Հայ գրողներից և բանաստեղծներից շատերն են զբաղվել լուսանկարչությամբ: Պահպանվել են այդ մասին վկայող հուշեր, լուսանկարներ և լուսանկարչական սարքեր: Այդ զբաղմունքը գրավել է Ռուբեն Սևակին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, իսկ Պերճ Պռոշյանը երկար տարիներ ընտանիք է պահել այդ աշխատանքով:
Այսօր խոսքը Ակսել Բակունցի մասին է: Նա նույնպես սիրել և զբաղվել է լուսանկարչությամբ: Գորիսում՝ նրա տուն-թանգարանում, ցուցադրվում է Բակունցի լուսանկարչական ապարատը, իսկ Գրականության և արվեստի թանգարանում, Հովհաննես Թումանյանի ֆոնդում, պահպանվել են Բակունցի լուսանկարները: 1932թ. Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ Բակունցը լինում է Դսեղում և լուսանկարում իր սիրելի բանաստեղծի ծննդավայրը: Դրանք 19 լուսանկար են՝ դարձերեսին Բակունցի ձեռագիր նշումներով: Նույն թվականին Բակունցը այդ լուսանկարները նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին:
Խմբանկար՝ Նվարդ Թումանյանը համագյուղացիների հետ (Դսեղ, 1932թ.)
Տեսարան Դսեղից (1932թ.)