Դերենիկ Դեմիրճյան«Քաջ Նազար».համառոտ
Կատակերգությունը բաղկացած է հինգ արարից: Առաջին արարում. Քաջ Նազարը նստած է տանը: Մորթին գցել է դռանը, վրան թեք ընկած, կիսաքուն երազում է: Կինը՝ Ուստիանը, չարադեմ, կոպիտ և հաստլիկ կին է: Կերակուր է խառնում թոնրի մեջ: Վիճում են, անվայել խոսքեր ասում իրար: Նազարը վախկոտ է, և ամենից շատ վախենում է կնոջից: Սա հաճախ փայտն առած ընկնում է հետևից ու քոթակում, որ սա չի աշխատում: Նազարը կարծում է, որ կինը պիտի աշխատի, քանի որ ինքը ազնիվ է և պետք է միայն ուտի, վայելի: Գրքերի մեջ է գրած: Նրա պապի ապուպապը թագավոր էր: Ցեղով ազնիվ են: Նազարը մեծ-մեծ խոսում է, իբր գնում է Դաղստանի ավազակների աչքին երևա, գեղին վնաս չտան: Իրականում մորթին քարշ է տալիս դռան հետև՝ վեր ընկնում վրան, ու անընդհատ հրամայում, բայց անգամ մթից է վախենում: Գալիս է հարևանուհին և Ուստիանին խնդրում, որ գնա երեխայի վախը չափի: Այդ ընթացքում մի ցնդած տիրացու է գալիս և ասում, թե Նազարի սատկացրած ճանճերը իրականում դյուցազներ են: Իբր երազ է տեսել, որ հայտնվել է հուր երկնային և ջարդել հազար դյուցազն: Այդ դյուցազնը Նազարն է: Նա կտիրի աշխարհին, թագավոր կդառնա: Գիրքն է բացում, կարդում, ահա նշանները, ամեն ինչ ճիշտ է: Փալասի վրա գրում է՝ «Անհաղթ Նազար, քաջն Նազար, Մին կզարկի, ջարդի հազար»: Փալասը կապում է Նազարի նիզակին: Նույն երեկո Ուստիանը, հոգնելով Նազարի մեծախոսությունից, նրան մթով դուրսն է թողնում, դռան արանքից դուրս գցում Նազարի ժանգոտ սուրը, դրոշակը, չուխան: Մթից վախեցած Նազարը փախչում է տան հետևը ձախ կողմից, ուր անտառն է: Այստեղ են Սաքոն, Ոսկանը , որոնք լսելով Նազարի մեծաբերան խոսքերը, կարծում են, թե իսկապես կռիվ է, Քաջ Նազար անունով մեկն էլ ջարդուփշուր է անում բոլորին, մինչդեռ Նազարը վախից է մութ անտառում սպառնագին կանչում, ինքն իրեն խոսում, հնարածին բաներ ասում: Սաքոն ու Ոսկանը սարսափար փախչում են: Երկրորդ արարում. Նազարը ներկայացվում է Զորբաստանում: Հյուրեր են հավաքված: Հեռվից տեսնում են Նազարին և որպես անցորդի հրավիրում իրենց խնջույքի սեղանի շուրջ: Գալիս են Սաքոն, ապա Ոսկանը: Սաքոն պատմում է հնարածին կռվի մասին՝ թե իբր ինքն էլ Քաջ Նազարին է ջարդել, բայց երբ հյուրերը հասկացնում են, որ Քաջ Նազարն այնտեղ նստած է, սա խոսքն փոխում է, ու ասում, որ վերջում հաղթեց Քաջ Նազարը, թեև մթի մեջ այդ օրը ոչ ոք ոչինչ էլ չէր տեսել, բացի ձայներ լսելուց: Խնդրում են Քաջ Նազարին ազատել իրենց, իրենք իշխաններ են, բայց գերի են հարևանների ձեռին: Դրանք յոթը հսկաներ են: Սկզբում Նազարը վախենում է, բայց իմանալով, որ դրանք հեռու են, սկսում է էլի մեծ-մեծ խոսել, իբր ինքը շատ հսկաներ է փշրել, դրանցից միայն փոշի է մնացել, այն էլ դրել է համայիլի մեջ: Ցույց է տալիս: Ոգևորվում են, գնում են հսկաներին ջարդելու: Աշխույժ թամադան, մագաղաթե վարժապետը, ալախոսիկ տերտերը, դուդուկչիները երգում են և նվագում: Մի գյուղացի է գալիս, օգնություն խնդրում, թե վագր է գալիս: Սրանք կարծելով, թե Նազարը հենց մի այդպիսի սխրանքի է տենչում, դեմ են անում նրան վագրին: Նազարը վախից ծառն է բարձրանում, վագրը գալիս ու հենց այդ ծառի տակ է կանգնում: Նազարը պատահաբար վրան ընկնելով, սարսափահար փաթաթվում է վագրին, իսկ մարդիկ կարծում են, թե նա բռնել է վագրին: Հավաքվում են շուրջը, զարկում վագրին: Բոլորը հիացած են Նազարի քաջությամբ: Երրորդ արարում Նազարը ներկայացվում է Հսկաստանում: Խոր անտառում բարձրանում է հսկաների կիկլոպյան ամրոցը: Այստեղ են բնակվում Խոզենին, խելքի ծով Դանգիզը, իմաստուն Ղոռոբուղան, Ղառաղուռան, Ղորոնթին, Ղուզղունը, Արջաթոթոշը, և սրանց քույր Փերիշան: Բռնել են տերտերին, բայց նրանից մեռելի հոտ է գալիս: Սա բացատրում է, որ Քաջ Նազարը ջարդում է հսկաներին, նրա համար մատաղ են արել ողջ աղը, դրա համար հսկաներին աղ չեն ուղարկել: Գալիս է ժողովուրդը: Հսկաները հեռվից հետևում են: Նազարը ցույց է տալիս շորի մեջ փաթաթած մի հատիկ փոշին, իբր թե հսկաներից դա է միայն մնացել: Հսկաները դուրս են գալիս, բոլորը փախչում են, իսկ Նազարը վախից վազում է մե´կ դեպի մի հսկան, մե´կ դեպի մյուսը: Սակայն հսկաները, նրան բռնելու փոխարեն, չոքեչոք վազում են նրա մոտ: Տերտերը խնդրում է Նազարին նրանց թողություն տալ: Զարմացած Նազարը հանում է թուրը, հսկաները տակով անցնում են, սկսում ծառայել Նազարին: Թագավորից դեսպան է գալիս: Հսկաները պատվիրում են հայտնել թագավորին, որ այսուհետ նրանց թագավորը Նազարն է, այդ թագավորին այլևս չեն ճանաչում: Թագավորը զորքով գալիս է, բայց այս անգամ էլ Նազարի բախտը բերում է: Բարձրանում է ծառի վրա, որի փտած ճյուղը պոկվում է, Նազարը դրանով ընկնում է ձիու վրա, և խրտնած ձին սլանում է: Կարծում են, թե Նազարն ինքը պոկեց ծառը և սարսափահար փախչում են: Թագավորը մեռնում է, նրա ժողովուրդը գալիս է ու խնդրում, որ Նազարը միացնի նրանց ու դառնա բոլորի թագավորը: Չորրորդ արարում. Նազարը ներկայացվում է որպես թագավոր: Գալիս է Ուստիանը: Կարծում է, երազ է: Լսել էր, բայց չի հավատում: Նրան թագուհու զգեստներ են հագցնում, այժմ նա լսում է ամուսնուն, բայց չի հասկանում, թե վախկոտ Նազարն ինչպես է թագավոր դարձել: Նազարը բացատրում է, որ գաղտնիքը մարդու բախտն է, ինքը նկատել է, որ ինչ էլ լինում է, իր բախտը բերում է: Սենեկապետը հայտնում է, թե տասը թագավոր գալիս են իրենց վրա կռիվ, խախտել են դաշինքը և պատերազմում են: Այս անգամ Նազարը չի գնում, ուղարկում է զինվորներին: Նազիրը և զորավարները ուրախ են, առնվազն քառասուն հազար մարդ կջարդվի, բայց կռիվը մեծանում է, տագնապ է: Նազարը փախչում է, և երբ նրան տեսնում են, դարձյալ խրախուսվում են, իսկ թշնամին սարսափած փախչում է: Դարձյալ հաղթություն է: Ուստիանը շշմած է: Հինգերորդ արարը. ներկայացնում է Քաջ Նազարի վերջը: Այժմ Քաջ Նազարը որոշել է ջարդել ողջ աշխարհը: Հրամայում է կռվի հանել նաև ժողովրդին: Սակայն զորքը լքում է ռազմադաշտը: Սենեկապետը, նազիրն ու վեզիրը վախենում են այդ մասին հայտնել Նազարին, որը հրամայել է չանհանգստացնել իրեն: Նազարի մոտ են գալիս երեք թագուհի: Նրանց ամուսին թագավորները մեռել են, նրանք սիրահարվել են Նազարին: Այստեղ արդեն գործի է անցնում Ուստիանը, ծեծում է Նազարին և ի վերջո բոլորին պարզ է դառնում Նազարի վախկոտ բնությունը: Փաստորեն ամեն ինչ երազ էր,- ասում է Ուստիանը ու հեռանում: