Եսայի 7.1-9
1 Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն: 2 Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից: 3 Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4 եւ ասա՛ նրան. “Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ: Արամի որդին եւ Ռոմելայի որդին 5 քո դէմ չար խորհուրդ խորհեցին: Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին. 6 “Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն”: 7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու. 8 քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը: Եւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի: 9 Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ”»:
Ա Կորնթացիներ 13.11-14.5
13.11 Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի: 12 Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմ առ դէմ: Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ, ինչպէս որ նա ճանաչեց ինձ: 13 Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր՝ սրանք երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է:
14.1 Սիրոյ հետամուտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդիր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ՝ մարգարէութիւն անելու. 2 որովհետեւ ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծոյ հետ. քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն, բայց նա Հոգով արտայայտում է խորհուրդներ: 3 Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք: 4 Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցին: 5 Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ:
Ավ. ըստ Մարկոսի 2.1-12
1 Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. 2 եւ շատերը հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծոյ խօսքը: 3 Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: 4 Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը՝ իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը: 5 Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»: 6 Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. 7 «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»: 8 Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում. 9 ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասել՝ քո մեղքերը քեզ ներուա՞ծ են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը: 10 Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը,– ասաց նա անդամալոյծին,– 11 քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 12 Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»: