«Արյուն է եղել աշխարհում: — Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարի 19 — ին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով:
Մեծարենցը գրել է 1901 թ-ից: 1903 թ-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:
Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.
…Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ…
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել է միայն գեղեցիկը, մարդու և բնության կապը, աշխատանքով ստեղծվածի գրավչությունը («Այգային», «Տապի նոպաներ», «Անձրև», «Ջրտուք» և այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը («Այգերգ», «Ջուրեն դարձին», «Անդարձը» և այլն).
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար…
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)
Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը տալ մարդկանց, համակել նրանց կենսասիրությամբ («Տո՛ւր ինձի, Տե՛ր…», «Իրիկունը», «Հովը», «Հյուղը» և այլն):
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների, մի քանի գրաքննադատական հոդվածների («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:
«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց
Ֆիլմը պատրաստվել է Երկիր Մեդիա հեռուստատեսության կողմից: