Որք ի մարտի անօրինացն յաղթեցին արիաբար թշնամւոյն.
Աղաչանօք սոցա կեցո զմեզ Փրկիչ Աստուած հարցն մերոց:
Որք վասն Քո զկեանս իւրեանց փոխանակեցին սոսկապէս համբերելով.
Աղաչանօք սոցա կեցո զմեզ Փրկիչ Աստուած հարցն մերոց:
Ուստի եւ մեք հաւատացեալքս ժողովեալքս ի յիշատակ սրբոցն հայցեմք.
Աղաչանօք սոցա կեցո զմեզ Փրկիչ Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Աթանագինէսը, որն ըստ այլոց կոչւում էր Աթէնոգէնիս, այսինքն Աթէնածին, ապրել է Դիոկղետիանոսի կայսրութեան տարիներին: Նա քրիստոնեայ ծնօղների զաւակ էր, եւ նաեւ մեր սուրբ հայր Գրիգոր Լուսաւորչի սրբասէր կնոջ՝ Մարիամի եղբայրը: Հայոց Սեբաստիա քաղաքից էր՝ եպիկացիների երկրամասից, որն առաջ Կապադովկիացիների երկրի մի մասն էր կազմում:
Մանկուց մեծանալով բարեպաշտ վարքով՝ Աթանագինէսը գովելի ու սքանչելի էր բոլոր հաւատացեալների աչքին, որովհետեւ նա զօրաւոր էր իր խօսքով եւ գործով ու գիտութեամբ առաւել, քան ժամանակի իմաստունները: Երբ նրա առաքինութիւնների մասին համբաւը հասաւ Սեբաստիայի եպիսկոպոսին, նա նրան վերցրեց իր մօտ ու քահանայ օծեց: Ապա տեսնելով նրա հոգու եռանդը հոգիների խնամատարութեան գործում՝ նրան քորեպիսկոպոս կարգեց, այսինքն իր երկրամասի տեսուչ՝ որպէս իրեն աջակից եւ գործակից ամէն բանում, իսկ նա, Քրիստոսի Աւետարանով եւ ճշմարիտ աւանդութիւններով արժանապէս հովուելով Տիրոջ ժողովրդին, բարեկարգում էր եկեղեցին Ամենակալի փառքի համար:
Եղաւ, որ այդ ժամանակներում Սեբաստիա խուժեցին բարբարոս[1] ազգերը, գերութեան մատնեցին բազմաթիւ տղամարդկանց, կանանց ու մանուկների եւ տարան իրենց երկիրը: Աստուծոյ հաւատարիմ քահանայ սուրբ Աթանագինէսը տրտմեց գերուած անձանց համար եւ հնար էր փնտռում նրանց ազատութեան համար: Առաքինի ու բարի հովիւ լինելով՝ նա մնացած ժողովրդից մեծ ստացուածք հաւաքեց ու գնաց բարբարոսների երկիրը՝ փրկելու գերուածներին եւ այնտեղից վերադարձնելու իր ոչխարներին, որտեղից որ գտնէր:
Ճանապարհ ընկնելով՝ հասաւ մի գիւղ, որի մօտակայքում կար մի լեռ եւ շատ խոր մի լճակ: Այնտեղ բոյն էր դրել մի մեծ ու ահաւոր վիշապ, որը սարսափի մատնելով տեղի բնակիչներին՝ յափշտակում էր նրանց անասուններին եւ երեխաներին: Այդ գաւառի հեթանոս բնակիչները սովորոյթ էին դարձրել՝ ժամանակ առ ժամանակ դիւային սնապաշտութեամբ վիճակով մի երեխայ ընտրել եւ նետել վիշապի որջը, որպէսզի նրա մահուամբ վիշապը հաշտուի իրենց հետ: Արդ, երբ երանելի Աթանագինէսը մօտեցաւ, տեսաւ մի կապուած, անտերունչ մանուկ եւ շատ զարմացաւ: Հարցուփորձ անելով նախ երեխային եւ ապա մօտ կանգնածներին՝ իմացաւ, որ նա կապուել է վիշապին կեր դառնալու համար: Այնժամ գորովանք տածելով մանկան հանդէպ՝ սուրբը սովորեցրեց նրան աղաղակել Բարձրեալ Աստծուն ու խնդրել Նրա օգնականութիւնը: Եւ ինքն էլ սկսեց աղօթել՝ ասելով. «Յաւիտեանների Տէր Աստուա՛ծ, օգնական եղիր այս մանկանը», ապա սուրբ խաչի նշանով կնքեց երեխային ու արձակեց նրա կապանքները: Կանգնած նրա մօտ՝ կանչում էր Տիրոջ անունը եւ ասում. «Տէր Աստուա՛ծ, Քո հրամանով իմ ճանապարհն ուղղուեց այստեղ, քանզի այս մանուկը պատրաստւում էր կեր դառնալ գազանին: Լսի՛ր, Տէ՛ր, քո ծառային եւ առաւել եւս այս մանկանը, որը սուրբ սրտով կանչում է Քեզ: Ե՛կ, Տէ՛ր, օգնութեան եւ ցո՛յց տուր այստեղ Քո բարերարութեան զօրութիւնը: Անզօր դարձրու հզօր վիշապին՝ հարուածելով նրան, որպէսզի տեղի բնակիչները, տեսնելով ու ճանաչելով Քո անբաւ ու անհասանելի զօրութիւնը, յաւիտեան փառաւորեն Քո մեծ եւ սքանչելի անունը, իսկ ես՝ Քո ծառան, ուրախութեամբ գնամ իմ ճանապարհը՝ առաջնորդուելով Քո անուամբ»:
Եւ մինչ սուրբն աղօթում էր, վիշապը սողալով դուրս եկաւ ու երեւաց սարսափելի ու ահաւոր տեսքով: Այնժամ սուրբ Աթանագինէսը երկինք նայելով՝ բարձր ձայնով աղաղակեց առ Աստուած եւ Ամենասուրբ Երրորդութեան անուամբ իր ձեռքի ստիւրակէ գաւազանով երեք անգամ հարուածեց վիշապի գլխին, եւ գազանն իսկոյն պատառոտուելով սատկեց: Ապա Աստուծոյ այրը երեխային իր տուն ուղարկեց եւ կամեցաւ գնալ իր ճանապարհով: Մանկան ծնօղներն էլ, տեսնելով կատարուածը, մեծապէս ուրախացան եւ կամեցան փոխարէնը իրենց որդուն տալ սուրբին՝ որպէս նրա Աստուծոյ նուէր: Իսկ սուրբը նրանց եւ տեղի հեթանոսներին քարոզեց Քրիստոսի հաւատը եւ ուղարկեց նրանց եպիսկոպոսի մօտ, որը նստում էր այդ գաւառում: Իմանալով այդ մասին եւ աստուածային յայտնութեամբ ճանաչելով Աթանագինէսի արժանաւորութիւնը՝ իր մօտ կանչեց նրան եւ աստուածասէր այրին՝ եպիսկոպոս ձեռնադրեց, «քանզի, — ասաց, — այսպիսիններն են, որ կարող են հոգիների տեսուչ լինել»:
Սակայն երանելի Աթանագինէսը, որն արժանացաւ այս շնորհներին, չցանկացաւ մնալ օտար երկրում, ուստի վերցնելով մանկանը, որին փրկեց, շտապեց գնալ իր ճանապարհով: Եւ հասնելով բարբարոսների երկիրը՝ վերադարձրեց շատ գերիների ու բերելով Սեբաստիա՝ նրանց յանձնեց իրենց եղբայրներին եւ ծնօղներին: Իսկ ինքը եկաւ իր գիւղը, որ կոչւում էր Փիլաքթովէ կամ Փետաքթոնէ եւ որեւէ մէկին չյայտնեց եպիսկոպոսական շնորհի մասին, որ ստացել էր ուղեգնացութեան ժամանակ, որպէսզի չտրտմեցնի սեբաստացիների եպիսկոպոսին, որն իրեն քորեպիսկոպոս էր կարգել: Այնտեղ մնաց իր որդու հետ, որին կոչեց Պատրոփիլոս, որ նշանակում է հայրասէր եւ որը սուրբի մահից յետոյ խոստովանութեամբ արժանացաւ ընդունել քորեպիսկոպոսութեան աթոռը:
Այնուհետեւ դարձեալ գնաց բարբարոսների երկիրը, որտեղ տեսաւ, որ նրանք մեծ աւերածութիւններ անելով՝ հրի էին մատնում նաեւ գիւղի եկեղեցին, որն ինքը՝ սուրբ Աթանագինէսն էր կառուցել: Տեսնելով, որ տաճարն այրւում է, սուրբն աղաղակեց Աստծուն՝ եկեղեցին պահելու համար, եւ ահա յանկարծ եկեղեցու սրահի միջից ջրախառն հողմ ելաւ ու մարեց կրակը: Կատարուած հրաշքի տեղը մնաց երկար ժամանակ, որպէսզի բոլորին տեսանելի լինէր եկեղեցու կիսաայրուած շինուածքը եւ այն տեղը, որտեղից ելաւ հողմը: Սուրբ Աթանագինէսը Տիրոջ պարգեւած շնորհներով նաեւ շատ այլ հրաշքներ գործեց: Իրեն տրուած իմաստութեամբ եւ բանիբուն գիտութեամբ շատ անհաւատների դարձրեց դէպի սուրբ հաւատը, խրատեց բոլորին՝ ապրել աստուածպաշտութեամբ եւ միմեանց հանդէպ սիրով:
Փիլաքթովէից հինգ կամ վեց մղոն հեռավորութեան վրայ՝ սապուտեցիների սահմանի մօտ Գոողէ կոչուած մի ագարակ կար, որտեղ արածող մատակների պատճառով ոմանց միջեւ խռովութիւն էր ընկել: Երանելի Աթանագինէսը կանչեց նրանց՝ դատ անելու եւ իւրաքանչիւրին ցոյց տուեց իր իրաւունքը, որպէսզի չվիճեն: Սակայն նրանք, անտեսելով սուրբի կարգադրութիւնը, դարձեալ բորբոքուեցին միմեանց դէմ. մարդն իր եղբօր դէմ կատաղութեամբ սուր հանեց, մինչեւ որ նրանցից ոմանք վիրաւորուելով վախճանուեցին: Իմանալով այս մասին՝ սուրբը տրտմեց այդ աստիճան թշնամութեան համար, տարածեց իր սուրբ ձեռքերն առ Աստուած, աղաչեց՝ վերացնել ագարակի բոլոր մատակներին, որոնց համար նրանք կռւում էին եւ վերջում նզովեց, որ այդ տեղում այլեւս մատակների հոտեր չլինեն: Անմիջապէս կատարուեցին սուրբի խնդրանքերը. իսկոյն սատկեցին անասունները, իսկ մատակների տէրերը զղջացին իրենց չար գործերի համար, բազմութեամբ գալով ընկան սուրբի ոտքերը եւ աղաչեցին նրան աղօթել ու իրենցից վերացնել նզովքը: Սուրբը չցանկացաւ լսել նրանց խնդրանքը եւ ասաց. «Արդար պատճառի համար առ Աստուած ուղղուած խնդրանքները չեղարկել չեմ կարող, բայց կը խնդրեմ Տէր Աստծուն, որ մատակների փոխարէն ձեզ տայ այլ մեծ մխիթարութիւն՝ թող բազմանան ձեր բոլոր անասունները»: Այնուհետեւ թէպէտ Գոողէի ագարակը խոտաւէտ եւ պարարտ վայր եղաւ անասունների համար, բայց մատակ ձի այլեւս չեղաւ, իսկ եթէ մէկը փորձէր մատակ ունենալ, ապա կը սատկէին նրա միւս անասունները: Դէպքերի ականատես մէկն այս մասին ասել է, թէ՝ մերձակայ տարածքներում, որոնց վրայ նզովք չէր եղել, կան անվտանգ պահուած մատակներ, բայց Գոողէում՝ ո՛չ երբէք:
Այդ ժամանակներում Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս բռնակալ կայսրերի հրամանով սաստիկ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ: Ագրիկողայոս անունով դաատաւորը, որը մի խստասիրտ ու անգութ մարդ էր եւ մեծ իշխանութիւն ունէր Սեբաստիայում, ձերբակալում էր շատ քրիստոնեաների, եւ նրանցից ովքեր յանձն չէին առնում զոհ մատուցել պիղծ կուռքերին, սպանում էր՝ դաժան տանջանքների մատնելով: Անօրէնը բռնեց քրիստոնեայ հինգ անուանի մարդկանց, որոնց անուններն էին Թէոփրաստոս, Մաքսիմիանոս, Պատրոփիլոս, Հիւսքոս եւ Կղէոնիկոս: Այս հինգ վկաներին շղթայակապ բերեցին Ագրիկողայոսի առջեւ, եւ երբ նա հարցաքննեց ու ոչինչ չշահեց, նրանց մատնեց չարչարանքների եւ բանտարկութիւնների:
Իմանալով այս մասին՝ սուրբ Աթանագինէսը գնաց Սեբաստիայի Փիլաքթովէ աւանը՝ տեսնելու սուրբ նահատակներին: Նա իր այցելութեամբ եւ հոգեբուխ վարդապետութեամբ զուարթացրեց ու նրանց սրտերը լցրեց մխիթարութեամբ: Իսկ վերադառնալուց յետոյ, առաւել քաջալերելու համար, սկսեց նրանց հղել նամակներ եւ մխիթարական թղթեր հետեւեալ բովանդակութեամբ: «Իմ երանելի տէրերին եւ Քրիստոսի ընտրալ վկաներին, որոնց անունները գրուած են Կեանքի գրքում, ի Տէր ողջո՛յն Աթանագինէսից: Ճանաչելով երկնաւոր Աստուծոյ զօրութիւնը՝ ձեզնից իւրաքանչիւրն ըստ վաստակի ակնկալում է վարձքի հատուցում: Եւ դուք փորձառութեամբ գիտէ՛ք, որ չկայ աւելի մեծ բան, քան պատուական, ընտիր եւ երանելի լինելու համար վշտանալ, բանտարկուել եւ չարչարուել Քրիստոսի համար, Նրան հաղորդակից լինել նոյնպիսի չարչարանքներով, նշաւակ լինելով մրցահանդէս մտնել յանուն Երկնաւորի ու այդպէս անարգուելով, չարչարանքներով ու նեղութիւններով հաճոյ լինել Բարերարին: Ուրա՛խ եղէք, արդարեւ, երանի՛ է ձեզ: Ես յօժարութեամբ եկայ ձեզ մօտ ոչ միայն ցոյց տալու իմ սէրը, այլեւ ձեզ ուղղուած գրուածքներով կատարեցի իմ ցանկութիւնը: Արդ, փոխարէնը դուք մեզ կը հատուցէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան Օրը: Շատ շուտով, երբ վախճանուէք, դուք յայտնի կը դառնաք ձեր բարի գործերով եւ ճիշտ ընտրութեամբ, իսկ շատերը, լսելով ձեր այդպիսի ճգնութեան համբաւը, կը հաստատուեն հաւատի մէջ: Նայելով ձեր համբերութեանը՝ ի՞նչ պէտք է անէի, եթէ ոչ այսպիսի յօժարական գրով հաստատէի ձեր յաղթող հոգիները, որ լցուած են ամենայն բարութեամբ եւ առաջադիմութեամբ, որով խրատւում են ուրիշները: Ուստի այսուհետեւ անդադար աղօթում ենք երկնաւոր Աստծուն՝ ձեզ կատարեալ շնորհներ տալու համար, որպէսզի ստանաք վերին կոչման յաղթանակը՝ ըստ ձեր յօժար կամքի: Եւ ինչպէս խնդրեցինք ձեզ, Տիրոջ Գալստեան Օրը, երբ արժանանաք նահատակութեան պսակին, բարեխօսէք մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին՝ մեզ եւս արժանացնելու ու ձեզ հետ բաժին ունենալու համար»:
Այսպէս գրելով սուրբ վկաներին՝ Մեծ Աթանագինէսը հարկ համարեց Փիլաքթովէում նրանց համար պատրաստել հանգստարան եւ այսպիսի բարի խորհրդով նախքան նրանց նահատակութիւնը՝ սկսեց սուրբ վկաների համար վկայարան շինել: Եւ լուր տարածելով, թէ իր համար լոկ ապարանք է շինում, կառուցեց աղօթքի տուն՝ ութանկիւն եւ սրահաձեղուն, որը մինչեւ այժմ կոչւում է Գմբէթաձեւ, ինչպէս որ ժամանակակից պատմաբանն է յայտնում: Եւ սա արեց, որպէսզի չերեւար առանձնացած մի կողմը, որը դէպի արեւելք էր նայում, բայց նաեւ յայտնի լինէր, որ կառոյցը եկեղեցի է, ինչպիսին էր նոյն գիւղում վաղօրօք կառուցած իր եկեղեցին: Գմբեթի տակ սուրբերի համար շինեց գետնափոր գերեզմաններ, որտեղ էլ ամփոփեց նախասացեալ հինգ վկաներին, որոնք նահատակուեցին քիչ օրեր անց: «Այժմ այդ նոյն սուրբ տան գերեզմանոցում է ամփոփուած նաեւ ինքը՝ սուրբ Աթանագինէսը» — ասում է վկայաբանը, որն այս բաները գրեց այդ տարուայ մէջ՝ նախքան սուրբ Լուսաւորչի ձեռամբ սուրբ Աթանագինէսի մարմինը Հայաստան փոխադրելը:
Արդ, Աստուծոյ մարդու՝ Աթանագինէսի ամենուր տարածուած բարեպաշտութեան համբաւը հասաւ նաեւ թագաւորին, որը նստում էր Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքում: Տեղի իշխանները դժգոհում էին թագաւորից, թէ նա մեծարում է քրիստոնեաների աղանդը, ուստի ստիպում էին նրան պատուիրել Սեբաստիայի Ագրիկողայոս դատաւորին՝ իսկոյն սպանել Աթանագինէս եպիսկոպոսին: Թագաւորը նրանց պահանջով հրաման ուղարկեց Ագրիկողայոսին, եւ սա զօրականներ կարգեց՝ գնալու եւ որոնելու, «թէ ո՞ւր կը լինի Աթանագինէսը, — ասաց, — որի մասին այսպիսի բաներ եմ լսում»:
Իմանալով այս մասին՝ երանելին շատերի օգտի համար չկամեցաւ իսկոյն ընկնել անօրէնների ձեռքը: Նա թաքնուեց Փիլաքթովէ գիւղում, որտեղ քաջալերում էր ծպտեալ հաւատացեալներին: Իսկ երբ շատացան նրան որոնողները, գաղտնի հեռացաւ գիւղից, գնաց գիւղի դիմաց գտնուող մի բարձր լեռ, որն անջրդի ու անապատ մի վայր էր: Երկար ժամեր համբերելով՝ նստեց մի քարայրում եւ սատիկ տօթից ծարաւած՝ աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Յիսուս Քրիստո՛ս, ցո՛յց տուր Քո ծառային մեծ զօրութեանդ շնորհները, որ կան Քո ծառաների վրայ եւ մի՛ անտեսիր իմ տառապանքները: Մարդասէր Տէ՛ր, Դու, որ արբեցրիր անապատի ժողովրդին, ջուր բխեցրու այս վէմից, որպէսզի խմեմ ու զովանալով անդադար փառաւորեմ Քեզ»: Այսպէս ամբողջ սրտով աղօթելուց յետոյ, արժանացաւ շնորհին, որ խնդրեց. վէմը բացուեց բերանի պէս եւ յորդառատ ջուր բխեցրեց, որից սուրբը խմեց ու գոհացաւ Տուողից: Այդ վէմի ծերպից բխած աղբիւրը յիշատակ մնաց սերունդների համար, ինչպէս նաեւ յետագայում տեղի բնակիչները ճանաչում էին քարայրը, որը սուրբի հանգստավայրն էր:
Երբ որոնողները չգտան սուրբին, որոշ ժամանակ հանդարտութիւն տիրեց: Այնժամ սուրբն իջաւ լերան վրայից եւ գալով Փիլաքթովէի մերձակայքում գտնուող մի դալարաւէտ վայր՝ գտաւ իր աշակերտներին, որոնք իրեն էին սպասում: Կամեցաւ այդտեղ փոքր-ինչ հանգիստ առնել, իւրայիններին պատուիրեց հսկել ճանապարհը իշխանի ուղարկած որոնողներից, եւ ինքը նիրհեց: Անուրջի մէջ տեսաւ, որ կէսօրուայ մէջ մի լուսապայծառ աստղ փայլեց իր վրայ: Իսկոյն արթնանալով՝ աստուածասէր այրը հասկացաւ, որ այդ աստղը խորհրդանշում էր իր առաջիկայ մարտիրոսութիւնը եւ իր հետ եղողներին պատուիրեց աղօթել: Նորից ննջեց ու դարձեալ անուրջի մէջ տեսաւ, որ վեր ու վար անող մրջիւնների բազմութինը նեղութիւն է պատճառում իրեն: Երբ արթնացաւ, իմացաւ, որ խռովութիւններ պիտի հասնեն իրեն, որի համար գոհացաւ Տիրոջից եւ իր անձն ու իւրայիններին յանձնեց Մարդասէր Տիրոջ խնամատարութեանը: Եւ մինչ այնտեղ էին, հանդիպակաց կողմից եկան ու անցան դատաւորի զօրականները, որոնք կապուած քրիստոնեաներին տանում էին Սեբաստիայի ճանապարհով: Ճանապարհի մօտ տեսնելով Աթանագինէսին ու նրա աշակերտներին՝ զօրականները, չիմանալով, թէ ովքեր են, շեղուելով իրենց ճանապարհից՝ մօտեցան նրանց եւ Աթանագինէսին հարցրեցին. «Գիտե՞ս արդեօք, թէ որտեղ է բնակւում Աթանագինէսը, ցո՛յց տուր մեզ»: Եւ նա պատասխանեց. «Դժուար բան խնդրեցիք, բայց եթէ գնաք Փիլաքթովէի անդաստանը ու այնտեղ հարցնէք, կþիմանաք»: Եւ նրանք ուղղուեցին այդ կողմ, իսկ այդ տեղը, ինչպէս յայտնում է վկայաբանը, կատարուած դէպքից անուն ժառանգեց եւ մինչ այժմ կոչուեց «Ուր տէրը բռնուեց»:
Բայց Աթանագինէսը մտածեց, որ գուցէ զօրականները գնան իր գիւղը եւ իր պատճառով խռովութիւն գցելով՝ նեղութիւն պատճառեն հողագործներին: Ապա ելաւ, արագ հասաւ նրանց ու խնդրեց գալ իր հետ, իջեւանել Փիլաքթովէում եւ ճաշել իր տանը, իսկ նրանք թէպէտ չէին կամենում, սակայն պատկառելով մարդու պատուական տեսքից ու փառաւոր ծերունու հասակից՝ մի կերպ համոզուեցին: Ապա արի եւ քաջ նահատակը սեղան բացեց զօրականների առաջ ու չթաքցրեց իր ով լինելը՝ ասելով. «Որդեակնե՛ր, ե՛ս եմ Աթանագինէսը, որին դուք փնտռում էք, վարուէք ինձ հետ այնպէս, ինչպէս հրամայել է ձեր իշխանը»: Այնժամ մարդիկ սկսեցին միմեանց երեսի նայել ու չգիտէին, թէ ինչ անէին այդ մարդաշահ եւ առաքինի ծերունուն: Նրանք ունէին երկաթէ կապանքներ, սակայն չէին շտապում շղթայել երանելուն: Ասացին. «Դու մնա այստեղ եւ թաքնուիր որտեղ կը կամենաս, իսկ մենք կը գնանք եւ մեզ ուղարկողին կþասենք, թէ չենք գտել»: Բայց սուրբը յանձն չառաւ մնալ եւ ասաց նրանց. «Այս եմ խնդրում ձեզ. մինչեւ գիւղի սահման հասնելը, ինձ մի՛ շղթայէք, որպէսզի իմ պատճառով խռովութիւն չառաջանայ, իսկ երբ անցնենք, այնժամ կապէք ինձ եւ տարէք՝ ինչպէս ձեզ հրամայուած է, որպէսզի չընկնէք ձեր իշխանի ցասնման ներքոյ: Ես պատրաստ եմ չարչարուել Տիրոջ անուան համար»:
