»: Հիսուսը անուղղակի պատասխանում է, որ Ինքը պիտի հայտնվի Իրեն սիրողների մեջ և ընդհակառակը՝ երբեք չպիտի երևա սեր չունեցողների մեջ: Իսկ Մատթեոս առաքյալը նրան կոչում է «Ղեբեոս, որը Թադեոս անվանվեց» (Մատթ 10:3), իսկ Մարկոսը նրան պարզապես Թադեոս է կոչում (Մարկ. 3:18): Կաթոլիկ եկեղեցին նրան նույնացնում է Հուդա Տեառնեղբոր հետ, որի անունով մի կարճ թուղթ էլ կա ընդհանրական թղթերի մեջ, որը վերջինն է հանդիսանում: Բայց արևելյան եկեղեցիները այս նույնացումը չեն ընդունում:
Ըստ մեր ազգային ավանդության, Թադեոս առաքյալը նախ Եդեսիա է գալիս, որտեղ, ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում և քրիստոնյա է դարձնում Աբգար թագավորին: Եդեսիան, արդարև, քրիստոնեական հնագույն կենտրոններից մեկն է համարվում:
Թադեոսն իր քարոզչությունը առաջ է տանում դեպի հյուսիս, մտնում է հայոց Սանատրուկ թագավորի սահմանները, քարոզում և դարձի է բերում շատ հայերի, որոնք երախայրիքը և հիմքն են կազմում Հայ Առաքելական Եկեղեցու: Նաև արքունիք է մտնում և դարձի է բերում թագավորի դստերը՝ Սանդուխտին, որը հետագայում նահատակվում է իր հոր ձեռքով: Ի վերջո, Թադեոս Առաքյալն էլ, շատ հրաշքներ գործելուց և հազարավոր հոգիներ դարձի բերելուց հետո, Արտազ գավառում սրով նահատակվեց, ներկայիս Պարսկական Ատրպատական գավառի արևմտյան կողմում, որտեղ մինչև այսօր պահպանվել է նրա գերեզմանը, որի վրա կառուցվել է մի փառավոր եկեղեցի: Նրան տոնում ենք երկու անգամ Ս. Բարդուղիմեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հետ:
Բարդուղիմեոս Առաքյալ
Թեև մեր օրացույցներում ընդգրկվել է Բարթողիմեոս, կամ Բարթուղիմեոս ձևով, բայց իր անվան ճիշտ ձևն Է ԲԱՐԹՈՂՈՄԵՈՍը, որը նշանակում է Թոլոմեի որդի: Հայոց «Առաջին Լուսավորիչներ» անվանված երկու առաքյալներից մեկն է: Հովհանեսի Ավետարանում իր առաքելական կոչումը կատարվում է ՆԱԹԱՆԱՅԵԼ անվան տակ:
Փիլիպոս առաքյալը Հիսուսի կողմից «գտնվելուց» հետո, իր հերթին «գտնում է Նաթանայելին» և նրան ասում. «Նա ում մասին Մովսեսը գրել է Օրենքի գրքում, և մարգարեներն էլ իրենց գրքերում, մենք գտել ենք արդեն, նույն Ինքը Հիսուսն է, Հովսեփի որդին, Նազարեթից»:
Նաթանայելը, որ Նազարեթին մոտ եղող Կանա գյուղից էր և լավ էր ճանաչում այդ քաղաքը, անկեղծորեն ասաց.
— Իսկ մի՞թե Նազարեթից կարող է որևէ բարի բան դուրս գալ:
Փիլիպոսը չփորձեց համոզել, այլ ուղակի ասաց.
— Արի՛ և ինքդ տես:
Երբ Հիսուսը իր մոտ եկող Նաթանայելին տեսավ, ասաց.
— Ահա, արդարև, մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա:
— Որտեղի՞ց ես ինձ ճանաչում,- հարցրեց Նաթանայելը նույն համարձակությամբ:
— Նախքան Փիլիպոսի քեզ կանչելը, Ես քեզ տեսա թզենու տակ,- պատասխանեց Հիսուսը:
Թե ի՞նչ էր այդ ակնարկը, մեզ համար այդպես էլ գաղտնիք է, բայց Նաթանայելի կողմից հստակորեն հասկանալի եղավ, որը իր կարծիքը առնվազն Նազարեթցի Հիսուսի մասին փոխեց և բացականչեց.
— Ռաբբի, Դու Աստծո Որդին ես, Դու Իսրայելի Թագավորն Ես:
«Իսրայելի Թագավոր» պարզապես նշանակում է «Մեսիա»՝ ակնկալված Փրկիչ: Այս դավանությամբ Նաթանայելը ժառանգում է «Նախադավան Առաքյալ» պատվավոր կոչումը: Աստվածային նախախնամությամբ և նախատեսությամբ արժանի էր, որ «նախադավան» ազգի Առաքյալը նույնպես լինի Հիսուսին «Աստծո Որդի» դավանողներից առաջինը:
Նաթանայելի անունը հանդիպում ենք նաև Առաքյալների այն յոթնյակի մեջ, որոնք Հարությունից հետո Հիսուսին հանդիպելու հույսով Գալիլիա էին գնացել, սակայն սպասելուց հոգնած, միասնաբար ձկնորսության էին դուրս եկել և արդարև, խորհրդավոր պայմաններում արժանանում են Փրկչի տեսությանը:
Ըստ ավանդության, Բարթողոմեոսը, Իրանի բարձրավանդակի զանազան երկրներում քարոզելուց հետո, մտնում է Հայաստան և շարունակում է իրենից առաջ այստեղ եկած Թադեոս Առաքյալի գործը: Թադեոս Առաքյալի պես, ինքն էլ է մտնում արքունիք և դարձի է բերում թագավորի քրոջը, որի համար Հայոց Սանատրուկ թագավորի կողմից ձերբակալվում է և սաստիկ չարչարանքների է ենթարկվում, ընդհուպ մինչը մորթազերծ լինելով՝ նահատակվում է Հայաստանի հարավ – արևելյան մասում: Իր գերեզմանի վրա՝ Հաղբակում, փառավոր մի տաճար էր կառուցվել և վանք հաստատվել, որը ավերակների կույտ է այսօր:
Նրան տոնում ենք Հայաստանի մյուս Լուսավորիչ՝ Թադեոս Առաքյալի հետ Հիսնակիի առաջին կիրակիին հաջորդող շաբաթ օրը;
«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997