Զատկի օրեր։ Տոնում ենք մեծ Արդարի վերջին օրերը ու հիշում ենք, թե ինչպես էին նրան մեղադրում ու հալածում ժողովրդի առաջնորդները՝ դպիրներն ու փարիսեցիները, աղաղակելով, թե նա հայհոյում է աստծուն ու ապստամբություն է քարոզում, ուզում է Հրեաստանի թագավորությունը վերականգնի, հիշում ենք, թե ինչպես նրան մի քանի արծաթի համար մտանեց իր բարեկամ ու մոտիկ մարդը, թե ինչպես եկան կանգնեցին սուտ վկաները, թե՝ այո՛, լսել են, որ նա հայհոյում է աստծուն, ու խոսում է Հռոմի կայսեր դեմ։ Հիշում ենք, թե ինչպես մութն ամբոխը առանց հասկանալու, թե բանն ինչումն է, «ի խաչ» էր գոռում և, որովհետև պետք էր մեկին ներել, պահանջում էր ավելի շուտ ներել ու ազատ թողնել Բարաբբայի նման արենկեր ավազակին, քան թե նրան, որին շատ շատերը չէին էլ տեսել… և վերջապես հիշում ենք դատավորին, որ պարզ տեսնելով նրա անմեղությունն ու արդարությունը, այսուամենայնիվ, բարոյական ուժ չունեցավ կանգնելու փարիսեցիների նենգամտության, վկաների ստորության, գոռացող ամբոխի մոլեգնության դեմ, չկարողացավ պաշտպանել արդարությունը ու միայն իր ձեռքերը լվալով տուն մտավ՝ թողնելով, որ խաչ հանեն նրան։
Մարդկանցից շատերը կարծում են՝ այս մի եզակի, չտեսնված դեպք էր, որ մոտիկ բարեկամը անձնական շահից մոլորված թաքուն մատնություն արավ, կարծում են՝ պատմության մեջ այն մի անգամն էր, որ ժողովրդին առաջնորդող փարիսեցիները ամբոխին գրգռեցին արդարի դեմ պահպանելու համար իրենց դիրքը, որ խախտվում էր նրա քարոզներով, կարծում են միայն այս մի դեպքումն էր, որ վկաները սուտ խոսեցին դատաստանի առաջ, կարծում են միայն այն օրն էր, որ ամբոխը ապուշորեն ավազակին պաշտպանելով՝ «ի խաչ» էր գոռում իրեն անծանոթ անմեղին, կարծում են միայն Պիղատոսն էր, որ կեղծավոր դատաստան արավ… Եվ կարծում են Հիսուսի ու նրա չարչարանքի մեծությունն էլ այն է, որ եզակի է, միայն մի անգամ է պատահել, այն էլ Երուսաղեմ…
Միանգամայն սխալ։ Եթե այդպես լիներ, վաղուց կլիներ մոռացված որպես մարդկային հոգուն և կյանքին խորթ մի դեպք։ Ընդհակառակը, մեծությունը հենց այն է, որ այս ամենը ամեն տեղ, աշխարհքի ամեն անկյունում է կատարվում, և անմահությունն էլ հենց այն է, որ ամեն ժամանակ է պատահել և կրկնվում է ամեն օր։
Եվ ահա նույն փարիսեցիներն ու նույն՝ եկեղեցու և իշխանության անունով թնդացող աղաղակները, ամեն մարդու դեմ, ով կկանգնի իրենց հակառակ։ Ահա նույն հուդաները և գուցե ավելի զարհուրելի։ Հին Հուդան գոնե 30 արծաթ ստացավ՝ դրա համար մատնություն արավ, մեր ժամանակի հուդաները իրենք կտան, միայն թե կարողանան զրպարտել ու կորցնել իրենց մերձավորին։ Եվ ո՜րքան, ո՜րքան թյուրիմացությունների ու տանջանքների պատճառ են սրանք իրենց գիշերային մթության մեջ։ Իսկ մեր վկանե՞րը… Ես մանկուց ճանաչում եմ դրանց, վերահասու եմ, թե քանի՜-քանի անգամ մարդասպաններն ու ավազակները ազատ են արձակվել նրանց երդումով, ու արդարները տուժել։
Ես միշտ զարմանում եմ, թե ինչպես կարելի է նրանց խոսքով, նրանց վկայությամբ, նրանց երդումով ճշմարտությունը գտնել։
Չարություն, ստախոսություն, շահամոլություն, վրեժխնդրություն, կաշառք, վերջապես նեղ ցեղական ու կրոնական տեսակետներ… դե եկ ու ճշմարտությունը գտիր սրանց մեջ։
Անկարելի՜ է։
Եվ ահա նա խւաչվում է ամեն տեղ աշխարհքում․ աշխարհքի ամեն անկյունում և մեր անկյունում ամեն օր, ամեն օր, ու ամեն օր մենք խաչելության հանդիսատես ենք կամ մասնակից։
Եվ դրա համար էլ նա Մեծ է ու Անմահ։
Ամեն տեղ, ամեն օր…