Զօրականները լսեցին նրան եւ վարուեցին նրա խօսքի համաձայն: Իրենց հետ վերցնելով՝ նախ նրան տարան մի գիւղ, որ կոչւում էր Սագուպինէ: Մի քանի օր մնալով այնտեղ՝ սուրբը կանչեց գաւառի երէցներին, զգուշացրեց նրանց՝ յայտնելով իր մօտակայ նահատակութեան մասին ու ասաց. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, իշխաննե՛ր եւ պատուական այրե՛ր, հացակիցնե՛ր եւ բարեկամնե՛ր, իմ սիրելինե՛ր եւ որդեակնե՛ր, ամբողջ ժողովո՛ւրդ, աղօթեցէ՛ք ինձ համար պահեցողութեամբ հանդերձ, որ Աստուծոյ կամքով իրականանայ յօժարութեամբ նահատակութիւնս եւ ըստ իմ ցանկութեան՝ շնորհ գտնեմ Նրա առաջ, որպէսզի այնուհետեւ ես եւս բարեխօսեմ Տիրոջը բոլորիդ համար: Իսկ եթէ պատահի այնպէս, որ ես՝ իբրեւ մարդ, տկարանամ ու դասալիք լինեմ՝ փախչելով մարտիրոսութիւնից, աղաչում եմ ձեզ՝ շրջապատէ՛ք ինձ՝ հարուածելով քարերով եւ փշերով ու հալածէ՛ք: Սակայն ես յոյս ունեմ ի Տէր Յիսուս Քրիստոս, որ Նրա մարդասիրութիւնն ինձ չի լքի»: Ապա երէցներին առանձին ասաց. «Իմ եղբայրնե՛ր, հայրե՛ր ու տէրե՛ր, այժմ յայտնում եմ ձեզ, որ ես շատ ժամանակ առաջ արժանացել եմ եպիսկոպոսութեան աստիճանի, սակայն չեմ կամեցել յայտնել այդ մասին, որպէսզի հեռու մնամ սնապարծութիւնից: Բայց տէրե՛ր եւ եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք իմ յորդորը, որը յաճախ ասում էի ձեզ՝ իբրեւ գաւառի գիւղերի քորեպիսկոպոս, որպէսզի ամո՛ւր պահէք բոլոր կանոնական գործերը եւ ձեր ծառայութիւնը՝ անփոփոխ պահելով երախայրիքների, պատարագների, նաեւ այլ եկեղեցական արարողութիւնների կարգերը իւրաքանչիւր գիւղում: Եւ թող ոչինչ չպակասի իմ կողմից սահմանուած կարգից, որպէսզի չընկնէք Աստուծոյ արդար դատաստանի առաջ: Այլ ջանացէք աւելացնել կարգուածների վրայ եւ ոչ թէ նուազեցնլ, որպէսզի Քրիստոս Աստծուց մեծագոյն վարձք ընդունէք: Արդ, որպէսզի ամենեւին անպտուղ չմնան իմ մէջ եղած շնորհները, որ ստացել եմ եպիսկոպոսութեան ձեռնադրութեան ժամանակ, կամենում եմ ընտրել երկու հոգու, նրանց ժառանգաւոր դարձնել եւ թողնել ձեզ»:
Եւ ձեռնադրելով իր ընտրած երկու աշակերտներին՝ գրեց Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսին, թէ՝ «Այս արեցի ոչ թէ փառասիրութեամբ, այլ որպէսզի չդատարկուեմ իմ մէջ եղած շնորհներից»: Այնժամ բոլորը, որ կային այդտեղ, արտասուքներով ընկան սուրբ Աթանագինէս եպիսկոպոսի ոտքերը եւ ասացին. «Աղաչո՛ւմ ենք քեզ, ծերունի հա՛յր, աղօթի՛ր մեզ համար», իսկ նա, Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսին յանձնելով նրանց, ինչպէս նաեւ ամբողջ գաւառն ու Փիլաքթովէի իր անդաստանը, ողջոյն տուեց բազմութեանը եւ հեռացաւ:
Եւ մինչ զօրականները սուրբ Աթանագինէսին տանում էին Սեբաստիա, նախքան նրանց քաղաք ժամանելը՝ Ագրիկողայոսը բռնել էր սուրբի երկու աշակերտներին, որոնցից մէկը՝ Արիստոնը, նրա դպիրն էր, իսկ միւսը՝ Սեւերիանոսը, սաղմոսերգուն: Երբ այնտեղ սկսուեցին հալածանքները, նախանձախնդրութեամբ բոցավառուած այս երկու երիտասարդ այրերը ցանկացան մարտիրոսանալ եւ պատրաստուեցին նահատակութեան՝ առանց սուրբ եպիսկոպոսի գիտութեան: Գալով Սեբաստիա՝ նրանք իրենց անունից գրութիւն յանձնեցին Ագրիկողայոս իշխանին, որում բազմաթիւ անարգալից խօսքեր կային ընդդէմ թագաւորների եւ իշխանների, որպէս թէ նրանք ամբարշտաբար հալածում են քրիստոնեաներին եւ արժանի չեն թագաւորելու ու դատաւորներ լինելու: Այսպիսի եւ առաւել քան այսպիսի ծանր խօսքեր գրեցին ու այն մատուցեցին իշխանին, որպէսզի կարդալով նա իսկոյն սպանի իրենց, եւ իրենք մարտիրոսանան:
Արդ, երբ Ագրիկողայոսը ստացաւ նամակը, ծանօթացաւ գրուած նիւթին եւ անասելի զայրանալով նրանց վրայ՝ հրամայեց բռնել նրանց ու կալանաւորել: Բայց առաւել զայրացաւ սուրբ Աթանագինէսի վրայ, երբ իմացաւ, որ այդ երկուսը նրա աշակերտներն էին, որովհետեւ կարծեց, թէ գրութիւնը նրա կամքով է գրուել: Ապա տեսնելով, որ ուշանում է Աթանագինէսի գալուստը, ամսամուտին ատեան նստեց ու հրամայեց իր առջեւ բերել Արիստոնին եւ Սեւերիանոսին: Ասաց նրանց. «Այն գրութիւնը, որ հրապարակաւ առաջ բերեցիք, ո՞վ է շարադրելով գրել»: Սեւերիանոսը վարանում էր խորհուրդների ծփանքից, որովհետեւ ինքն էր այդ գրութեան հեղինակը, իսկ առաքինի Արիստոնն առաջ եկաւ եւ ասաց՝ ե՛ս: Իշխանն ասաց. «Եւ քո այդ ընկերը քեզ հե՞տ էր»: Արիստոնն ասաց. «Այո՛, ինձ հետ էր: Նա ասաց, եւ ես գրեցի»: Ագրիկողայոսն ասաց. «Նամակում շատ բաներ կան գրուած ընդդէմ թագաւորների եւ իշխանների, որոնք չարժէ ասել կամ լսել: Գիտէ՞ք արդեօք, որ դուք անպատշաճ բաներ էք գրել: Գրել էիք, թէ նաեւ մեհեաններ էք այրել: Ստո՞յգ է, թէ՞ ոչ, եւ որտե՞ղ էք դրանք այրել»: Արիստոնը պատասխանեց. «Այրել ենք բոլոր այն մեհեանները, որոնց մօտով անցել ենք ու գտել, բայց վայրերի անունները բնաւ չենք ճանաչում»: Այնժամ իշխանը սպասաւորներին հրամայեց. «Կախէ՛ք ու քերէ՛ք դրանց մարմինները»:
Երանելի Արիստոնը ուրախութեամբ էր կրում քերանքները, որովհետեւ կատարուեց իր ցանկութիւնը: Աղօթելով ասում էր. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր, որ արժանացրիր ինձ կրել չարչարանքներ՝ Քո փառաւորեալ անուան համար եւ այժմ էլ արժանացրու ինձ՝ մեռնել վկայական մահով: Քո մեծ զօրութեամբ զօրութիւն տուր տկարութեանս, որովհետեւ ամենակարող ես եւ արժանի փառքի ու պատուի»:
Երկար քերելուց յետոյ իշխանը դահիճներին ասաց. «Խնայեցէ՛ք դրան, որ ասի, թէ որտեղ եւ ում կողմից է խրատուել ու ուղղորդուել՝ այսպիսի կամք ունենալու համար»: Սուրբ Արիստոնն ասաց. «Ինձ ոչ ոք չի ուղարկել, այլ ինքս եմ եկել՝ մեռնելու Տիրոջ համար»: Ագրիկողայոսը ստիպեց նրան ասել. «Ո՞ր մեհեանն էք այրել: Հաւաքի՛ր մտքերդ եւ սթափուի՛ր»: Սուրբ Արիստոնը պատասխանեց. «Իմ ուշքը տեղն է, եւ ես կենդանի եմ հոգով»: Իշխանը չարացաւ եւ հրամայեց դարձեալ քերել Արիստոնի մարմինը, իսկ նա տանջանքների մէջ աղօթում էր առ Աստուած եւ ասում. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, օգնի՛ր ինձ եւ Քո բարութեան մէջ ընդունի՛ր Քո ծառայի յօժարութիւնը»:
Երբ Ագրիկողայոսը տեսաւ, որ տանջանքներով չի կարողանում յաղթել քաջ նահատակ Արիստոնին, հրամայեց իջեցնել նրան կախաղանից եւ կախել Սեւերիանոսին: Եւ երբ կախեցին, իշխանն ասաց նրան. «Նախքան մարմինդ քերելը՝ ասա՛ մեզ՝ ո՞ր մեհեաններն էք այրել», իսկ նա պատասխանեց՝ չգիտեմ: Իշխանը հարցրեց նրան. «Ասա՛, ո՞ւմ որդին ես», իսկ Սեւերիանոսը հեգնախառն ու ծաղրանքով ասաց. «Ոչ հայր ունեմ եւ ոչ էլ մայր»: Ագրիկողայոսն ասաց. «Իսկ ինչպէ՞ս ես ծնուել»: Պատասխանեց՝ չգիտեմ: Դատաւորը բարկացաւ, հրամայեց քերել նրա մարմինը ու յաճախակի հարցնում էր, թէ ո՞ր մեհեաններն են այրել:
Երբ սաստկացրին նրա տանջանքները, Սեւերիանոսը, որ տկարացել էր ու դատարկուել Աստուծոյ շնորհներից, ասաց դահիճներին. «Թողէ՛ք ինձ, եւ ես կþասեմ»: Եւ երբ արձակեցին, դատաւորին ասաց. «Մենք որեւէ մեհեան չենք այրել: Ես եմ յօրինել այդ սուտը, որպէսզի քեզ բարկացնեմ մեր դէմ»: Թերեւս սա ճշմարիտն ասաց, բայց աւելացրեց մէկ այլ ապիրատ սուտ՝ իր վարդապետին մատնելու եւ իր անձն ազատելու համար, քանզի երբ իշխանը ստիպեց նրան՝ ասել, թէ ո՞վ ձեզ այստեղ ուղարկեց կամ համոզեց գրել այս թուղթը, Սեւերիանոսն պատասխանեց. «Մեր վարդապետ Աթանագինէսը, որ բնակւում է Փիլաքթովէի անդաստաններում, որ սահմանակից է Սագուպինէին: Նա է մեզ յորդորել, որպէսզի մարտիրոսանանք: Նա ինքն է գրել այդ թուղթը մեր անունով ու տուել մեզ»: Ագրիկողայոսն ասաց. «Շուտով ես նրանից վրէժ կը լուծեմ, իսկ դու, եթէ կամենում ես ապրել, գնա՛ մեհեան եւ զոհ մատուցիր»: Այնժամ թշուառ Սեւերիանոսը, պղտորելով իր հոգին, ասաց դատաւորին. «Թող Արիստոնը եւս գայ ինձ հետ, որպէսզի միասին զոհ մատուցենք», իսկ իշխանն ասաց նրան. «Դու ենթարկուի՛ր մեր հրամաններին, գնա՛ Կոռնել գաւառապետի հետ եւ զոհ մատուցիր, իսկ Արիստոնին թո՛ղ»:
Եւ երբ այդ ողորմելին գնաց, դատաւորը հրամայեց իր առջեւ բերել քաջ Արիստոնին: Սկսեց խօսել սաստկութեամբ, որ թերեւս կարողանայ սասանել նրա հաստատուն միտքը եւ ասաց նրան. «Քո ամբարտաւան բարքը եւ պիղծ մտքերը ծածուկ մնալ չկարողացան, այլ ձեր չար խորհուրդները վեր ելան»: Սուրբ Արիստոնն ասաց. «Ամէն բան, ինչ եղաւ իմ կողմից, թող Տէրն ի բարին առաջնորդի, քանզի ես, որ Արիստոն եմ կոչւում, որ նշանակում է քաջ եւ հաճոյական, կամենում եմ հաճելի լինել իմ Տէր Աստծուն: Նա է իմ յոյսը եւ ոչ թէ իմ խորհուրդներն ու մտքերը»: Իշխանն ասաց. «Ահա քո ընկերը զոհ մատուցեց»: Սուրբ Արիստոնը պատասխանեց. «Որովհետեւ նա չկարողացաւ համբերել Քրիստոսի հաւատով, ինչպէս որ պարտաւոր էր»: Իշխանն ասաց. «Քո մարմինն անզգա՞յ է»: Արիստոնը պատասխանեց. «Աստուծոյ կամքով»: Ագրիկողայոսն ասաց. «Մի՞թէ դու երկնքից ես»: Արիստոնը պատասխանեց. «Այո՛, երկնքից եմ եւ շտապում եմ այնտեղ գնալ»:
Տեսնելով, որ նրա միտքը հաստատուն է, իշխանը վճիռ արձակեց նրա համար եւ ասաց. «Իմ պատուասիրութեանը յանդուգն գրութիւն մատուցելու պատճառով ոչ հարցաքննութիւնները եւ ոչ էլ մեր ամենայաղթ ինքնակալ տէրերի մարդասիրութիւնը չկարողացան քեզ ուղղութեան բերել, որի համար հրամայում եմ քեզ հրի մատնել»: Եւ այս հրամանով էլ նահատակուեց քաջայաղթ վկայ սուրբ Արիստոնը, որը եղաւ նախքան օգոստոս ամիսը՝ յուլիսի քսաներեքին:
Այնուհետեւ դատաւորը կանչել տուեց ուրացող Սեւերիանոսին եւ հարցրեց. «Զոհ մատուցեցի՞ր աստուածներին»: Պատասխանեց՝ այո՛: Անօրէն Ագրիկողայոսն ասաց. «Մեր տէրերի եւ ինքնակալ կայսրերի պատուական մարդասիրութիւնն ու աստուածների քաջութիւնը քեզ բարութեան տարան, իսկ Արիստոնին իր յամառութեամբ մոլորութեան մէջ մնալու համար հատուցեցին իր արժանին: Սակայն այժմ կը հրամայեմ, որ մինչեւ Աթանագինէսի գալը քեզ պահեն բանտում, որտեղ քեզ համար հոգ կը տանեն»: Արդ, ո՞վ կարող է պատմել, թէ ինչպէս էր մորմոքւում թշուառ Սեւերիանոսի սիրտը, երբ իրեն զրկուած էր տեսնում սուրբ ընկերոջ՝ Արիստոնի պսակից:
Այստեղ ժամանակակից արժանահաւատ վկայաբանը իմանալ է տալիս, որ սուրբ Արիստոնը հրով նահատակուեց Սեբաստիայում, սակայն ոմանք անգիտութեամբ նրան շփոթում են սուրբ Հռեգինոսի հետ, որը սուրբ Աթանագինէսի աշակերտներից կամ սպասաւորներից մէկն էր: «Սակայն, — ասում է, — թող իւրաքանչիւրն իմանայ, որ սուրբ Հռեգինոսը չի նահատակուել Սեբաստիայում, այլ Նէոկեսարիա քաղաքում, որտեղ մինչեւ այսօր կայ նրա վկայարանը»: Քանզի եկեղեցու դէմ ժամանակի սաստիկ հալածանքների պատճառով Աթանագինէսը նրան ուղարկեց այնտեղ, որպէսզի տեսնի քրիստոնեաների վրայ եկող պատուհասներն ու ընթացքը եւ յայտնի իրեն, իսկ հալածողները, իմանալով Հռեգինոսի քաղաք գալու մասին, բռնեցին նրան ու մատնեցին չարչարանքների, եւ այդպէս, գոհանալով Տիրոջից, նահատակուեց բարի վկայութեամբ: Այսպէս գիտենք նաեւ ժամանակին նահատակուած Աթանագինէսի միւս աշակերտների մասին, որոնց անունները չեն յիշատակուած, սակայն ասում էին թէ՝ նրանք թուով տասն էին:
Արդ, մինչ սուրբ Աթանագինէսը Սագուպինէում էր, իմացաւ սուրբ Հռեգինոսի նահատակութեան մասին եւ փառաւորեց Աստծուն, իսկ Արիստոնի ու Սեւերիանոսի հետ կատարուածի մասին նա ոչինչ չգիտէր, մինչեւ որ զինուորները նրան առնելով բերեցին Սեբաստիա: Ագրիկողայոսի կինը՝ լսելով Աստուծոյ մարդու գալստեան մասին եւ իմանալով նրա սքանչելի առաքինութիւնների ու հրաշագործ սրբութեան մասին, իր ամուսնուց ծածուկ շտապեց ընդառաջ գնալ նրան: Նա ընկաւ սուրբի ոտքերն ու ասաց. «Տէ՛ր իմ, իմացել եմ ու առաւել եւս հաւատացել եմ, որ դու Քրիստոս կոչուածի արժանաւոր ծառան ես եւ ինչ որ խնդրում ես Նրանից, տալիս է քեզ: Արդ, աղաչելով ընկնում եմ քո առաջ, որպէսզի ինձ առատապէս շնորհես իմ խնդրանքը, քանզի իմ դուստրը երկար ժամանակ բռնուած է պիղծ դեւից: Արդ, աղօթի՛ր, որ դեւը հալածուի, իսկ ես կը թախանձեմ իմ ամուսնուն ու կը համոզեմ նրան, որ անվնաս արձակի քեզ»: Սուրբն ասաց նրան. «Եթէ հաւատում ես, որ արժանացել եմ Տիրոջ շնորհներին, ապա ըստ քո հաւատի՝ այսուհետեւ թող դեւը չհամարձակուի նեղել քո դստերը: Բայց զգուշացի՛ր, եթէ բարեխօսես իմ ազատութեան համար եւ խափանելով իմ կոչումը՝ պատճառ լինես նահատակութիւնից զրկուելու համար, դեւն անդադար աւելի կը վտանգի նրան, քան առաջ: Իսկ դու ստացի՛ր քոնը եւ խաղաղութեամբ գնա քո տուն»: Եւ նա, շատ արտասուքներ թափելով, սուրբին քաղաք ճանապարհեց, ապա վերադարձաւ իր տուն ու դստերը հանգստացած գտաւ:
Երբ սուրբ Աթանագինէսին բերեցին ապարանք, Ագրիկողայոսը հրամայեց արդար մարդուն շղթայակապ իր առջեւ բերել: Սկսեց հարցաքննել նրան ու ասել. «Դու ճանաչո՞ւմ ես Արիստոնին եւ Սեւերիանոսին»: Սուրբ Աթանագինէսը պատասխանեց. «Որո՞նց»: Իշխանն ասաց. «Քո իսկ աշակերտներին, որոնցից Արիստոնն իր յանդգնութեան պատճառով պատուհասուելով մահուան մատնուեց, իսկ Սեւերիանոսը դեւեւս ողջ է: Նա վկայութիւն է տուել քո մասին, թէ ինչպէս ես անարժան խօսքերով անարգել աստուածներին ու թագաւորներին: Նա մեզ է յանձնել չարութեամբ լի քո գրութիւնը»: Այնժամ սուրբ եպիսկոպոսն ասաց. «Ում որ նշեցիր, դրանք իմ աշակերտների անուններն են, եւ ես չեմ ուրանում, բայց գրութեանն ամենեւին տեղեակ չեմ, որովհետեւ իմ Տէրը՝ Յիսուս Քրիստոս, սովորեցրել է հեռու մնալ նման գործերից, ուստի եւ գրել չէի կարող»: Ագրիկողայոսն ասաց. «Գէթ լսե՞լ ես, թէ ինչ են արել քո աշակերտները»: Սուրբը պատասխանեց. «Չգիտեմ»: Իշխանն ասաց. «Քեզ վայել չէ ստելը, յատկապէս որ լսել եմ, թէ եպիսկոպոս ես»: Առ այս Աթանագինէսն ասաց. «Աստուածային Գիրքը մեզ սովորեցնում է չստել, որովհետեւ նրանում գրուած է. “Տէրը կորստեան է մատնում բոլոր նրանց, ովքեր ստում են”[2]: Եւ եթէ ես ստեմ, կորստեան կը մատնուեմ»: Դատաւորն ասաց. «Եթէ քո խօսքը ճշմարիտ է, ապա յանդիմանի՛ր Սեւերիանոսին ստելու համար»: Այնժամ կանչել տուեց Սեւերիանոսին եւ հարցրեց նրան. «Ճանաչո՞ւմ ես այս ծերունուն, ի՞նչ է նրա անունը»: Եւ նա պատասխանեց. «Այո՛, նա Աթանագինէսն է»: Իշխանն ասաց. «Այն գրութիւնը, որ դու եւ Արիստոնը ներկայացրիք ինձ, նա՞ է տուել ձեզ»: Սեւերիանոսը պատասխանեց. «Ո՛չ»: Իշխանը բարկացաւ եւ ասաց. «Ուրեմն մոռացա՞ր նախկին վկայութիւնդ, որն արձանագրելով ստորագրեցիր»: Իսկ նա պատասխանեց. «Ես այդպէս վկայեցի վախից»: Այնժամ իշխանն ասաց. «Կախե՛լ Սեւերիանոսին»: Իսկ նա, վախենալով տանջանքներից, դարձեալ ստեց՝ ասելով. «Նա տուեց ինձ», — ու սկսեց շաղփաղփել: Դատաւորը նրան ասաց. «Գուցէ ինչ-որ մէկը դրդել է քեզ, կամ էլ երկիւղելով ստում ես այս մարդու մասին»: Իսկ նա վախից ասաց. «Չեմ ստում», — եւ շատ ամբաստանութիւններ նիւթեց իր վարդապետի վրայ:
Ապա դառնալով սուրբին՝ դատաւորն ասաց. «Ի՞նչ կþասես, Աթանագինէ՛ս, քեզ եմ հարցնում, ինչպէ՞ս համարձակուեցիր»: Սուրբը պատասխանեց. «Այդ շատ խօսքերն ինձ չեն վերաբերում, ես չգիտեմ, թէ նա ինչ է ասում, եւ այդպիսի բան ես չեմ տեսել»: Դատաւորն ասաց. «Կամենո՞ւմ ես, որ Սեւերիանոսը տանջանքների մատնուի»: Աթանագինէսը պատասխանեց. «Դա իմ գործը չէ, դու գիտես»: Ագրիկողայոսն ասաց. «Քեզ տրուած մեղադրանքն անտեղի չէ»: Սուրբը պատասխանեց. «Դատի՛ր, ինչպէս կամենում ես»:
Տեսնելով, որ չի կարողանում խօսքեր որսալ սուրբի բերանից, որպէսզի սպանի նրան՝ դարձաւ Սեւերիանոսին՝ որպէս թագաւորներին անարգող, քան թէ որպէս քրիստոնեայ եւ հարցրեց. «Ո՞վ է քեզ տուել այդ գրութիւնը, որ լի է ինքնակալների դէմ անարգանքներով»: Իսկ ուրացողը պատասխանեց. «Նա ինքը՝ Աթանագինէսն է տուել ինձ»: Այնժամ Ագրիկողայոսն ասաց. «Աթանագինէ՛ս, ահա դու լսեցի ամէն բան: Ես ոչ մի բան պակաս չթողեցի հարցաքննութիւնից, եւ նոյն բանը սա եւս հաստատեց»: Սուրբը պատասխանեց. «Դատի՛ր, ինչպէս կամենում ես եւ արա՛ աւելին, ես ասացի քեզ, թէ այդպիսի բան չեմ արել: Իսկ եթէ դա դիւահար է եւ մոլեգնում է, ես ի՞նչ անեմ»: Դատաւորը դարձեալ ստիպեց Սեւերիանոսին՝ ասել ճշմարիտը. «Այդ գրութիւնը Աթանագինէ՞սն է տուել քեզ, որտե՞ղ, ե՞րբ, անձա՞մբ, թէ՞ այլ մէկի ձեռքով»: Այնժամ ուրացողը, կարկատելով այլ սուտ խօսքեր, ասաց. «Չե՛մ ստում, ո՛վ դատաւոր, նա է ինձ տուել: Նա ինձ ուղարկեց գիւղ՝ իմ մօր՝ Մակեդոնիայի մօտ, ուր ես մնում էի եւ ինձ կանչելով իր մօտ, գրութիւնը գաղտնի տուեց ինձ»: Այնժամ դատաւորն ասաց. «Ուրեմն մարդուց ես ծնուել: Ահաւասիկ մայր ունես, որին ուրանում էիր. բայց Արիստոնի հետ ասում էիր, թէ՝ երկնքից ես իջել»: Իսկ ուրացողը գլխահակ եւ ամաչելով ասաց. «Այդ խորհուրդը սպառուեց»: Դատաւորն Աթանագինէսին հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես սրա մայր Մակեդոնիային»: Աթանագինէսը պատասխանեց. «Չե՛մ ճանաչում»: Ապա նորից դարձաւ Սեւերիանոսին եւ հարցրեց. «Աթանագինէ՞սն է քեզ գրութիւնը տուել ու ի՞նչ է ասել տալու ժամանակ»: Ուրացողը պատասխանեց. «Նա է տուել ու ասել՝ գնացէ՛ք եւ մարտիրոսացէ՛ք»: Դատաւորն ասաց. «Դու կը մեռնես ոչ իբրեւ մարտիրոս, այլ իբրեւ ամբարիշտ եւ հայհոյիչ»: Այս ասելով՝ հեռացրեց նրան ատեանից եւ ապա կեանքից զրկեց սատանայից գերուածին, որը միաժամանակ զրկուեց թէ՛ երկնայիններից եւ թէ՛ երկրաւորներից:
Ապա Ագրիկողայոսը դարձաւ Աստուծոյ սուրբին եւ ասաց. «Քո այդ տարիքում եւ այդպիսի պատիւ ունենալով՝ արժան չէր նման գիր շարադրել ու համոզել աշակերտներիդ՝ այն ինձ մօտ բերելու համար»: Աթանագինէսն ասաց. «Եթէ ստել եմ կամ այդպիսի նամակ եմ գրել, ապա իբրեւ ամբարիշտ՝ թող ես դատուեմ Աստծուց»: Դատաւորն ասաց. «Արդարեւ, Սեւերիանոսին ստախօս ես համարում, իսկ քեզ՝ ճշմարիտ, բայց քանի որ դու քրիստոնեաների վարդապետն ես, ուրեմն դու ես սովորեցրել գրել կամ ինքդ ես գրել մեզ ուղղուած այդ անարգանքները: Իսկ եթէ դու չես գրել, ապա յանդիմանի՛ր դրան, որ ստեց»: Այս ասելով՝ դատաւորը նենգութեամբ կարծում էր, որ սուրբը կամ կը մատնուի մահուան՝ յանձն առնելով, որ ինքն է գրել, կամ էլ ստելու համար յանդիմանելով Սեւերիանոսին՝ կը մերժի գրութիւնը եւ կը գովաբանի ինքնակալների կրօնը: Բայց սուրբ հայրապետը պատասխանեց. «Ինձ ամբաստանողը, որի մէջ նա յամառում է, ինքը գիտէ, ես պատճառ չեմ լինի նրա առաւել տանջանքների համար: Բազմիցս ասացի քեզ, որ մանկուց մտքի սուրբ գիտակցութեամբ եմ ապրել: Եթէ կամենում ես, հարցրո՛ւ ամբողջ Պոնտոսում, թէ ինչպէս եմ ապրել եւ ըստ Տիրոջ հրամանի՝ ինչպէս եմ ուսուցանել կայսրինը տալ կայսեր, Աստծունը՝ Աստծուն: Ուստի հնարաւոր չէ, որ ստահակներն ինձ ընդունելի լինեն»: Ագրիկողայոսն ասաց. «Եթէ իրապէս ապրել ես սրբութեամբ եւ ըստ թագաւորական հրամանների կարգի, որոնք քեզ հրամայում են պահել բարի օրէնքները, քեզ հաստատել ես ճշմարիտ վարքով, հապա ե՛կ, զո՛հ մատուցիր, ինչպէս մենք բոլորս ու ապրի՛ր մեզ հետ, եւ այնժամ մենք կþընդունենք քո ճշմարիտ ընթացքը»: Սուրբ Աթանագինէսն ասաց. «Երբէք չեմ քայլել այդպիսի օրէնքներով եւ չեմ քայլի: Ես կամենում եմ Երկնաւորի օրէնքները, դրանք եմ միշտ ուսուցանել, ուսուցանում եմ ու դրանցով էլ կը մեռնեմ: Իսկ եթէ կամենում ես դատել ինձ նամակ գրելու ամբաստանութեամբ, ապա իմացի՛ր, որ Սեւերիանոսն ամբողջովին ստեց իմ մասին»: Դատաւորն ասաց. «Իմացի՛ր, որ դու չես մեռնի որպէս քրիստոնեայ, մինչեւ քեզ չսրբես անարգալից թուղթը գրելու յանցանքից»: Սուրբը պատասխանեց. «Թող Աստուած ինձ դատի, եթէ ճշմարիտը չասացի»: Դատաւորը շարունակում էր ստիպել՝ ասելով. «Եթէ այդպէս է, ապա յանդիմանի՛ր Սեւերիանոսի ստախօսութիւնը»: Աթանագինէսը հեզութեամբ պատասխանեց. «Աշխարհիկ կրթութիւն ունենալով՝ կարծում ես, թէ մեծ իմաստութիւն ունես, բայց այս ամէնը չես կարողանում լիապէս քննել եւ գտնել պատճառը: Իսկ ես, որ պարզամիտ մարդ եմ՝ հեռու հնարագիտութիւնից, ինչպէ՞ս կարող եմ իմանալ նրա խորհուրդները»: Դատաւորն ասաց. «Գոնէ հրաժարուի՛ր քո նախկին մոլորութիւնից եւ կատարի՛ր թագաւորական հրամանները»: Սուրբն ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ»: Դատաւորն ասաց. «Այն, ինչ որ երկնքից աւանդուեց ինքնակալներին»: Սուրբը հարցրեց. «Իսկ ի՞նչ է աւանդուել նրանց երկնքից»: Ագրիկողայոսն ասաց. «Որ քրիստոնեաները չարաչար կորստեան մատնուեն ու ոչ մի տեղ նրանք չերեւան»: Այնժամ սուրբ Աթանագինէսն ասաց. «Ես քրիստոնեայ եմ ծնուել, ապրել եմ որպէս քրիստոնեայ եւ կը մեռնեմ իբրեւ քրիստոնեայ: Կատարի՛ր քո թագաւորի հրամանը»: Դատաւորն ասաց. «Ես չասացի, թէ պիտի մեռնես, այլ ապրի՛ր՝ թողնելով մոլորութիւններդ»: Սուրբն ասաց. «Արդէն վաթսուն տարի է՝ աւել կամ պակաս, որ քրիստոնեայ եմ եւ քսան տարի է, ինչ եպիսկոպոս եմ: Ուստի ուրիշ բան լինել չեմ յօժարում, այլ միայն մեռնել որպէս քրիստոնեայ»: Դատաւորն ասաց. «Քանի դեռ այդ դատապարտութեան տակ ես, չե՛ս մեռնի որպէս քրիստոնեայ»: Սուրբը պատասխանեց. «Նա, Ով տեսնում է ծածուկները, գիտի՛, որ զուր ստաբանում էք ինձնից: Արդ, մի՛ խաբուէք սնոտի խորհուրդներով, թէ վախենալով այդ կեղծիքից՝ ես կը հեռանամ իմ Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ ունեցած սուրբ հաւատից: Ես կը մնամ այսպէս, կը մեռնեմ Նրա սուրբ անուան համար ու կը ժառանգեմ ի սկզբանէ պատրաստուած Արքայութիւնը»: Ագրիկողայոսն ասաց. «Մի՞թէ չես հնազանդուի թագաւորական հրամաններին եւ չես հպատակուի մեր կրօնի բարեկարգ օրէնքներին»: Աթանագինէս եպիսկոպոսը պատասխանեց. «Ես չեմ ճանաչում անօրէն օրէնքները ու նրանցով առաջնորդուող թագաւորներին, իսկ աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, կը կորչեն երկնքի ներքոյ»: Այնժամ բռնաւորն ասաց. «Եւ ինչ էին անարգալից այդ թղթում քո գրածները, եթէ ոչ այն խօսքերը, որոնք քո բերանով այժմ ասացիր»: Սուրբը պատասխանեց. «Չգիտեմ, թէ այնտեղ ինչեր են գրուած, սակայն Աստուծոյ հանդէպ իմ ճշմարիտ սիրոյ համար անձիս պատասխանները սրանք էին, որ լսեցիր: Ես կը մեռնեմ դրանցով, իսկ դու աւել մի՛ չարչարուիր»:
Անօրէն Ագրիկողայոսը, որ սուրբի արեան ծարաւն ունէր, այսքան երկար հարցաքննութիւնից յետոյ տեսնելով, որ նա անդրդուելի է, շտապեց աւարտին հասցնել գործը եւ կեղծ պատճառաբանութեամբ սուրբի համար վճիռ արձակեց՝ ասելով. «Աթանագինէս եպիսկոպոսը ձեռագիր կերպով հայհոյեց աստուածներին, թագաւորներին եւ մեզ բոլորիս ու գրեց այնպիսի խօսքեր, որոնք արժան չէ լսել: Նոյն բանը, թէ՝ դա Աթանագինէսն է գրել, տանջանքների մատնուելուց յետոյ խոստովանեց ու մինչեւ վերջ պնդեց Սեւերիանոսը: Ուստի, իմացէ՛ք բոլորդ, որ ինձ հաճոյ է՝ կենդանի այրել նրան»: Անօրէն բռնաւորն այս դատավճիռը նախ բերանացի ասաց եւ ապա, ինչպէս սովորութիւնն էր, ի լուր ամէնքի՝ ընթերցեց մագաղաթից: Իսկ ատեանի սպասաւորները, գործը խօսքից առաջ կատարելով, կրակ վառեցին այնտեղ, որտեղ նահատակուել էր Սեբաստիայի սուրբ Պետրոս եպիսկոպոսը՝ սուրբ Աթանագինէսի բարեկամը, եւ ուր յետագայում փոքր աղօթատուն կառուցուեց: Եւ երբ բորբոքեցին հուրը ու պատրաստեցին ամէն բան, մօտեցրին սուրբին: Դահիճներից նա խնդրեց մի փոքր սպասել, ապա սկսեց մեծ գոհութեամբ աղօթել առ Աստուած ու շատ խնդրանքներ հայցեց, որոնց կատարումը երեւաց նրա սուրբ նշխարների վրայ:
Մինչ երանելին աղօթում էր, մօտեցաւ Եւսեբիա անունով մի հեթանոս, մեծահարուստ ու ազնուական կին, որից ակնածում էին ատեանի սպասաւորները: Նա հառաչանքներով ընկաւ սուրբի առաջ եւ ասաց. «Սո՛ւրբդ Աստուծոյ, աղօթի՛ր ինձ համար, որ թեթեւանան իմ մեղքերը»: Իսկ սուրբ եպիսկոպոսը քաղցրութեամբ ասաց նրան. «Սուրբ սրտով հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին, արա՛, ինչ որ կը պատուիրեմ քեզ, եւ կը կատարուեն քո խնդրանքները ամէնքի Տիրոջից: Արդ, իմ ամբողջ մարմինը կը հասցնես Փիլաքթովէի ագարակը եւ կը դնես այն տանը, որն իմ քրտինքով շինեցի սուրբերի հանգստեան համար, որոնց անուններն են Թէոփրատոս, Մաքսիմիոս, Պատրոփիլոս, Հիսիքոս եւ Կղէոնիկոս: Տո՛ւր, որ այնտեղ դնեն նաեւ իմ մարմինը»: Եւ կինը, յօժարութեամբ ընդունելով պատուէրը, ողջոյն տուեց սուրբին:
Ապա զինուորները երանելի Աթանագինէսին մօտեցրին նահատակութեան վայրին, իսկ նա մեծ ուրախութեամբ կնքեց իրեն Քրիստոսի նշանով, մտաւ հրի մէջ եւ իսկոյն հոգին աւանդեց Տիրոջ ձեռքը: Այնժամ Եւսեբիան գնաց Ագրիկողայոս դատաւորի մօտ ու խնդրեց սուրբ վկայի մարմինը, եւ նա, ի պատիւ ազնուական կնոջ, բազմութիւնից գաղտնի շնորհեց այն: Վերցնելով սուրբի մարմինը՝ Եւսեբիան պատեց ընտիր պատանքներով՝ խունկերով եւ անուշահոտ իւղերով հանդերձ ու դնելով կառքին՝ հաւատարիմ ծառայի ձեռքով տարաւ Փիլաքթովէի նշեալ հանգստարանը ու պատուիրեց դնել հինգ սուրբ վկաների հետ:
Արդ, սուրբ Աթանագինէս եպիսկոպոսի նահատակութիւնը եղաւ յուլիս ամսին, Տիրոջ 285 կամ 290 թուականին: Իսկ տասը կամ տասնհինգ տարի անց, այսինքն Տիրոջ 302 թուականին, երբ սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եկաւ Կեսարիա՝ ձեռնադրուելու, սուրբ Ղեոնդիոսից խնդրեց ու այլ սուրբերի նշխարների հետ առաւ նաեւ սուրբ Աթանագինէսի մարմինը, որն իր կնոջ՝ Մարիամի եղբայրն էր ու տարաւ Հայաստան, քանզի սուրբի հանգստեան վայրը՝ Փիլաքթովէն, Կեսարիայի պատրիարքի իշխանութեան տակ էր, որը հեռու չէր Սեբաստիայից: Բայց արդեօք նրա մասունքները մնացին Փիլաքթովէում, քանզի սուրբի տապանը, ինչպէս առաջ, նոյնպէս էլ յետոյ, չէր դադարում հրաշագործել հաւատով իրեն դիմողների վրայ: Կեսարիայի բոլոր կողմերում եւ Սեբաստիա քաղաքում քարոզւում էին սուրբ Աթանագինէսի անունը եւ նրա գործերի պտուղները թէ՛ նրա կենդանութեան ժամանակ եւ թէ՛ մահից յետոյ, որը այսօրինակ վերջաբանով գրում է մեր ճառընտիրների հին վկայագիրը՝ օգտուելով ժամանակակից Հիլարիոնից եւ ականատես վկայաբանից: «Բայց պէտք չէ, — ասում է նա, — զանց առնել Տիրոջից ստացած երանելու շնորհը, որը խնդրեց իրեն հրայրեցութեան ճանապարհող մտերիմների առաջ: Նախ խնդրեց փրկութիւն կնոջ համար, որը պաղատել էր իրեն, եւ ապա խնդրեց աւելի մեծը, քանզի Եւսեբիայի բարեպաշտութիւնը սուրբ նահատակին չթողեց առանց շնորհակալութեան, այլ ըստ իր խոստման՝ տեսիլքի մէջ մօտեցաւ նրան ու ասաց. “Նախ եւ առաջ իմ մաղթանքներով մարդասէր Քրիստոսին աղաչեցի քեզ համար, եւ Տիրոջից ինձ տրուեցին խնդրանքներս. ներուեցին քո մեղքերը՝ իմ խօսքին անկեղծութեամբ հաւատալու եւ ինձ ամփոփելու համար”: Այդ պատճառով կինն իր կեանքի ամբողջ ընթացքում ամէն տարի նիւրատւութիւններով, խունկերով եւ անուշահոտ իւղերով գալիս էր այդ սրբատեղին, արժանի պատիւ հատուցում ու շատերին հաստատում մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատի մէջ:
Երբ մի անգամ Աթանագինէսը գտնւում էր թաքստոցում, որ գտնւում էր վէմի տակ, որից աղբիւր էր բխեցրել, նիրհեց ու քուն մտաւ: Նրան թուաց, թէ երազ է տեսնում. իբրեւ թէ իրեն տանում են իշխանի մօտ՝ ճաշակելու զոհի մսից: Արթնացաւ՝ խռովքի մատնուած: Ծնրադրած աղօթեց ամբողջ սրտով՝ երազը ի բարին դարձնելու համար, որն իսկ եղաւ: Նա իր նահատակութեան ժամին յիշեց այս բանը ու խնդրեց անուրջներից զարհուրած բոլոր մարդկանց համար եւ ըստ այդմ՝ ովքեր խռովքի մատնող երազներ էին տեսնում եւ բարեխօսութեան համար խնդրում էին սուրբ Աթանագինէսին, ազատւում էին նեղութիւններից ու դէպի բարին փոխւում»:
Ասում է նաեւ, թէ քանի որ սուրբի յիշատակը կատարւում է յուլիս ամսին, երբ սաստիկ տօթ է լինում, գաւառի բնակիչները խնդրում են նրա բարեխօսութիւնը՝ ընդդէմ եղանակի նեղութիւնների, երաշտի եւ ճանճերի բազմութեան եւ նրա յիշատակի օրն ազատւում են բոլոր նեղութիւններից: Սուրբի բարեխօսութեամբ կատարւում են ուխտաւորների բոլոր խնդրանքները:
Սագուպինէում եւ շրջակայ գաւառներում մինչ այսօր պահում են նրա պատուէրներն ու սահմանած կարգերը: Նա զանազան օրէնքներ սահմանեց Սագուպինէի եկեղեցում եւ Սեբաստիա քաղաքի խորհրդակիցների համար: Օրհնելով բոլորին՝ յանձնարարեց նրանց իր որդուն՝ Պատրոփիլոսին նստեցնել քորեպիսկոպոսութեան աթոռին, որին իսկ նա արժանի եղաւ ամէն ժամ պայծառ պահելու եկեղեցիները, եւ սուրբ տունը, որ կար Փիլաքթովէում, յանձնեց նրան:
Իսկ առաքինի եւ աստուածասէր ոմն Հիլարիոնը, որն այնժամ գլխաւոր խորհրդականն էր ու մեծափառ եւ պատուական Հիպաքոսի որդին, ուսումնասիրելով ծանօթացաւ սուրբ Աթանագինէսի վարքին ու վկայութեամբ նահատակութեանը եւ խնամքով ժողովելով՝ ճշմարտապէս դրոշմեց այս պատմութիւնը: Այս նոյն Հիլարիոնը երանելի Աթանագինէսի կենդանութեան օրօք խնդրել էր նրան հինգ օրհնութիւններից գլխաւոր մէկը, որը գրել էր սուրբը եւ որը մինչ օրս պաշտում են Հիլարիոնի որդիներն ու ընտանիքը՝ սովորելով միմեանցից երանելի վկայի արդարութեան յիշատակի համար:
Սուրբ Աթանագինէս եպիսկոպոսը նահատակուեց հրով՝ մարտիրոսական պսակով, բարի խոստովանութեամբ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ուղղափառ հաւատով, Որին վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարուայ մէջ նրան յիշատակում է երկու անգամ. առաջինը Յարութեան սուրբ Կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը՝ սուրբ Յովհաննէս Մկրտչի հետ միասին, յիշատակելով նրա մասունքների բերուելը Հայաստան, միւսը՝ Վարդավառի երկրորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ իր տասը աշակերտներով, որը համապատասխանում է յուլիսի տասնվեցին:
[1] Բարբարոս — այլազգի, վայրենի, խուժդուժ:
[2] Սաղմ. Ե 7:
Աղբյուր՝shavigh.am/